Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության խաչմերուկի» կայացումը արտաքին գործերի նախարարության քաղաքական առաջնահերթություններից է լինելու 2024թ.-ին. Միրզոյան

Նոյեմբեր 03,2023 15:32

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Նիստի օրակարգն էր «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ արտաքին գործերի նախարարություն, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարներ:

Իր խոսքում ԱԳ նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,

Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆինանսների նախարարին և ֆինանսների նախարարությանը։ Իրականում, պարոն նախարարը ճիշտ էր իր խոսքում, երբ ասում էր, որ մենք սերտ համագործակցել ենք այս փաստաթուղթը, այս արդյունքն ունենալու համար։ Եվ, նաև ուզում եմ ասել, որ ի վերջո բյուջետային գործընթացը կենդանի գործընթաց է, և ընդհանրապես, բյուջեի կառավարումն ինչպես մինչև ընդունումը, այնպես էլ հետո։ Բազմաթիվ են դեպքերը, երբ որ նոր կարիքներ են առաջանում չպլանավորված, կամ ոչ այնքան լավ պլանավորված, և այդ կարիքները ևս կարող են լուծում ստանալ ընթացքում։ Ընդ որում, սա երկկողմանի գործընթաց է, և ես ուզում եմ ձեր բոլորի և պարոն նախարարի ուշադրությունը հրավիրելլ, երբ ընթացիկ բյուջետային տարում առաջացան որոշ կարիքներ։ Մի օրինակ բերեմ, սա ամենևին ամենամեծ գումարը չէ. երբ մեր գործընկեր պետություններից մեկում տեղի ունեցան ջրհեղեղներ, և մենք փորձեցինք մեր ներդրումն ունենալ վերականգնողական գործընթացներում, սա արեցինք մեր՝ արտգործնախարարության խնայված միջոցներից, և էլի շատ այսպիսի դեպքեր։ Կամ օրինակ հակառակը, հիշում եք բոլորդ, երբ մենք անհրաժեշտություն գտանք Միացյալ Թագավորությունում դեսպանության նոր շենք գնել, հասկանալիորեն դա արտաքին գործերի նախարարությանը հատկացված գումարից անգամներով ավելին էր և միայն նախարարության բյուջեից, ուժերից վեր էր։ Այստեղ Ֆինանսների նախարարությունն այլ լուծում գտավ՝ պահուստային ֆոնդից համապատասխան գումարը հատկացնելով։ Սրանք ընդամենը մեկական օրինակ են։ Եվ սա անընդհատ պրոցես  է։ Եվ ուզում եմ ասել, որ, այո, պլանավորման, ֆինանսները կառավարելու, ռեսուրսները կառավարելու տեսանկյունից բյուջեում ճիշտ սահմանելը, ճիշտ բաշխելը չափազանց էական է, բայց նաև այնպես չի, որ դա այլևս ընթացքում չի փոխվում։

