«Ես ուզում եմ բարձրացնել ԵԱՏՄ երկրների շրջանակներում վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման հարցը: Եթե չեմ սխալվում, ԵԱՏՄ իրավապայմանագրային դաշտը բոլոր անդամ երկրների վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման հարցը պետք է ապահովի: Բայց վերջերս ՌԴ Պետդումայում հետաձգվեց հայկական վկայականների ճանաչման հարցը, ինչո՞վ է դա պայմանավորված, ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում այդ խնդրի լուծման համար: Կարծում եմ, կարեւորությունը պատկերացնում եք, հազարավոր մարդիկ այդ վկայականներով հանապազօրյա հացի հարց են լուծում»,- այսօր Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման եւ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Փոխնախարարը պատասխանեց. «ԵԱՏՄ շրջանակներում ճանաչելիության տարբեր հարցեր ենք քննարկում, այդ թվում՝ կրթության վկայականների հետ կապված: Վարորդական վկայականների առնչությամբ ինձ մոտ տեղեկատվություն չկա: Այդպիսի գործընթաց կա՞, թե՞ ոչ՝ հավելյալ տեղեկատվություն կներկայացնեմ ձեզ: Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից իրենց խորհրդարանում այս հարցով քննարկման կասեցմանը, ռուսական կողմից նշվեց, որ իրենք հետաքրքրություն չունեն այս հարցում: Մենք դեռեւս իրենց հետ այդ հարցով քննարկում չենք ունեցել, այդպիսի առիթ չի եղել, փորձենք առաջիկա շփումների ընթացքում այդ հարցը բարձրացնել»:
Շիրակ Թորոսյանն արձագանքեց, որ եթե հարցը Պետդումայի օրակարգ է մտել, նշանակում է՝ հետաքրքրություն կա, իսկ որ հետաձգվում է, նշանակում է՝ այստեղ էլ հետաքրքրություն կարող է լինել:
ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ հավելեց. «Այս խնդիրը երեւի արդեն 10 տարուց ավելի կա: Ինչ-որ մի փուլում խնդիրն ի հայտ է գալիս, ինչ-որ մի փուլում չի խոսվում խնդրի մասին: Մենք պետք է մի հատ հասկանանք՝ վարորդական իրավունքի հետ կապված ի՞նչն է պատճառը՝ քաղաքակա՞ն է, կազմակերպչակա՞ն է, ինչ-որ ա՞յլ պատճառ կա, եւ այս մասին խոսենք, նաեւ շահագրգիռ կողմերին էլ տեղեկացնենք, որովհետեւ անընդհատ այս հարցը ինչ-որ փուլում արծարծվում է: Եվ այս հարցն առնչվում է մեր հայրենակիցների աշխատանքային գործունեությանը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