ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի հետ Մյասնիկյան բնակավայրում այսօր ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած, «Արիության» մեդալով և «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրված Հակոբ Հարությունյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը:
Ողջունելով ներկաներին՝ փոխմարզպետն իր զորակցությունը հայտնեց հերոսի ընտանիքի անդամներին, հարազատներին, մարտական ընկերներին:
Խոսելով Հակոբի օրինակելի կերպարի, նրա մարտական գործունեության մասին՝ Առնակ Ավետիսյանը նշեց. «Արցախի հերոս Հակոբ Հարությունյանը հայրենասիրության և բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է եղել: Նրա անունը հավերժ փառքով կմնա հայոց պատմության մեջ՝ որպես հայ ազգի արժանի զավակ և նվիրյալ զինվորական: Հակոբի համար հայրենիքի սերն ամեն ինչից վեր էր ու անհամեմատելի: Եվ այդ անձնուրաց սիրով էլ կռվեց մինչև վերջ»:
Փոխմարզպետն իր ելույթի վերջում նշեց, որ Կառավարության ֆինանսավորմամբ Մյասնիկյան բնակավայրում կառուցվելու է ֆուտբոլի դաշտ և մարզադպրոց, որը կրելու է Արցախի հերոս Հակոբ Հարությունյանի անունը:
Կարդացեք նաև
Ֆուտբոլի դաշտի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ մարզադպրոցի կառուցման հարցը այժմ գտնվում է նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի պատրաստման և քննարկման փուլում:
Հուշ-ցերեկույթի վերջում ներկաներն այցելեցին Մյասնիկյան բնակավայրի արցախյան պատերազմներում նահատակված քաջորդիներին նվիրված պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու սուրբ նահատակների հիշատակին:
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