Նախ քաղաքական հատվածին անդրադառնամ։

Հարգելի՛ գործընկերներ,

Բնականաբար, արտաքին գործերի նախարարության ներկայացրած բյուջետային հայտն արտացոլում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունները, արտաքին քաղաքական մարտահրավերները: Եվ սրանք, իհարկե, ակնհայտորեն ուղղված են ՀՀ անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության ամրապնդմանը, առաջմղմանը և առհասարակ ՀՀ շահերի առաջմղմանն արտաքին քաղաքական բնագավառում: Այս ամենը թվարկելիս, իհարկե, որպես միջոց, խողովակ կամ առաջին նպատակ, եթե կուզեք, ընկալում ենք Հայաստանի Հանրապետությանն ուղղված արտաքին քաղաքական անվտանգային սպառնալիքների չեզոքացումը և Հայաստանի Հանրապետության շուրջ արտաքին անվտանգային միջավայրի կայունացումը: Իհարկե, եթե տարվա կտրվածքով ենք վերլուծում, ընթացիկ տարին ամենևին չէր ընթանում և չի ընթանում այնպես, ինչպես որ մենք փորձում էինք: Եվ սա ասելիս, առաջին հերթին նկատի ունենք, իհարկե, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները` պրոցես, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը չունեցավ այլ ելք, քան փրկվելու համար լքել իրենց տները, իրենց բնօրրանը, հայրենիքը, և դրա հետևանքով մենք այսօր ունենք 100 հազարից ավել փախստականներ, որոնց կարիքները հոգալը և անհրաժեշտ, պատշաճ, արժանապատիվ և երկարաժամկետ լուծումներ տալը մասնակիորեն նաև արտաքին գործերի նախարարության ուսերին է, բնականաբար՝ նաև որպես արտաքին գործերի նախարարության նպատակ ու խնդիր, այդ թվում և՝ միջազգային աջակցության մեխանիզմներ գործարկելը, որոնք արդեն արվել են և դեռ կարվեն, այդ թվում և՝ միջազգային ավելի լայն օգնություն ապահովելը, նաև հումանիտար բնույթի: Որովհետև ես կարող եմ վստահաբար պնդել, որ չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում և առանց որևէ խնդրի երեք-չորս օրում ընդունել 100 հազարից ավելի փախստական, և դա որևէ ալեկոծություններ չառաջացնի տվյալ երկրի սկսած ներքաղաքական կյանքից, ավարտած տնտեսական, սոցիալական համակարգերում: Ավելորդ չեմ համարում նշել, որ մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ, ովքեր նաև պատրաստակամություն են հայտնում մեզ օգնել այս գործընթացում, հարկ են համարում նշել, որ դրականորեն զարմացած են ՀՀ կառավարության արձագանքից և կազմակերպվածությունից: Սոցիալական հատվածը, անշուշտ, մեր մյուս գործընկերների, մյուս գերատեսչությունների առաջնային անելիքն է, բայց կրկնում եմ, այստեղ ևս արտաքին գործերի նախարարությունն անելիքներ ունի և անում է:

Վերադառնալով ավելի քաղաքական հատվածին, իհարկե, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, հայ բնակչության բռնի տեղահանությունը մեծ բարդություններ են առաջացնում: Օբյեկտիվորեն բարդություններ են առաջանում մեր հիմնական օրակարգում, հիմնական արտաքին քաղաքական խնդրում, այն է՝ ապահովել կայուն անվտանգային միջավայր Հայաստանի Հանրապետության շուրջ: Եվ եթե ավելի մասնավորեցնենք, թե դա ինչպես պետք է արվի, մեր խաղաղության օրակարգն է, և Հայաստանի Հանրապետության չորս հարևանների հետ առնվազն խաղաղ, կայուն, իսկ լավագույն դեպքում (հիմա կխոսենք առանձին երկրների մասին) սերտ համագործակցային կամ բարեկամական հարաբերությունների ձևավորումը: Մեր խորին համոզմամբ, սա է այն միջավայրը, որում Հայաստանի Հանրապետությունը (առհասարակ կարծում ենք, որ սա բանաձև է բոլոր երկրների համար, բայց մենք մեր երկրի մասին ենք խոսում) կարող է և շանս ունի ապահովել իր շարունակական գոյությունն ու զարգացումը:

Սպառնալիքներից ենք խոսում, բայց ցանկանում եմ նաև նշել՝ կան նաև ահռելի, շոշափելի հնարավորություններ: Բայց ուզում եմ կրկնել, այս ճանապարհն անցնում է միմիայն խաղաղության ճանապարհով: Ահա, մենք մեծ հույս ունեինք, որ այս ուղղությամբ մի մեծ քայլ կկատարվեր Գրանադայում վերջերս: Ցավոք սրտի, Ադրբեջանի նախագահն անհրաժեշտ, հարմար կամ նպատակահարմար չհամարեց մասնակցել այդ հանդիպմանը: Ինչևէ, Գրանադայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում, և այդտեղ հանդիպման արդյունքներով ընդունվեց փաստաթուղթ՝ 4 ղեկավարների կողմից ստորագրված, որը մեծ հաշվով արտացոլում է խաղաղության, երկարատև կայուն և արժանապատիվ խաղաղության հիմքերը, ուղղությունները, և ուղենիշ է այդ խաղաղության համար, այդ թվում և՝ խաղաղության պայմանագրի համար: Այստեղ տեղ գտած սկզբունքներով է, որ մենք առաջնորդվում ենք խաղաղության պայմանագրի մասին խոսելիս և այդպես եղել է շարունակաբար: Գիտեք, որ արդեն 6-րդ փուլն է մեկնաբանություններով կամ խմբագրություններով փոխանակվելու կամ հանդիպել-բանակցելու: Ամբողջ ընթացքում էլ հենց սրանք են եղել մեր ուղենիշները: Ավելորդ չեմ համարում հիշեցնել:

