Լրահոս
Օրվա լրահոսը

Բա ի՞նչ գրեի՝  տարածաշրջանայի՞ն թշնամանք. Արմեն Գրիգորյանի հայտարարություններին գնահատական տված փորձագետ

Նոյեմբեր 03,2023 16:27

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօր շարունակվեց  պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի վերաբերյալ գործի քննությունը:

Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հարցաքննվեց գործով առանցքային վկա՝ լեզվաբան, փորձագետը, որը Գրիգորյանի հայտարարություններին փորձագիտական գնահատական էր տվել, ինչը, ըստ էության, հիմք էր դարձել Գրիգորյանի մեղադրական  դատավճռին:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել է 2022 թվականի  հուլիսի 15-ին՝ իր գործով առաջին դատական նիստի ժամանակ։ Քրեական դատավարության օրենսգիրքը անձի մահը դասում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքների շարքին, սակայն սահմանում է, որ վարույթը կարող է շարունակվել, եթե մահացածի օրինական ներկայացուցիչը առարկում է կարճման դեմ՝ այն հիմքով, որ մեղադրյալը չի կատարել իրեն վերագրվող հանցանքը։

Լեզվաբան փորձագետը պատմեց, որ ձայնագրությունը լսել է քննիչի աշխատասենյակում:

Գրիգորյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը հետաքրքրվեց ՝ քննիչի կողմից հանձնարարություններ, մեկնաբանություններ, պարզաբանումներ եղե՞լ են փորձաքննության հետ կապված, վկան պատասխանեց՝ հարցադրումներ են եղել: Պարոն Մելիքյանը հետաքրքրվեց նաեւ՝ իսկ փորձաքննության եզրակացությունը կազմվել է քննիչի՞ աշխատասենյակում, ինչին վկան պատասխանեց, որ քննիչից վերցրել է ձայնագրության տեքստը, տարել տուն՝ ուսումնասիրելու, ասաց, որ ձայնագրությունն իրեն չեն տվել, եւ հետազոտության պահին իր ձեռքի տակ ձայնագրություն չի եղել:

Դատարանում հետազոտվեցին  Գրիգորյանի մասնակցությամբ տեսագրության որոշ դրվագներ, որոնց համար էլ հենց մեղադրանք էր առաջադրվել:

Դատարանում հետազոտված տեսագրության դրվագները վերաբերում էին «ազգային թշնամանքի» մասով առաջադրված մեղադրանքին: Այսինքն՝ այն հատվածը, որտեղ Գրիգորյանը խոսում էր Շիրակի, Արարատյան դաշտավայրի, Տավուշի բնակիչների, սյունեցիների մասին ու կարծիքներ հայտնում:

«Ո՞ր խոսքերի վրա եք հիմնվում, երբ հետեւություն եք անում, որ ազգային թշնամանք կա, եզրակացության մեջ գրել եք նաեւ՝ բացասական գնահատականներ, վիրավորական մտքեր, դա հասկանալի է,  իսկ ազգային թշնամա՞նք»,- հետաքրքրվեց Մելիքյանը:

«Երբ ասում է Արարատյան դաշտավայրի եւ Շիրակի ժողովուրդը թուրքի բիճ են, իսկ Տավուշի ու լեռնային հատվածի ժողովուրդը հայրենասերներ են, այդ երկու հակադրությունը երկու հատվածի միջեւ թշնամանքի գաղափար է բերում, եթե մի մասը հերոս է, մի մասը բիճ է, նրանց միջեւ չի կարող լինել ներդաշնակ հարաբերություն, թշնամանքի սերմ է տարածվում»,- բացատրեց փորձագետը:

«Ազգային թշնամանքը ի՞նչ իմաստով եք օգտագործում, ինչպե՞ս եք հասկանում «ազգային թշնամանք» արտահայտությունը, Արարատը, Սյունիքը, Տավուշը տարբեր ազգե՞ր են»,- հետաքրքրվեց Մելիքյանը:

Փորձագետը հարցին հարցով պատասխանեց՝ բա ի՞նչ գրեի այդ դեպքում՝ տարածաշրջանայի՞ն թշնամանք:

-Փորձագետը դո՛ւք եք,- հակադարձեց Մելիքյանը:

Հետո նաեւ հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ «ազգային թշնամանք» ձեւակերպումը փորձագետի ընկալումն է, ոչ թե հիմնված է  բառարանային ձեւակերպումների վրա, ինչին ի պատասխան ՝ փորձագետը դրական պատասխան տվեց:

Փորձագետն իր եզրակացության մեջ արձանագրել էր նաեւ, որ Գրիգորյանի նշած թուրք բառը հայ ժողովրդի մեջ նույնականացվում է  ցեղասպան, թշնամի, վայրագ բառերի հետ: Պարոն Մելիքյանը խնդրեց ցույց տալ, թե այդ որ գրականության, բառարանի մեջ է այդպես նշվում, իսկ փորձագետը պատասխանեց, թե ՀՀ քաղաքացիներից ում էլ հարցնեն՝ ինչ է թուրք, կպատասխանեն՝ վայրագ, թշնամի, ցեղասպան. «Եթե բառարաններից չեմ արձանագրել դա, չի նշանակում, որ թուրքը դրական կերպար է, բարեկամ կամ հովանավոր, մի՞թե պարզ չէ թուրքը մեր ընկալման մեջ ինչ է»:

«Ես չեմ ասում, որ թուրքը մեզ բարեկամ է, մեր երկրում այլ մարդիկ են դա ասում, բայց դուք որտեղի՞ց եք վերցրել, որ երբ Գրիորյանն ասում էր թուրք, նկատի ուներ ցեղասպան, թշնամի»,- շարունակեց Մելիքյանը:

Փորձագետն էլ զարմացավ՝  պետք է բառարա՞ն գտնենք, որ նշվի, որ թուրքը ցեղասպան է, մեր մտածողության մեջ է այդպես, թուրքն ունի այդ իմաստները:

Ռուբեն Մելիքյանն էլ հարցրեց՝ ճի՞շտ հասկացանք, որ այս եզրակացությունը ոչ թե մասնագետի, այլ ազգությամբ հայի գնահատական է, փորձագետն ասաց՝ այո:

Մելիքյանը դատարանում թուրք բառի բառարանային բացատրությունը տվեց, թուրքը ունի «հայատյաց հայ», «հայ, որն ատում է իր ցեղակիցներին» իմաստը ու հարցրեց՝ ինչո՞ւ եք դուք կարծել, որ հենց ձեր ընկալմամբ ցեղասպան բառն է նկատի ունեցել, ինչին ի պատասխան՝  փորձագետը կրկին կրկնեց իր ընկալումները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930