Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը և համատեղ մամուլի ասուլիսը
Նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ողջունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին:
ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով՝ երկու պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Անալենա Բերբոքը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Կարդացեք նաև
Նույն օրը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցին Գերմանիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ
Հարգելի տիկի՛ն նախարար,
Սիրելի՛ գործընկեր,
Ողջունում եմ Ձեր այցը Հայաստան: Սա լավ հնարավորություն է շարունակելու մեր քննարկումները, որոնցից վերջինը մենք ունեցանք Նյու Յորքում այս տարվա սեպտեմբերին:
Ընդհանուր առմամբ, այս տարին բավականին հագեցած էր և´ փոխադարձ այցելություններով, և´ քննարկումներով: Տարվա սկզբին ես պատիվ ունեցա այցելել Ձեզ Բեռլինում, այժմ պատիվ ունեմ Ձեզ հյուրընկալել այստեղ: Մենք ունեցել ենք հեռախոսազրույցներ, հանդիպումներ միջազգային հարթակներում: Վարչապետ Փաշինյանն ու կանցլեր Շոլցն են հանդիպումներ ունեցել, վարչապետը այցելեց Գերմանիա, Ազգային ժողովի նախագահն այցելեց Գերմանիա: Եվ գոհունակությամբ պետք է նշենք, որ այսպիսի հաճախակի ինտենսիվ փոխադարձ այցերը կան, և իսկապես դրանք լավ հնարավորություն են տալիս զարգացնելու մեր երկկողմ օրակարգը:
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր մենք հանգամանալից կերպով անդրադարձել ենք երկկողմ օրակարգային մի շարք հարցերի: Գոհունակությամբ արձանագրել ենք տնտեսության, գիտության, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում խորացող փոխգործակցությունը և հեռանկարները:
Ավելորդ չի լինի հիշեցնել, որ Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է Եվրոպական միությունում, և մենք ակնկալում ենք, որ երկու երկրների գործարար շրջանակների ակտիվ փոխգործակցությունը թույլ կտա սահմանել առևտրաշրջանառության ծավալների նոր` անհամեմատ ավելի հավակնոտ նշաձող: Մեծապես կարևորում ենք Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) և Վերակառուցման և զարգացման բանկի (KfW) գործունեությունը Հայաստանում: Արժևորում, գնահատում ենք Հայաստանի ընդգրկումը Գերմանիայի «BMZ 2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում՝ միտված նպաստելու Հայաստանում ընթացիկ բարեփոխումների և ծրագրերի կայուն շարունակականությանը։
Առիթն օգտագործելով՝ գործընկերոջս ներկայացրել եմ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների՝ Հայաստանի ծավալուն օրակարգի իրականացմանն ուղղված քայլերը:
Ընդգծել ենք այդ բարեփոխումներին ԵՄ և իր անդամ պետությունների կողմից շարունակական աջակցության կարևորությունը: Իհարկե, հանդիպման օրակարգում անդրադարձել ենք նաև Հայաստան-ԵՄ գործընկերության այլ հարցերի, մասնավորապես Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը և ԵՄ աջակցությամբ տնտեսական, այդ թվում՝ տարածաշրջանային բնույթի ծրագրերին ՀՀ կայուն ներգրավվածության նշանակությանը: Գործընկերոջս եմ ներկայացրել հայկական կողմի պատրաստակամությունը նպաստել Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, ինչը հնարավոր կլինի Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխի տարածաշրջանային ծրագրին Հայաստանի մասնակցության պարագայում։
Անդրադարձել ենք իհարկե նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր երկու երկրների և մեր ներկայացուցիչների համագործակցությանը:
Հարգելի՛ ներկաներ,