Սկզբունքներից առաջինը՝ երկու երկրների կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային  ամբողջականության ճանաչումն է. ընդ որում, մենք այստեղ ուզում ենք առանց այլևայլությունների առավելագույն կոնկրետություն ապահովել։ Այս նպատակով է, որ նշվում են երկու երկրների տարածքների մակերեսները՝ 29 800 և 86 600՝ համապատասխանաբար: Սրանք այն տարածքներն են, որոնք նաև, ըստ էության, եղել են Հայաստանինը և Ադրբեջանինը խորհրդային ժամանակաշրջանում, և այնուհետև Ալմա-Աթայի հռչակագրով, երբ ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև բոլոր ԱՊՀ ստեղծող և անդամակցող բոլոր նախկին խորհրդային սոցիալիստական հանրապետությունները պայմանավորվեցին, որ միմյանց միջև խորհրդային շրջանում գոյություն ունեցած վարչական սահմաններն այժմ ճանաչվում են որպես միջպետական սահմաններ։ Եթե շատ տառացիորեն նայենք, սա գրված է ԱՊՀ ստեղծման հիմնադիր փաստաթղթում։ Երբ որ ասում ենք Ամլա-Աթա, սա այն փաստաթուղթն է, որով Հայաստանը և մյուս երկրները միացել են այդ ԱՊՀ ստեղծման փաստաթղթին, բայց սա տեխնիկական նրբերանգ է, տեխնիկական ուղղում շտկում է։

Երկրորդ սկզբունքը, գիտեք, որ մենք պայմանավորվել էինք, և կա այդ մասին միջազգային ընկալում, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց: Եվ, ահա, երկրորդ սկզբունքը խոսում է այն մասին, որ սահմանազատման գործընթացը և հետագա դեմարկացիայի գործընթացը պետք է տեղի ունենա խորհրդային շրջանի ամենաթարմ, օրինական, լեգիտիմ քարտեզների հիման վրա։ Դրանք են նախևառաջ 1974-78 թվականների քարտեզների խումբը, որոնց պայմանական անվանումն ավելի ընդունված է ասել 1975 թվականի։ Եվ մեծ հաշվով, որպես սկզբունք, Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանների հիման վրա։ Մեր համոզմամբ և մեր կարծիքով նաև միջազգային հանրության ընկալմամբ և համոզմամբ, և իմ տպավորությամբ, որքան կարող եմ դատել, և սա մի փոքր գուցե համարձակ դատողություն էլ լինի, բայց իմ տպավորությամբ նաև Ադրբեջանի ընկալմամբ այսպես է, որ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթացը։

Եվ վերջապես երրորդ սկզբունքը շատ շահարկված, շատ արծարծված թեման՝ տարածաշրջանի ապաշրջափակումը։ Ես ուզում եմ կրկին առիթն օգտագործել ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն դեմ չէ, այլև շահագրգիռ է, եթե կուզեք՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն ամենահիմնական շահառուներից մեկն է համարում տարածաշրջանի ենթակառուցվածքների, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի և այստեղ մենք շատ պարզ, ընկալելի և ընդունելի պատկերացումներ ունենք այս գործընթացի մասին։

Բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն և օգտագործվեն հարևան երկրների կողմից (այսինք՝ մենք իրենցը, իրենք մեր ենթակառուցվածքները) պետք է շարունակեն գործել այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Այստեղ երկիմաստություններ և այլևայլություններ չեն կարող լինել։ Եվ նաև պետք է ապաշրջափակվեն ենթակառուցվածքները փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա։ Ավելին ասեմ, մենք կարծում ենք, որ այդ սկզբունքները պետք է վերաբերեն նախկինում գործած, վերականգնման ենթակա, գործող, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նոր կառուցվող ենթակառուցվածքներին, ոչ միայն Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում, այլև ավելի լայն տարածաշրջանում։ Մենք նկատի ունենք նաև Գյումրի-Կարս երկաթուղին, նաև Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, և այլ ճանապարհներ, երկաթուղիներ: Մեծ հաշվով սա այն է, ինչ մենք անվանում ենք «‎Խաղաղության խաչմերուկ», և ուզում եմ ձեզ ասել, որ «‎Խաղաղության խաչմերուկի» կայացումը և դրա միջազգային մասնակցայնությունն այս ծրագրին, նախագծին, եթե կուզեք, կրկին արտաքին գործերի նախարարության քաղաքական առաջնահերթություններից է լինելու քննարկվող 2024 տարում։

