Սահմանադրական դատարան դիմած Լուսինե Հակոբյանի դիտարկմամբ, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, որոշակի գնացուցակ սահմանելով, ձեւավորել է ուղենիշ ինչպես փաստաբանների, այնպես էլ դատարանների եւ այլոց համար, որպեսզի վերջիններս, իրենց կատարած աշխատանքի բարդությունից եւ ծավալից ելնելով, կարողանան գնահատել տվյալ աշխատանքի գինը՝ Սահմանադրությամբ իրենց վերապահված անկախության եւ ինքնավարության սկզբունքների հիման վրա, ազատորեն մրցակցելով ազատ շուկայի պայմաններում:
Սեպտեմբերի 18-ին ՍԴ-ում մուտքագրվել էր Լ.Հակոբյանի դիմումը: Նա խնդրել էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 11-րդ եւ 64-րդ հոդվածներին հակասող եւ/կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածին հակասող, այնքանով, որքանով փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակը չի հանդիսանում նվազագույն երաշխավորված շեմ վարձատրությունը որոշելու հարցում:
Դիմողի պնդմամբ՝ փաստաբանական ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերը, առաջնորդվելով ուղենշային գնացուցակով, հենց այդ ծառայությունները մատուցած փաստաբանից ավելի լավ գնահատել որեւէ այլ մարմին պարզապես չի կարող: Ներկայացնելով թիվ ԵԴ/33328/02/20 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ դիմողը նշել էր, որ փաստաբանական ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը որոշելը դատարանին լիազորելը ոչ իրավաչափ է եւ հակասում է Սահմանադրության 64-րդ հոդվածին:
Երեկ հայտնի դարձավ, որ դատարանն աշխատակարգային որոշմամբ մերժել է դիմումը:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
03.11.2023