Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քննիչի ուղղորդումից հետո է տրվել Բազեյանի անունը». պաշտպան

Նոյեմբեր 04,2023 13:30

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Երեւանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախագահի նախկին տեղակալ, «Երկրապահ» պատգամավորական խմբի ղեկավար, ազատամարտիկ Ալբերտ Բազեյանի խափանման միջոցի հարցով պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքը մերժել է, նրա պաշտպանյալը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ: Համահայկական միացյալ դաշինքի նախաձեռնող խմբի անդամ Ա. Բազեյանը կալանքի տակ է սեպտեմբերի 29-ից (Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Մարտին Արզումանյանը բավարարել էր միջնորդությունն ամբողջությամբ):

Գեորգի Մելիքյանը

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ազգային անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 23-ի երեկոյան 18:00-ից սկսեց խուզարկություն Ալբերտ Բազեյանի տանը:

ԱԱԾ-ն սեպտեմբերի 24-ին տարածեց հաղորդագրություն, համաձայն որի՝ Ալբերտ Բազեյանը եւ «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության 7 անդամներ, ինչպես նաեւ այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին: Քրեական վարույթի շրջանակներում ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքով ձերբակալվել են հանցավոր խմբի ութ անդամներ, ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ:

Պաշտպան Գեորգի Մելիքյանը երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ Ալբերտ Բազեյանին ձերբակալել են սեպտեմբերի 23-ին, իր տանը: Դատարանի որոշմամբ մտել են նրա տուն, խուզարկություն իրականացրել, հայտնաբերվել է բացառապես օրինական ճանապարհով եղած զենքը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողմից տրված: Նրան ներկայացվել է մեղադրանք, մինչ օրս նա անազատության մեջ է:

«Ի սկզբանե ներկայացրել ենք մեր դիրքորոշումը: Ալբերտ Բազեյանը տվել է ցուցմունք: Այն անձանց շրջանակը, որը ներկայացվել է, Բազեյանը չի ճանաչում, իր ցուցմունքում ասել էր, որ միայն մեկ հոգու է ճանաչում: Այս տարվա օգոստոսի 7-ի ժողովով հանել են կազմակերպությունից, օգոստոսի 9-ին վերջին հանդիպումն է եղել, ինքն է ասել, որ չհաճախի կազմակերպություն: Միայն դրան է ճանաչել:

Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ չեմ հրապարակում անունը»,-ասաց պաշտպանը:

Ըստ Գ. Մելիքյանի՝ Բազեյանն իր դեմ ցուցմունք տված այդ մեկ անձի հետ ընդհանրապես առնչություն չունի: Նա էլ էր իր ցուցմունքում ասել, որ չի ճանաչում, չի տեսել Բազեյանին, այլ լսել է, թե՝ «Բազեյանն է կազմակերպել», առկա չէ ապացույց: Այսինքն, մի անձի, ում սկզբնաղբյուր լինելը չի հաստատվում, թե Բազեյանը կապ ունի, օդի մեջ եղած ցուցմունքի հիման վրա վերցրել, կալանավորել են:

Հասարակական կազմակերպություններն ունեն ժողովների հրավիրման կարգ, կանոնադրություն, արձանագրություններ, ֆիքսված ժամանակահատված, ժողովներ հրավիրելու, արդյոք, դրանք՝ ապացույցները, փաստաթղթերը կալանքը ընտրելու միջնորդության ժամանակ ներկայացվե՞լ են փակ նիստին հարցին՝ պաշտպանը պատասխանեց. «Մենք միջնորդություն ենք ներկայացրել վարույթ իրականցնող մարմնին, որպեսզի, անկախ այս ամենից, արվեն առերեսումներ, թեեւ առերեսումները որեւէ բան չեն փոխելու: Մենք ցանկացել ենք, որ Բազեյանն առերեսվի հատկապես այն անձի հետ, ով նրա դեմ միակ ցուցմունք տված անձն է, հետաքրքիր է իմանալ, ինչ նկատառումից ելնելով, ինչու է հենց ինքը Բազեյանին կապում այդ խմբի հետ…»:

ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում էր, թե Բազեյանը խմբավորում է կազմել, որ սեպտեմբերի 22-ին հեղաշրջման փորձ անեին: «Անհասկանալի է, ինչպես պետք է մուտք գործեին պատնեշավորված ոստիկաններով շրջափակված կառավարության շենք, Փաշինյանին ֆիզիկապես ոչնչացնեին: Բազեյանի դեմ ցուցմունք տված անձի ցուցմունքում չկա զենք-զինամթերքի մասին: Այդ մարդու ցուցմունքում կա, որ իրեն ասել են՝ «գնա ռացիա վերցրու, տար, ստեղ դիր», այսինքն, կապի միջոցի մասին է խոսքը… Մեր տրամադրության տակ է, թե տեսագրությունը, թե համառոտագրված ցուցմունքը: Նման ցուցմունք նա չի տվել:

Այդ ցուցմունքը քննիչի կողմից ուղղորդված է, քննիչի ուղղորդումից հետո է տրվել Բազեյանի անունը: Ցուցմունքում երեւում է, որ չի տալիս Բազեյանի անունը: Ակնհայտ է՝ փորձում են կապել Բազեյանին այդ դեպքի հետ, որն անհաջող փորձ է»,-ասում է Գ. Մելիքյանը:

Նա տեղեկացնում է, որ պահանջել են օգոստոսի 9-ից հետո ընկած ժամանակահատվածից հետո Բազեյանի հեռախոսի զննությամբ, լոկացիայով՝ տեղայնությամբ, կոնտակտային տվյալներով պարզեն, հասանելի կապ եղե՞լ է, զանգեր կայի՞ն, եթե իրար հետ կապ չեն ունեցել, ապա որն է Բազեյանին թիրախավորման, «հեքիաթային» իրադրություն սկսելու պատճառը:

«Լավ, ընդունենք, սեպտեմբերի 22-ին իբր հարձակումը պիտի լիներ, մի քանի հոգուն բռնեցիք, պայմանական, բա մնացածները, խմբավորումն ո՞ւր է, կա՞ այդ օրը արձանագրված, գրանցված դեպք, թե կառավարության շենքի վրա հարձակում է եղել: Դա սուտ է, անհաջող գեղարվեստական սցենար է, որը քննությունը կպարզի: Վստահեցնում եմ՝ այդ «հեքիաթային» իրադրության մեջ Բազեյանը չկա»,-ասում է պաշտպանը:

Վերջինի համար համոզեցուցիչ չէ. «Բա եթե սեպտեմբերի 22-ին հեղաշրջման փորձ էր արվում, գայիք, բռնեիք, թողնում են 22-ին, մարդը նստած տան մեջ գալիս հաջորդ օրն են բռնում, պարզ է, չէ, որ թիրախավորված է: Բազեյանն իրեն քաղաքական հետապնդման զոհ է համարում…»:

Հիշեցնեմ, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված էր նաեւ. «Դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ, այդկերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել եւ խափանվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից»:

Պաշտպանն ասում է, որ իրենք միշտ «բաց են խաղացել», պաշտպանական մարտավարություն չեն որդեգրել, թե այ դուք, եթե չեք կարողանում ապացուցել, մեր օգտին կլինի չփարատված կասկածը… Պաշտպանական կողմը դիմել է դատարան, ակնկալելով, որ հեռախոսային վերծանումներն առնվազն հիմա հանած պիտի լինեին, տեղայնացումները պարզելու համար:

Պաշտպանը հարցում է կատարել նույն օրը տվյալ անձանց մասին Բազեյանի կազմակերպությանը, ստացել են տեղեկանք: Պաշտոնապես տեղեկանքով պատասխանել են, որ նման տվյալներով այդ անձինք կազմակերպության անդամ չեն հանդիսանում, չեն գրանցվել, առհասարակ ժողովին չեն մասնակցել, չէին էլ կարող մասնակցել: Նրանք էլ են, ի դեպ, ընդունում, որ չեն մասնակցել. «Այդ անձը, ով ցուցմունք էր տվել, ժամանակը վերաբերում է օգոստոսի 9-ից հետոյին: Իբր ժողովներ էին կազմակերպել… Մեղադրանքի փաստական հանգամանքը վերաբերում էր սեպտեմբերին, նաեւ այդ անձի ցուցմունքի հիման վրա, նույնիսկ այդ ամսին բացարձակ կապ չի եղել, հանդիպում չի եղել»:

Հարցիս, թե արդյոք կալանավորված Բազեյանի նկատմամբ սահմանափակումները պահպանվո՞ւմ են արտաքին աշխարհի հետ կապված, պաշտպանը պատասխանեց. «Նրա նկատմամբ կիրառվում են բոլոր տեսակի սահմանափակումները, արտաքին աշխարհի հետ կապը սահմանափակված է, նույնիսկ ընտանիքի անդամների հետ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930