«ՀՀ օրենսդրությամբ՝ կենսաթոշակի նշանակումը կատարվում է, երբ անձն ունի ՀՀ հասցեով գրանցում։ Ուստի կխնդրեմ այս ընթացքում մեր հայրենակիցները հաշվառվեն այն հասցեներում, որտեղ բնակվում են»,- «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքի ներկայացման թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց, որ 100 հազարական դրամ ծրագրի համար արդեն վճարում է կատարվել 100820 հոգու, և կառավարության երեկվա որոշմամբ՝ 4200 հոգու համար ֆինանսավորում կհատկացվի, որն առաջիկա օրերին կուղղվի վճարման։ 40+10 ծրագրի մասին էլ ասաց․ «Երեկվա կառավարության նիստով հատկացվեց 950 միլիոն դրամ արդեն, և այս հատկացումներով միասին կֆինանսավորվի 92525 անձ։ Եվ կարելի է արդեն խոսել երրորդ ծրագրի մասին, որը նախապատրաստում ենք հաջորդ շաբաթվա կառավարության նիստով հաստատել։ Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 50 հազարական դրամ հատկացնել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին առաջնային սպառման ծախսերը հոգալու համար։ Այն կտրվի բոլորին՝ այսինքն՝ հաշվի չի առնվի տարիքը կամ կենսաթոշակառու հանդիսանալու հանգամանքը կամ աշխատելու հանգամանքը»։
Կենսաթոշակների և նպաստների չվճարմանը վերաբերող մտահոգություններին ի պատասխան էլ նախարարի տեղակալն ասաց․ «Կառավարության՝ հոկտեմբերի 25-ի նիստով որոշում ընդունվեց՝ ըստ որի ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները ստացան ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ․ արդեն իրենք համարվում են փախստականի կարգավիճակ ունեցող անձինք և համաձայն մեր գործող օրենսդրության՝ իրենք ունեն կենսաթոշակային և նպաստի որոշակի երաշխիքներ, որը ըստ էության հավասարեցված է քաղաքացու իրավունքներին։ Եթե դիտարկենք այն հանգամանքը, որ իրենք արդեն իրավունք ունեն օրենքի տեսանկյունից ստանալ կենսաթոշակ՝ սկսած հոկտեմբերի 25-ից, մեր հայրենակիցները կարող են դիմել կենսաթոշակի համար միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ Այն արդեն կընդունի դիմումը, ստաժի հաշվարկը կիրականացնի ինչպես կարգն է։ Սակայն մենք ներկայումս աշխատում ենք իրավական որոշակի կարգավորումներ ու լուծումներ տալու վրա՝ ըստ որի՝ մեր հայրենակիցների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձանց համար նպատակ ունենք պարզեցված ընթացակարգ սահմանել, օրենքում փոփոխություն ենք իրականացնելու, որը թույլ կտա պարզեցված ընթացակարգերով իրենց կենսաթոշակի նշանակման՝ արդեն ձեռք բերած և նախկինում ունեցած ստաժները հաշվառելու և այդ չափով կենսաթոշակ ստանալու համար»։
Փոխնախարարն ասաց, որ մի փոքր սպասեն․ «Առաջին իսկ վճարումը, երբ կլինեն այդ լուծումները պարզեցված ընթացակարգով, արդեն հոկտեմբերից հետո ձեռք բերված իրենց իրավունքի ուժով կվերահաշվարկվի և այդ ժամանակից սկսած՝ կտրամադրենք կենսաթոշակները»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