Այս անգամ՝ ոչ միայն շենքի, այլ նաեւ տարիքի
Հարցազրույց մնջախաղացներ, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի եւ թատրոնի հիմնադիր կազմի արտիստ Լեւոն Իվանյանի հետ
– Պարոնայք, 2024թ. մնջախաղի պրոֆեսիոնալ թատրոնի 50-ամյակն է, պետական կարգավիճակ ստանալու՝ 40։ Վերջին շրջանում, ընդ որում՝ թատրոնի մարդկանցից, մշտապես լսում ենք Հայաստանում մնջախաղի արվեստի հիմնադիրների մի քանի անուններ՝ Հենրիկ Պողոսյան, Արսեն Փոլադով, Լեոնիդ Ենգիբարյան… Մինչդեռ մնջախաղը հազարամյակների պատմություն ունի՝ սկսած Խորենացու վկայությունից «Նազենիկի» մասին։
Լեւոն Իվանյան. – Հարցին հստակ պատասխանեմ. Արսեն Փոլադովը Երեւանի պրոֆեսիոնալ մնջախաղի հիմնադիրն է։ Մինչ Փոլադովը գործել է Հենրիկ Պողոսյանի ոչ պրոֆեսիոնալ թատերախումբը։ Ես ինքս առաջին անգամ մնջախաղ եմ տեսել Երեւանի կրկեսում 1960-ական թթ. սկզբին՝ Լեոնիդ Ենգիբարյանի կատարմամբ։ Իսկ արդեն հետագայում ես առավել քան համոզվեցի, որ այն ոչ թե ինչպես ընդունված է ասել՝ կլոունադա էր, այլ կատարյալ մնջախաղ։ Հետեւաբար, իմ համոզմամբ՝ Հայաստանում ժամանակակից մնջախաղի հիմնադիրը Լեոնիդ Ենգիբարյանն է, ստույգ տարեթիվն էլ կարող եմ ասել՝ 1959թ.։ Հիմա պետք է, ի վերջո, շրջանառության մեջ դրվի այն փաստը, Խորենացու այն վկայությունը, որ մեր մնջախաղն ունի ավելի քան 2000 տարվա պատմություն։
Կարդացեք նաև
Ժիրայր Դադասյան.- Ես էլ պատասխանեմ թատրոնի պաշտոնական էջում տեղադրված տեքստով, այն է՝ մնջախաղի ավանդույթը Հայաստանում դարերի պատմություն ունի եւ գրավոր աղբյուրներում, եւ ձեռագիր մատյաններում։ Կարելի է հանդիպել մնջախաղի դերասանների՝ կատակների, վարձակների, գուսանների, հուշկապարիկների մասին բազմաթիվ վկայությունների։ Նոր ժամանակներում մնջախաղի արվեստի վերազարթոնքը մեր իրականության մեջ անշուշտ կապվում է անվանի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անվան հետ, իսկ որպես կոլեկտիվ բեմարվեստ՝ մնջախաղի թատրոնի ծննդյան ազդաղողանջը հնչել է 1969թ.։ Իմիջիայլոց, Հենրիկ Պողոսյանը հենց այդ տարի ստեղծեց «Տուշպա» թատերախումբը, որի հիմքի վրա էլ Փոլադովը հետագայում հիմնեց պրոֆեսիոնալ թատերախումբ։ Թույլ տվեք Լեւոնի խոսքին հավելեմ հետեւյալը. Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուա եւ Պանտագրյուել» հռչակավոր վեպում հայկական մնջախաղին վերաբերող մի հատված կա՝ երբ Հռոմի կայսեր Ներոնը հրավիրում է իր մոտ հայոց արքա Տրդատ Առաջինին ու մեծ պատիվ տալիս, հրաժեշտի խնջույքի ժամանակ վերջինս տեսնում է մի դերասանի, որը առանց խոսքի պատմություններ է ցուցադրում։ Ու երբ Ներոնը հարցնում է, թե բազմաթիվ նվերներից ու ընծաներից զատ, ուրիշ ի՞նչ կցանկանար նվեր ստանալ, Տրդատը պատասխանում է՝ նվիրիր ինձ այդ դերասանին, քանի որ իմ երկրում բազմաթիվ ազգեր են ապրում եւ կարիք չի լինի բոլորի համար թարգմանիչ պահել։
