Լրահոս
Օրվա լրահոսը

Պարելով խոսենք հայերեն

Նոյեմբեր 04,2023 12:00

Այսպես է կարծում պարուսույց, երաժիշտ, թմբկահար եւ պարող Մխիթար Հակոբյանը

«Մխիթարը հոգի չի խնայում, որպեսզի ոչ թե քայլ, շարժում սովորեցնի, այլ պարի միջոցով փոխանցի այն ոգին եւ հայեցի ինքնությունը, որ տասնամյակներ շարունակ մեզանից վանել ու հեռացրել են»,- իր աշակերտին այսպես է բնութագրում «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար  Գագիկ Գինոսյանը։

Ո՞նց ենք պարում։

Ոգո˜վ…

Ընկեր Մխիթարի ու երեխաների պարի դասն է. «Մեր պարերը սովորելիս իրենց մեջ ենթագիտակցորեն զարգանում են նաեւ շատ արժեքներ՝ հայրենասիրություն, հայրենատիրություն, ընկերասիրություն…»։ Պարուսույց, երաժիշտ, «Կարին»-ում թմբկահար, պարող Մխիթար Հակոբյանը հայրենի Մեղրաձորում վեց տարի զբաղվել է ժողովրդական պարերով։ «Հետագայում, երբ եկա Երեւան՝ Պոլիտեխնիկական համալսարանի վարժարանում սովորելու, երեք տարի կտրվեցի պարի աշխարհից։ Ես ինձ այդ ժամանակահատվածում չեմ հիշում»,-ասում է Մխիթարը: Համալսարանի՝ արդեն Մեխանիկամեքենագիտական ֆակուլտետի ուսանողի թե՛ կյանքում, թե՛ կերպարում ամեն ինչ փոխվեց առաջին անգամ ավանդական պարը ճանաչելուց,  նրա մոգական ուժն ու ոգին զգալուց հետո. «Ներսդ ամբողջովին լցվում է անսահման մեծ մի էներգիայով, որի պակասն ունեիր»։
Մխիթարի հիմնադրած, արդեն 6-ամյա «Հարք» խմբի մասնակիցները եւս նշում են ավանդական պարի կենսատու ուժի մասին։ Պարուսույցը բացատրում է. «Մեր պարերը պատահականորեն չեն ստեղծված։ Դրանք յուրահատուկ էներգիայի աղբյուր են, որ կարող է լիացնել ու վերափոխել մարդուն, ուժ ու զորություն, խաղաղություն ու ներդաշնակություն պարգեւել։  Ավանդական պարերի ժամանակ՝ շրջան կազմելիս, ամբողջ խումբը ձուլվում, դառնում է մի մարմին. դու անգամ փակ աչքերով զգում ես դեմքիդ հպվող, քո միջով փոխանցվող  այդ միասնականության էներգիան»։

Ե՛վ պարը, ե՛ւ թմբուկ նվագելն օգնել են նորովի բացահայտել իր ներաշխարհը։ Երաժշտի խոսքով՝ պետք է նախ զգալ ավանդական մշակույթի ռիթմերը, սեփականը դարձնել՝ հետո զգացածը վերարտադրելու համար. «Էականը ոչ միայն պարելն է կամ պարզապես նվագելը, այլ այդ ամենի մեջ հոգի ու կյանք դնելը։ Դու հասնում ես ներդաշնակության, երբ քո պարը կամ նվագածը համապատասխանում են քո ապրումին։ Միայն այդ ժամանակ է քեզանից ճառագում էներգիան, որ նաեւ փոխանցվում է ներկաներին»։ Զգացումներն ու էներգիան հաղորդել ստացվում է պարը կամ մեղեդին խորապես, յուրաքանչյուր մկանով զգալու, լարված աշխատանքի ու անմնացորդ նվիրման արդյունքում։ «Այդ ժամանակ արդեն անկառավարելի են էմոցիաները. քո էությունն է՝ անկեղծ  ու անկաշկանդ»,-ասում է նա։

Գագիկ Գինոսյանի խոսքով՝ Մխիթարը եզակի կերպարներից է. «Հաճախ նվագելիս նաեւ պարում է, եւ երբեմն հանդիսատեսն ավելի շատ Մխիթարին է ուշադրություն դարձնում, որովհետեւ ինքն առավել քան տարերքի մեջ է՝ այդպես նաեւ պարի եւ մեղեդու համաձուլվածքը մարմնավորելով։ Մխիթարը նաեւ կարողանում է  երաժշտախումբը բերել այն տրամադրությանն ու կատարողական մակարդակին, որ մեղեդին ճնշելու փոխարեն սպասարկում, բարձրացնում է պարը, օգնում նրա միջոցով հոգեւոր, ոգեղեն ասելիքը հանդիսատեսին փոխանցելու»։

Ավանդական մշակույթի հանդեպ սերն ու նվիրվածությունը «Կարին»-ից ստացած Մխիթարին նաեւ հաջողվել է իր զգացմունքներն ու հոբին փոխակերպել աշխատանքի. ակտիվորեն ներգրավված է խմբի բանահավաքչական եւ գիտական գործունեությունում, դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդելուց հետո այժմ ուսուցիչներին վերապատրաստող մասնագետ է։