Մյուս ուղղություններին ուղղակի այսպես արագ, եթե թույլ կտաք, անդրադառնամ: Եթե հարցեր կլինեն, կմասնավորեցնեմ: Մեզ համար շատ կարևոր է նաև Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա կարգավորման գործընթացը: Գիտեք, որ ես բոլորովին վերջերս Թեհրանում, մի քանի օր առաջ, ըստ էության, հանդիպեցի Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Նախկինում նաև նախկին նախարարին էի հանդիպել: Կան նաև հատուկ ներկայացուցիչները երկու երկրների ղեկավարների կողմից նշանակված և կա գործընթաց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ուզում եմ լավատեսություն հայտնել՝ ասելով, որ առնվազն այն մեր պայմանավորվածությունը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանը բացելուն հատուկ խմբի մարդկանց համար, այն է՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն, և նաև երրորդ երկրների բոլոր քաղաքացիների համար, ովքեր տարբեր նպատակներով (օր. զբոսաշրջության) մի երկրից կցանկանան անցնել մյուսը, այս խումբ մարդկանց համար նախևառաջ բացել սահմանը և հետո արդեն շարունակել քննարկումը: Հիմա ես ուզում եմ լավատեսություն հայտնել, որ մոտ ապագայում մենք այստեղ լավ նորություններ գուցե ունենանք: Կրկին մենք շահագրգիռ ենք մեր 4 հարևանների հետ առնվազն կարգավորված հարաբերություններ ունենալ:

Երբ խոսում ենք հարևաններից, իհարկե պետք է նշենք նաև մեր բարեկամներին, ում հետ մենք արդեն իսկ ունենք շատ սերտ համագործակցություն, գործընկերություն. Վրաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը: Այս երկրների հետ մենք իսկապես վայելում ենք մտերիմ բարեկամական հարաբերություններ, ունենք ծրագրեր, մի շարք ծրագրեր ընթացքի մեջ են, կյանքի կոչված են, մի շարք ծրագրեր էլ այս պահին քննարկվում են և բարեհաջող ընթացքի դեպքում հաճույքով կտեղեկացնենք նաև հանրությանը: Բայց այս պահին ասեմ, որ, այո, մեր համար ուղենիշ է զարգացնել մեր արդեն իսկ շատ լավ, բարեկամական հարաբերությունները այս մեր երկու բարեկամների և հարևանների հետ: Անշուշտ, նկատած էլ կլինեք, և մենք շարունակելու ենք բազմաոլորտ համագործակցությունը մեր մյուս բարեկամների հետ, օրինակ՝ Ֆրանսիայի հետ: Տեղի են ունենում մշտապես փոխադարձ բարձրաստիճան պաշտոնյաների այցեր, երկխոսությունը շարունակական է և այդպես էլ շարունակելու է մնալ: Մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ: Ուզում եմ հատուկ ընդգծել Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերը նաև մինչ այս պահը Հայաստանի Հանրապետության սահմանային կայունության և անվտանգության գործում: Ուզում եմ հիշեցնել, որ մենք, պայմանականորեն ասած, բացահայտում ենք Եվրոպական միության հետ համագործակցության նոր ուղղություններ. օրինակ՝ քաղաքական և անվտանգային երկխոսությունը: Կան նախկինում պայմանագրերով, «CEPA»-ով  ստանձնած պարտավորություններ և հանձնառություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն և՛ մեր կողմից և՛ Եվրոպական միության կողմից, և այստեղ ես կուզենայի առանձնացնել վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը: Կան ուղենիշային նախաձեռնություններ. հիշում եք 2.6 միլիարդ եվրոյի մասին հայտարարությունները և այլն, և այլն: Նույն կերպ մենք շարունակելու ենք զարգացնել մեր հարաբերությունները, մենք կարևորություն ենք հաղորդում մեր հարաբերություններին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ավանդական մեր գործընկերների՝ Ռուսաստանի Դաշնության հետ, ում հետ մենք բազմաթիվ և կրկին բազմաոլորտ կապերով ենք կապված: Կան որոշ խնդիրներ այս՝ ՌԴ հետ հարաբերություններում. մենք շատ բաներով բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք, որքան հասկանում եմ, Ռուսաստանի Դաշնությունում նույնպիսի վերաբերմունք կա: Մենք համոզված ենք, որ այն, ինչից մեր ռուսաստանցի գործընկերներն են զարմանում, հետևանք է այն քաղաքականության, որը մենք տեսել ենք, զանազան մեդիա եթերներում և այլն: Բայց սա երկար պատմություն է, սա առանձին թեմա է: Ուզում եմ ասել, որ մենք այստեղ որևէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել, հասկանալ հարթել և բարեկամաբար, գործընկերաբար առաջ շարժվել: Սա է մեր դիրքորոշումը, մենք աշխատում ենք այս ուղղությամբ և հուսանք կստացվի: Անշուշտ, արտաքին հարաբերությունների ոլորտում ոչինչ մեկ կողմից կախված չէ. յուրաքանչյուր բան կախում ունի մյուս կողմից:

