Ermenihaber. ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է անցկացնում պարզելու` արդյոք Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը ընտրական քարոզարշավի ընթացքում անօրինական նվիրատվություններ է ստացել Թուրքիայից, թե ոչ։ Նշվում է, որ Ադամսը հայտնի է Թուրքիայի հետ սերտ հարաբերություններով և համարվում է Թուրքիա ամենաշատ այցելող քաղաքապետը։ Ինչպես նաև հիշատակվում է, որ փետրվարի 6-ին Քահրամանմարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո նա այցելել է Թուրքիա և ասել․ «Դուք իմ ընկերներն ու եղբայրներն եք»։
Հետաքննությանն անդրադարձել է «New York Times» պարբերականը և նշել է, որ Էրիկ Ադամսի ընտրական քարոզարշավի պատասխանատու Բրիաննա Սագսի տունը խուզարկվել է, իսկ նա էլ հարցաքննվել է կոռուպցիայի հետաքննության շրջանակներում։ Նշվում է, որ Սագսը 2021-ին Ադամսի ընտրական քարոզարշավի համար հավաքել էր ավելի քան 18 մլն դոլար նվիրատվություն։
Հիշեցնենք, որ նախկինում հետաքննություն էր սկսվել Ադամսի մերձավորների նկատմամբ և նրանց մեղադրանք էր առաջադրվել նվիրատվություններ հավաքելու, դրանք անօրինական կերպով օգտագործելու մեջ։