«Պատասխանատու, համբերատար, հոգատար ու ջերմ»՝ Մխիթարին այսպես են բնութագրում թե՛ սաները, թե՛ իր ընկերները։ Մտերիմների խոսքով՝ բոլոր դժվարությունները, բոլոր ճանապարհներն անցել են պատվով, անցել են սիրով ու անցել են հեշտ, երբ միասին են եղել։ Այդ ճանապարհներից մեկին հետք է թողել նաեւ պատերազմը, երբ օր է եղել, ինչպես հիշում է Մխիթարը, վերարկուի աջ ձեռքն ինքն է հագել, ձախն՝ ընկերը, ու քնել են մեջք մեջքի տված, որ տաք լինի։

Մխիթարի խոսքով՝ միայն սրահում, բեմի վրա «ապրող» ռազմապարերն արդեն ուրիշ, իրական տեսք էին ստացել պատերազմի ժամանակ, եւ դրանց տված մարտական ոգին նույնչափ կարեւոր էր, որքան ռազմական գիտելիքները. «Յարխուշտայում, երբ հարվածելիս ձեռքերիդ մեջ ցավ ես զգում, կարեւոր է նախեւառաջ այն հոգեպես, քո ներսում հաղթահարելն ու դրան պատրաստ լինելը։ Երբ կոտրված են հոգեբանական բոլոր արգելքները, եւ դու անում ես քո կողմից հնարավոր ամենաուժեղը, արդեն անգամ ուժգին հարվածելիս այլեւս այն ցավը չես զգում, ինչը պիտի լիներ։ Պատերազմ գնալիս մարդը գիտակցում է, որ ամեն վայրկյան կարող է ավարտվել իր կյանքը։ Մարտական ոգի տվող Յարխուշտան, սակայն, օգնում է փշրել պատերազմ գնալու հոգեբանական արգելքը, քայլել հաստատուն ու վճռական՝ ցավի կամ մահվան մասին չմտածելով»։

Նրա խոսքով, այս պարը յուրատեսակ արժեք ունի նաեւ ընկերային հարաբերություններում. «Մենք ընկերների հետ շփման ընթացքում  տարբեր փուլեր ենք անցնում, Յարխուշտան մեկ այլ, առանձնահատուկ փուլ է՝ միմյանց ավելի լավ, արդեն ուրիշ մակարդակում ճանաչելու առումով. կյանքի իրական մի դրվագ, որ օգնում է հասկանալ, թե ընկերդ ինչպես կպահի իրեն ամենաէքստրեմալ պայմաններում, որտեղ կա ցավ, ոգու եւ կամքի դրսեւորում։ Ընկերոջդ հետ պարի միջոցով դու արդեն ձեռք ես բերում այն ներքին համոզումը, որ ունես մեկին, ով կողքիդ կլինի ցանկացած իրավիճակում, ինչպես մենք, իրար ճանաչելով, պատերազմի դաշտում գիտեինք, որ ամուր թիկունք ունենք»։

Ասում է՝ ավանդական մշակույթն ու (ռազմա)պարերը նաեւ մեկ այլ կարեւոր առաքելություն ունեն. մարդը մշակույթով է հզոր. «Կարող են անգամ ուժերն անհավասար լինել հակառակորդի հետ ու մահն աչքերի առջեւ, բայց մարտիկը ձիգ կանգնած լինի ոտքերի վրա՝ ամուր կառչած իր ինքնությանն ու արմատներին, պատրաստ պայքարելու ու ապրելու»։

Պայքարը,  սակայն, ոչ  միայն պատերազմի  դաշտում կամ սահմանին է։ Մխիթարն իր ասպարեզում կարեւորում է ազգային երգն ու պարը՝ որպես մշակույթի կարեւոր մի տարր, սերունդներին փոխանցելը։ Իր փոքրիկ սաների՝ Երեւանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում անցկացվող դասերին հաճախելու պատճառները նման են. սկզբում եկել են ծնողների կամքով, հարկադրաբար, սակայն ընկեր Մխիթարի «սրտանց», ոգեղեն պարը տեսնելիս այժմ իրենց այստեղ պահում են սերն ու հետաքրքրությունը՝ թե՛ ուսուցչի կերպարի, թե՛ պարերի հանդեպ։

«Կարող ենք շատ ազգերի պարեր իմանալ, սակայն կարեւոր է պահպանել մեր անհատականությունը, պարելով «խոսել» հայերեն». Մխիթարի խոսքով՝ ազգային երգն ու պարը կարող են նաեւ գործիք լինել յուրաքանչյուրի համար՝ իր ոլորտում, իր շրջապատում միասնականություն ձեւավորելու։

«Պարելիս շրջան են կազմում անհատներ՝ յուրովի խառնվածքով ու մտածելակերպով, բայց այստեղ արդեն պատասխանատու են իրենցով ստեղծված մեկ ամբողջության համար։ Յուրաքանչյուրի կատարած քայլը կարող է կա՛մ խաթարել այդ միասնությունը, կա՛մ ավելի կուռ դարձնել այն։ Այս ամենը ենթագիտակցորեն մղում է մտածել կողքինների մասին, արդյունքում՝ նաեւ սեր ու հարգանք  ձեւավորում միմյանց հանդեպ։  Շրջանը մեր ավանդական պարերի մեջ միասնականության խորհուրդներից մեկն է, նաեւ՝ պետականության, հայրենիքի միկրո պատկերը։ Սա նաեւ այն շրջանն է, որը մենք փոքր ժամանակ կազմել ենք երգելու, պարելու ընթացքում, կամ գնացել ենք գորգագործության ու տեսել, թե ոնց են առանձին-առանձին թելիկներով միասնականություն՝ հայրենիք ստեղծում։ Այդ թելիկներից մեկը յուրաքանչյուրս ենք»,-ընդգծում է Մխիթարը։

Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930