Այս ամենն ասելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ երկկողմ օրակարգային հարցերի և տարածաշրջանային ծրագրերի արդյունավետ առաջմղման համար մեր հարևանությամբ առկա մթնոլորտն ու միջավայրը ևս խիստ կարևոր են: Գիտեմ, որ նախարար Բերբոքի այցն էլ նպատակ ունի նպաստելու դրանց բարելավմանը: Այս համատեքստում ցանկանում եմ շեշտել, որ մենք մեծապես կարևորում ենք Գերմանիայի՝ տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը, ինչպես Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների կողմից սկզբունքային դիրքորոշման արտահայտման, տարածաշրջանում ներգրավածության, այնպես էլ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում Քիշնևում և վերջերս արդեն Գրանադայում կայացած հանդիպումների ձևաչափով:
Տիկի՛ն նախարար,
Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչությունը, այդ թվում՝ երեխաներ, տարեցներ և կանայք, ամիսներ շարունակ գտնվելով Ադրբեջանի կողմից անմարդկային շրջափակման մեջ և հնարավոր ոճրագործության հիմնավոր վախի պատճառով, բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից: Զուգահեռ, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել, առկա են հումանիտար բնույթի խնդիրներ, Բաքվում անազատության մեջ են պահվում հայ ռազմագերիներ և ապօրինի պատանդառված քաղաքացիական անձինք:
Ցանկանում եմ մեջբերել սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում զարգացումների կապակցությամբ Ձեր արձագանքից. «Ռազմական գործողություններից զերծ մնալու Բաքվի խոստումը խախտվեց»: Այո, ցավոք, դա այդպես էր: Այս գործելաոճի մերժման ուղղությամբ անկեղծ և գործուն ջանքերն են, որ կարող են իսկապես նպաստել տարածաշրջանում կայունության հաստատմանը: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ չնայած այդ բոլոր բարդություններին և մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական կամք գնալ խաղաղության: Մենք դա հնարավոր ենք համարում, և մեր մոտեցումները մեծ հաշվով արտահայտված են նաև Գրանադայի քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ: Դրանք շատ պարզ սկզբունքներ են. երկու երկրների փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչում՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և արձանագրության վրա, երկրորդ՝ երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթաց՝ հիմնված խորհրդային շրջանի պաշտոնական ամենաթարմ քարտեզների վրա, և նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ հիմնված երկու երկրների ինքնիշխանության, իրավազորության, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա: Հատկապես վերջին կետի մասով ուզում եմ ասել, որ սա այն է, ինչ մենք Հայաստանում անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ»: Մենք վստահ ենք, որ մեր երկիրը, մեր տարածաշրջանը կարող է դառնալ այդ խաչմերուկը, և սա տնտեսական օգուտ կբերի ոչ միայն անմիջական տարածաշրջանին կամ հարևաններին, այլև ողջ աշխարհին, և մի յուրահատուկ խաղաղության գրավական կդառնա:
Տիկի՛ն նախարար,
Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային խնդիրների լուծմանն ուղղված մարդասիրական աջակցության համար և այն խոստման համար, որը Դուք այսօր արեցիք:
Եվ իհարկե շնորհակալություն եմ հայտնում այսօրվա բովանդակալից քննարկումների համար:
***
Հարց «Deutsche Welle». Պարո՛ն նախարար, ձեր հարաբերությունները վատացել են Ռուսաստանի հետ, և կան շատ ոչ բարեկամ երկրներ ձեր հարևանությամբ, կա նաև Իրանը: Արդյո՞ք Դուք ճնշված եք համարում Հայաստանի իրավիճակն այսօր, արդյո՞ք ցանկանում եք, որ Եվրոպան և Գերմանիան ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն ձեզ:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Շնորհակալ եմ հարցի համար: Քիչ առաջ նշեցի, որ դեռևս շաբաթներ առաջ մենք ականատես եղանք Ադրբեջանի ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, և դրա հետևանքով նաև 100 հազարից ավել փախստականների բռնի տեղահանությանը, ըստ էության, իրենց կյանքը փրկելու համար տեղի ունեցած տեղահանությանը դեպի Հայաստանի Հանրապետություն: Այս տարիներին՝ վերջին 3 տարիների ընթացքում, մենք տեսել ենք մի քանի դեպքեր, որոնցից առավել խոշորները կարող եմ հիշել. նախորդ տարի սեպտեմբերի 13-ին, դրանից առաջ 2021 թվականի մայիսին և այլ դեպքեր ևս, երբ տեղի են ունեցել ներխուժումներ ՀՀ սուվերեն տարածք: Եվ այսօր էլ, ցավոք սրտի, մենք դեռ ունենք լուրջ մտավախություններ, որ հարևան երկրների շրջանում, Ադրբեջանի կողմից մասնավորապես, դեռ կան հավակնություններ այս կամ այն կերպ տարածքային պահանջներ ՀՀ նկատմամբ, կամ որոշակի վերապահումներ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, մասնավորապես երբ խոսքը գնում է, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին: Այնպես որ այդ մտավախությունները դեռ այսօր էլ կան: Մենք ունենք 4 հարևան, որոնցից երկուսի հետ ունենք փակ սահման, թեև կարգավորման գործընթաց է գնում նույն Ադրբեջանի հետ, նաև Թուրքիայի հետ: Երբեմն թվում է, որ մենք մոտ ենք հանգուցալուծմանը, երբեմն տեսնում ենք, որ նոր խոչընդոտներ են ի հայտ գալիս: Ես սա ասում եմ նաև, որ մենք մի քանի առումներով և´ քաղաքականապես, և´ անվտանգային առումով. մենք տեսանք, որ այն անվտանգային մեխանիզմները, որոնք նախատեսել էր Հայաստանն, իրականում արդյունավետ դուրս չեկան: Քաղաքական երկխոսության առումով, անվտանգային առումով և տնտեսական փոխկապակցվածության առումով, այդ թվում նաև՝ էներգետիկ փոխկապակցվածության առումով, և ընդհանրապես արժեքների առումով, կարծում եմ, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է խորացնել իր կապերը, հարաբերությունները Եվրոպական միության հետ, անդամ երկրների հետ, Գերմանիայի հետ: Եվ պետք է նկատել, որ մենք նաև սրա գիտակցումը տեսնում ենք ինչպես հայկական կողմից, այնպես էլ բազմաթիվ Եվրոպական երկրների կողմից, Եվրոպական միության կողմից: Եվ ինչպես կարող եք տեսնել դրա հավաստիքը հենց այս այցն է, այս երկխոսությունը. մենք գնում ենք ճիշտ այդ ուղղությամբ:
Հարց «ZDF». Կուզենայի խոսել Մերձավոր Արևելքի մասին: Քիչ առաջ Հեզբոլլահի ղեկավարն ասաց, որ պայքարը շարունակվելու է, Համասի վերջին գործողությունները ողջունել է: Ինչպես ե՞ք դա գնահատում: Արդյո՞ք այս կոնֆլիկտն ընդլայնվի, ի՞նչ է լինելու Հեզբոլլահի կողմից, թե՞ հումանիտար հրադադար կլինի Գազայում:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Ցավոք սրտի, մենք աշխարհի տարբեր անկյուններում նորից ու նորից տեսնում ենք հին հակամարտությունների թեժացում, տեսնում ենք պատերազմներ, քաղաքացիական բնակչության տառապանքներ՝ կանանց, երեխաների, սովորական ընտանիքների: Մեզ համար սա չափազանց զգայուն հարց է, որովհետև, ինչպես կարող եք ենթադրել, մենք ընդամենը շաբաթներ առաջ ականատես ենք եղել նման մի իրավիճակի, երբ քաղաքական շահերի կամ ռազմական գործողությունների հետևանքով տուժում էր քաղաքացիական բնակչությունը: Մենք բոլոր դեպքերում և բոլոր հնարավոր հակամարտություններում կոչ ենք անում կողմերին չթիրախավորել առնվազն քաղաքացիական բնակչությանը և իհարկե գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, և մենք ողջունում ենք միջազգային հանրության այսպիսի բոլոր հնարավոր ջանքերը, օր առաջ վերջ դնելու զինված գործողությունները և օր առաջ ապահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը:
ՀՀ ԱԳՆ