– Կներեք, բայց դարձյալ ստույգ հոբելյանական տարեթիվ չնշվեց։
Լ. Ի.– Հիմա ոչ հստակ պատասխանեմ։ Իհարկե, պետք է նշվի մնջախաղի պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադրման 50-ամյակը, բայց դրանով ընդամենը կնշվի պետական մնջախաղի թատրոնի 40-ամյակը։ Տեսեք՝ նշում ենք նաեւ մնջախաղի առաջին թատերախմբի 55-ամյակը։ Բայց իմ համոզմամբ՝ պետք է նշել Հայաստանի ժամանակակից մնջախաղի հիմնադրման 65-ամյակը՝ ի դեմս հանճարեղ Լեոնիդ Ենգիբարյանի։
Ժ. Դ.– Ես հստակ պատասխանեմ. 2024թ. պատրաստվում ենք նշել մեր թատրոնի 50-ամյակը։ Ի դեպ, ընթացիկ տարվա ամռանը ԿԳՄՍ նախարարություն ենք ուղարկել հոբելյանական տարվա մեր նախատեսած միջոցառումների ցանկը եւ հուսանք, որ այն կիրականացվի։
– Պարոնայք, եկեք մի փաստ արձանագրենք. աշխարհում չի գտնվի մի պետական թատրոն, այն էլ կեսդարյա պատմություն ունեցող, որը, ուղիղ ասած՝ տուն չունենա։
Լ. Ի.– Ես՝ համամիտ լինելով հարցին կամ դիտարկմանը, որպես մնջախաղի թատրոնի գործունեությանը քաջատեղյակ անձնավորություն (Լեւոն Իվանյանը ի պաշտոնե թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ է- Ս. Դ.), վստահորեն կարող եմ բարձրաձայնել, որ զարմացած ու իսկապես հիացած եմ, որ առանց սեփական տանիք ունենալու, թատրոնը մշտապես իրականացնում է բարձրակարգ գեղարվեստական գործունեություն։ Մի հետաքրքիր փաստի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել. Ժիրայրն ամենաերկարակյաց մնջախաղացն է եւ ամենաերկարակյացը որպես գեղարվեստական ղեկավար։ Մի հոբելյանի մասին էլ եմ ուզում բարձրաձայնել. 2024թ. Ժիրայրի ծննդյան 60-ամյակն է եւ ստեղծագործական գործունեության՝ 45։
Ժ. Դ.– Ես առնվազն գիտեմ մի թատրոն եւս, որն ունեցել է նմանատիպ պատմություն. դա իտալական «Պիկոլո» թատրոնն է, որի ղեկավարն էր հանրահայտ Ջորջո Սթրելլերը։ Տասնամյակներ շարունակ չունենալով շենք, թատրոնը փայլուն ներկայացումներ է խաղացել եւ վերջապես շուրջ կես դար անց Միլանի քաղաքապետարանը թատրոնի համար շենք կառուցեց։ Բայց, ցավոք, բացումից մեկ շաբաթ առաջ Սթրելլերը կնքեց իր մահկանացուն։ Հույս ունենք, որ մեր շենքի շինարարությունը ի վերջո կավարտվի եւ կխուսափենք Սթրելլերի ճակատագրից։ Հիշեցնեմ կամ տեղեկացնեմ, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին ԿԳՄՍ նախարարը կառավարության նիստում հայտարարեց, որ մեր թատրոնի շինարարությունը կավարտվի մինչեւ տարեվերջ։ Իսկ ես հավատում եմ նախարարի խոսքին։
Լ. Ի.– Շատ կուզեի, որ թատրոնի կեսդարյա հոբելյանը, հոբելյանական միջոցառումները նշվեն մնջախաղի պետական թատրոնի սեփական հարկի տակ, թեեւ…
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
03.11.2023