«Արմենպրես». «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուները, որոնք պետք է ստանձնեին պատգամավորական մանդատը, ինքնաբացարկի դիմում են ներկայացրել:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը տեղեկացրեց, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ինքնաբացարկների դիմումները կքննարկվեն ԿԸՀ-ի նոյեմբերի 6-ի նիստում:
Նշենք, որ ընտրական ցուցակի հաջորդ համարը Լևոն Քոչարյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին:
Լևոն Քոչարյանն այժմ կալանավորված է: Նա կասկածվում է ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։