Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության առաջնահերթություններից է թվային արդիական միջավայրի ստեղծումը. Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 8-րդ համաժողովին

Նոյեմբեր 03,2023 17:37

Նոյեմբերի 3-ին մեկնարկել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 8-րդ համաժողովը՝ ArmIGF 2023-ը, որը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների համագործակցությամբ:

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Նախարարն անդրադարձել է ինտերնետի կառավարմանն առնչվող մի շարք հարցերի, կարևորել, որ համաժողովի քննարկումներում ներգրավված են պետական, հասարակական, մասնավոր հատվածների ներկայացուցիչներ։

«Համացանցն այսօր գրավել է ամբողջ աշխարհը: Եվ այս համատեքստում, թվային փոխակերպումը ներկայում անխուսափելի գործընթաց է:  Այս առումով, Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է թվային արդիական միջավայրի ստեղծումը՝ պետական կառավարման բոլոր ոլորտներում գիտելիքի և տեխնոլոգիաների հիման վրա հասանելի, մատչելի, հուսալի, անվտանգ, բարձրորակ և մրցունակ ծառայությունների ապահովումը՝ ուղղված Հայաստանի տնտեսության զարգացմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանը:

Այս նպատակին հասնելու համար Կառավարության հնգամյա ծրագրում հստակ նախանշված են միջոցառումներ, ինչպիսիք են՝ նույնականացման արդիական համակարգի ներդրում, հանրային ծառայությունների թվայնացում, դրանց առցանց հասանելիության ապահովում, բնակչության թվային գրագիտության բարձրացում և թվային գործիքների կիրառման խթանում, իրավաբանական անձանց և քաղաքացիների հետ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ էլեկտրոնային եղանակով հաղորդակցության ապահովում, և մի շարք այլ ծրագրեր:

Թվային փոխակերպումը Հայաստանում վերջերս նոր թափ է հավաքել, անելիքները շատ են, և պահանջում են բոլորիս գործուն մասնակցությունը»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը:

Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև RIPE NCC, արտաքին հարաբերությունների պատասխանատու Վահան Հովսեփյանը,  ICANN-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար Միխայիլ Անիսիմովը, «Ինտերնետ Հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը, Ինտերնետ հասարակության Եվրոպական կառավարության և կարգավորող հարցերի ավագ տնօրեն Դեյվիդ Ֆրաուտչին։

Նրանք խոսել են միջոցառման կարևորության, Հայաստանում թվայնացման, հեռահաղորդակցության ոլորտներում պետական քաղաքականության, առաջ եկած խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ։

Այնուհետև տեղի են ունեցել պանելային քննարկումներ:

«Թվային մարտահրավերներ և հնարավորություններ. Հասարակության, կառավարության և տնտեսության թվային փոխակերպման լուծումները» թեմայով քննարկմանը մասնակցել են ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի քարտուղար, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը։ Քննարկվել են թվայնացման, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության  ոլորտում պետական և մասնավոր հատվածի փոխգործակցության, օրենսդիր և գործադիր իշխանությունների համակարգված գործունեության, 2024թ բյուջեում թվայնացման մասով նախարարությանը վերապահված գործառույթներին ու դերին, ներկայացված ոլորտներում իրականացվող աշխատանքների որակին ու ժամանակացույցին առնչվող մի շարք հարցեր։ Ներսես Երիցյանը մանրամասներ է ներկայացրել նաև գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ու ծրագրերի վերաբերյալ։

Պանելային քննարկումները շարունակվել են «Համընդհանուր Ընդունումը» որպես համացանցի անբաժան մաս», «Արհեստական բանականությունը կրթական և ուսումնական պրոցեսներում, դրական և բացասական կողմերը», «Ինչ է WSIS+20-ը, կարևորությունը թվային զարգացման դարում», «Համաշխարհային թվային պայմանագիր, «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ ներգրավվածությունը և տարեկան նախագծերը» թեմաների շուրջ։

Արդեն 8-րդ անգամ անցկացվող ArmIGF համաժողովի հիմնական նպատակն է՝ քննարկելու, վեր հանելու ինտերնետ կառավարմանն առնչվող արդիական խնդիրները, մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները, նախանշելու լուծման տարբերակներն ու հնարավորությունները։

Միջոցառման անցկացման նախաձեռնությունը «ՀՀ Ինտերնետ կառավարման հանձնաժողով» միջգերատեսչական խմբինն է, որը կազմավորվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2014թ., ինտերնետ կառավարմանն առնչվող խնդիրների լուծման համար առաջարկություններ մշակելու և ներկայացնելու նպատակով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930