«ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մեր մայրաքաղաքային բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացողների ընդհանուր թիվն այս պահին 113 է, նրանցից 11-ի վիճակը ծանր է, երեքի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ 19 պացիենտ շարունակում է բուժումն արտասահմանում, բոլորի մոտ վիճակի դրական դինամիկա է նկատվում»,- «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքի ներկայացման թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
Նաև հայտնեց, որ ԼՂ-ից տեղահանված ընտանիքներում գրանցվել է 120 երեխայի ծնունդ՝ 67-ը Երևանում, 53-ը՝ մարզերում։ Նա ԼՂ-ից տեղահանված բոլոր հայրենակիցներին հորդորեց դիմել իրենց մոտակա տարածքային պոլիկլինիկա կամ գյուղական ամբուլատորիա, որ կարողանան իրենց բուժումը պլանային կամ անհետաձգելի կարգավիճակով ստանալ։
Արտակ Ջումայանը նշեց․ «Նախարարության կողմից պետպատվերի շրջանակներում արդեն վերապատրաստվել են 590 բուժաշխատող, բժշկական տարբեր կենտրոններում աշխատանքի են անցել 70-ից ավելի բուժաշխատող։ Այս պահին մարզերում առկա է 273 ավագ և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