Լրահոս
Օրվա լրահոսը

Վասսիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը և փոխգործակցությունը ԵՄ տարբեր գործիքակազմերի միջոցով

Նոյեմբեր 03,2023 22:45

Նոյեմբերի 3-ին Երևանում կայացավ «ՀՀ ներքին գործերի նախարարության բարեփոխումների առաջընթաց. Ընթացիկ զարգացումներ և հեռանկարներ» խորագրով բարձրաստիճան հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Քննարկումը նպատակ ուներ միջազգային գործընկերներին ներկայացնելու Ներքին գործերի նախարարության ստեղծումից ի վեր իրականացված և նախատեսվող լայնածավալ բարեփոխումները, որոնք կյանքի են կոչվում նաև գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Բացման խոսքում Վահե Ղազարյանն ընդգծել է Ներքին գործերի նախարարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների միջև արդեն իսկ ձևավորված սերտ և հաջողված համագործակցությունը։

ՆԳ նախարարը նշել է, որ ստեղծման օրվանից ոլորտային բոլոր ուղղություններով Նախարարության բարեփոխումների տեսլականը բավական հավակնոտ է, և այս գործընթացում չափազանց կարևորել է առաջադեմ երկրների հմուտ փորձագետների մասնագիտական աջակցությունը, նրանց գնահատականները և առաջարկությունները, նոր գործիքների, մեթոդների ու լուծումների օգտագործումը՝ ինչպես ոլորտային հիմնախնդիրների վերհանման, այնպես էլ ռազմավարական փաստաթղթերի մշակման, դրանց իրականացման, ոլորտի առաջընթացի գնահատման և բարելավման գործընթացներում:

«Այս համատեքստում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր միջազգային գործընկերներին՝ ինչպես Նախարարության ստեղծմանը նախորդող, այնպես էլ վերջինիս կայացման ու զարգացման հաջորդող ժամանակահատվածներում ցուցաբերված և նախատեսվելիք շոշափելի աջակցության ու արդեն իսկ արձանագրված հաջողությունների համար։ Հատկապես անգնահատելի է իրականացվող բարեփոխումների սկզբունքայնությունը կիսելու և համատեղ ջանքերով վերջնական արդյունքի հասնելու փոխադարձ ձգտումը»,-նշել է Վահե Ղազարյանը։

Նախարարության անունից Վահե Ղազարյանը վերահաստատել է կարևորագույն նշանակություն ունեցող բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու պատրաստակամությունը և վստահեցրել, որ կարվի առավելագույնը՝ համատեղ ուժերով արձանագրված ձեռքբերումներն ամրապնդելու ուղղությամբ։

Բացման խոսքով է հանդես եկել նաև Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասսիլիս Մարագոսը։ Նա բարձր է գնահատել նմանօրինակ կոորդինացիոն հանդիպումների կազմակերպման նախաձեռնությունը։ Առանձնացնելով ԵՄ կողմից Նախարարությանը տրամադրված լայնածավալ աջակցության մի շարք ուղղություններ՝ Վասսիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը և փոխգործակցությունը ԵՄ տարբեր գործիքակազմերի միջոցով։

ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումները բարձր է գնահատել նաև Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Խոսելով նախարարության գործունեության մասին՝ նա ընդգծել է ԼՂ-ից հարյուր հազար փախստականների՝ դեպի Հայաստանի Հանրապետություն հոսքի ընթացքում նախարարության կատարած կարևոր աշխատանքը։ Վերջինս նաև առանձնացրել է հանցավորության դեմ պայքարի ոլորտում պարեկային ծառայության գրանցած դրական ցուցանիշները։

Ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա շնորհակալություն հայտնելով միջազգային բոլոր գործընկերներին աջակցության համար՝ հանգամանալից ներկայացրել է նախարարության կազմավորման գործընթացը։

Փոխնախարար Սարգսյանը, ընդգծելով նախարարության առավել թափանցիկ գործելաոճի ապահովման, նաև հանրությանը բարձրորակ ծառայություններ մատուցելու կարևորությունը, նշել է ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ գաղափարական փոփոխությունների կարևորությունն ու խոսել նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման, կադրերի կարողությունների, ինչպես նաև ներքին վերահսկողական մեխանիզմների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

Նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկաներին է ներկայացրել բարեփոխումների շրջանակներում ՆԳՆ կողմից մշակված կարիքների գնահատման մատրիքսը, որով նախանշվել են գործողություններ չորս հիմնական ուղղություններով՝ ՆԳՆ անձնակազմի կարողությունների և հմտությունների զարգացում, ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության, ինչպես նաև փրկարար ծառայությունների ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումներ։

ՆԳՆ անձնակազմի կարողությունների և հմտությունների զարգացման համատեքստում որպես հիմնական թիրախային ուղղություններ դիտարկվել են ռազմավարական ու բյուջետային պլանավորումը, ներքին վերահսկողական մեխանիզմների կատարելագործումը, մարդկային ռեսուրսների կառավարման մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև թվայնացման ու արդիականացման գործընթացը։ Հատուկ կարևորություն է տրվել այնպիսի գործողությունների նախատեսմանը, որոնք միտված են բարձրացնելու ՆԳՆ և ենթակա մարմինների կողմից մատուցվող հանրային ծառայությունների որակը և ապահովելու հանրության հետ հաղորդակցման արդյունավետությունը։

Ոստիկանության ոլորտի ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումների համատեքստում առանձին գործողություններ են նախատեսված քրեական ու համայնքային ոստիկանության զարգացման, ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման, ոստիկանության գվարդիայի ստեղծման և այլ ուղղություններով։

Բարեփոխումների հաջորդ մեծ ուղղվածությունը միտված է միգրացիայի և քաղաքացիության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը, օրենսդրության և պրակտիկայի կատարելագործմանը, ինչպես նաև անձնակազմի կարողությունների զարգացմանը։ Գործողություններ են նախատեսված նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պատշաճ փաստաթղթավորման ապահովման ուղղությամբ։

Չորրորդ ուղղությունը նպատակ ունի ապահովելու փրկարար ծառայության կայուն զարգացումը, նպաստելու աղետների ու ռիսկերի նվազեցմանը և բարձրացնելու արտակարգ իրավիճակներում հանրային պատրաստվածության և արձագանքի մակարդակը։

Ներկայացմանը հաջորդել է միջազգային գործընկերների հետ մտքերի փոխանակումը, որի ընթացքում միջազգային գործընկերները ողջունել են ստեղծման այս կարճ ժամանակահատվածում Նախարարության գրանցած շոշափելի առաջընթացը մի շարք ուղղություններով, ինչպես նաև ներկայացրել են բարեփոխումների իրականացմանն իրենց աջակցության հիմնական ուղղությունները։

Գործընկերները շնորհակալություն են հայտնել Նախարարությանը՝ համակարգված և ուղղորդված բարեփոխումների առաջմղման համար, ինչպես նաև վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը նախանշված բոլոր ուղղություններով։

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930