Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը որոշ «մանրուքներ» և իրողություններ, իր ղեկավարին նմանակելով, «մոռանում» է. «Փաստ»

Նոյեմբեր 04,2023 09:45

Հատկապես վերջին շրջանում անհնար է չնկատել Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների գերագրեսիվ պահվածքը, անզուսպ վերբալ ագրեսիան ընդդիմադիրների ու, ի դեմս նրանց, «ոչ իշխանական հանրության» նկատմամբ: Ի դեպ, «փակագծերում» հիշեցնենք, որ օրերս մենք տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն իր ՔՊ-ականներին և հատկապես «բարձրաստիճան» ՔՊ-ականներին «պատեպատ է տվել»՝ պարտադրելով, որ նրանք ակտիվանան հանրային հարթակներում, անեծքի, հայհոյանքի, քննադատության ու թուքումուրի դոզան մի քիչ էլ իրենց վրա «քաշեն»: Սա՝ ընդհանուր առմամբ:

Ինչ վերաբերում է մասնավոր դեպքերին, ապա երեկ նման դրսևորման ևս մեկ, կարելի է ասել՝ թարմ նմուշ մատուցեց Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Առիթն ընդդիմադիր պատգամավորներից մեկի դիտարկումներն էին փաշինյանական իշխանության շրջանում Հայաստանի տարածքային կորուստների, ինքնիշխանության շարունակական անկման վերաբերյալ: Արարատ Միրզոյանը սկսեց հակառակի մասին խոսել՝ մեղադրելով… «նախկիններին»՝ ինքնիշխանության աստիճանի անկման մեջ, ապա սկսեց մուննաթ գալ, թե՝ «կամ ասում եք՝ ի՞նչ պայմանավորվածություններ եք ձեռք բերել, որ անվտանգություն լինի: Կրկին հեգնանքով: Մթոմ ձեր ձեռք բերած, ֆիզիկապես բերած, կանգնեցրած պայմանավորվածություններն աշխատեցի՞ն: Մի գրամ չաշխատեցին:

… Բոլոր այն մեխանիզմները, որոնք ձեր օրոք գծվել են և ձեր կողմից փայփայվում ու քարոզվում են, չաշխատեցին»: Խոսքը, հասկանալի է, ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի հետ համագործակցության մեխանիզմների մասին է: Դե ինչ, եթե Արարատ Միրզոյանին դա այդքան դուր է գալիս, ապա չենք զլանա նրան հիշեցնել որոշ «մանրուքներ» և իրողություններ, որոնք նա, իր ղեկավարին նմանակելով, «մոռանում» է, ի լրումն, միտումնավոր խախտում պատճառահետևանքային կապը:

Առաջին. Արարատ Միրզոյանին հիշեցնենք, որ 2018 թ. ապրիլին Հայաստանում տեղի է ունեցել գունավոր «հեղափոխություն», այսպես ասած՝ «թավշյա», որի հետևանքով, առնվազն ՀՀ ռազմավարական դաշնակից-գործընկերների համոզմամբ, իշխանության են եկել արևմտամետ ուժեր: Դա արդեն իսկ որոշակի հարված էր ՀՀ եղած անվտանգության կառուցվածքին: Դաժան իրողությունն այն է, որ Հայաստանի ինքնիշխանության կորուստը տեղի ունեցավ հենց 2018-ի մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը ու իրենց «թիմը» պաշտոնապես դարձան ՀՀ իշխանություն:

Երկրորդ. հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը բարձրաստիճան ներկայացուցիչն է այդ «թավշյա» նորիշխանությունների, որոնք, օրինակ՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայտարարեցին, որ սկսելու են իրենց կետից կամ «զրոյական կետից»:

Երրորդ. Արարատ Միրզոյանի ներկայացրած իշխանությունը անմիջապես սկսեց վարել հակառուսական քաղաքականություն, քրեական հետապնդում նախաձեռնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ:

Չորրորդ. Արարատ Միրզոյանի ներկայացրած իշխանությունը բանակցային գործընթացը միտումնավոր մտցրեց փակուղի, լեգիտիմացրեց ադրբեջանա-թուրքական տանդեմի՝ ռազմական ագրեսիայի դիմելու նկրտումները, նախքան այդ արեց քայլեր, որոնք նպատակաուղղված էին ինչպես Չինաստանի, այնպես էլ Իրանի հետ ՀՀ ունեցած հարաբերությունները փչացնելուն:

Հինգերորդ. պատերազմի ընթացքում, այնուամենայինիվ, Ռուսաստանը ապահովեց որոշակի ռազմատեխնիկական օժանդակություն, բայց ամենից կարևորը՝ Արարատ Միրզոյանի ղեկավարը մերժեց պատերազմը համեմատաբար ավելի նպաստավոր դիրքում դադարեցնելու առաջարկը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930