Չեմ ուզում մոռանալ, իհարկե Հնդկաստանին, Չինաստանին: Հնդկաստանի հետ մեր հարաբերությունների զարգացումը նաև հրապարակային է. կլինեն նոր ուղղություններ, նոր ծրագրեր, որոնց մասին կրկին, ստացվելու դեպքում, հաճույքով  կհայտարարենք: Չինաստանի հետ մենք շահագրգռված ենք ուղիղ, չմիջնորդավորված գործընկերային հարաբերությունների զարգացմամբ:

Բայց այնուամենայնիվ, վերադառնամ նաև բյուջեին, բյուջետային ծրագրերին: Այո, արդեն ինչպես նշվեց, մեր հայտով ուզել ենք 17 միլիարդ 204 միլիոն, մի փոքր ավել, ես կլորացված կասեմ թվերը, և ֆինանսների նախարարության հետ քննարկման արդյունքում և Կառավարությունում քննարկման արդյունքում ձեզ ենք ներկայացրել 16 միլիարդ 616 միլիոնի հայտ: Այս ֆինանսական ռեսուրսները բաշխված են հինգ ծրագրերում:

Ամենախոշորը, իհարկե, և հիմնականն արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակումը և իրականացումն է: Սա թվով 1061 ծրագիրն է, եթե հետաքրքիր է, 2 միլիարդ 733 միլիոն: Այստեղ է այն ամենը, ինչի մասին ես խոսում էի քիչ առաջ և շատ այլ բաներ: Այսինքն, սա մեր հիմնական ծրագիրն է, միայն ավելացնեմ, որ մի հետաքրքիր դետալ ենք ավելացրել այս տարի այս ծրագրում, և կուզեմ այդ մասին ասել: 2024թ. սեպտեմբերին Հնդկաստանի ORF հիմնադրամի հետ՝ սա այն հիմնադրամն է, որը հայտնի հնդկական «Raisina Dialogue» ամենամյա միջոցառումն է իրականացնում, մենք Երևանում 2024թ. սեպտեմբերին նախատեսում ենք անցկացնել «Yerevan Dialogue» միջազգային համաժողովը: Սա մեծ հնարավորություն կտա մեզ զարգացնել մեր հարաբերությունները կրկին և՛ Հնդկաստանի հետ, և՛ ունենալ այլ հյուրեր և առհասարակ, Հայաստանը միջազգային քաղաքական, գիտական, նորարարական լույսի ներքո ներկայացնել: Հայաստանի Հանրապետությունը և մեր նախարարությունը չափազանց կարևորում ենք այս ծրագիրը:

Մյուս ծրագիրը` 1128, վերաբերում է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպմանը և իրականացմանը՝ 11 միլիարդ 638 միլիոն 700 հազար դրամ: Այս ծրագրի նպատակը երկկողմ և բազմակողմ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության լավագույնս ներկայացումն է։ Մենք նախատեսում ենք դիվանագիտական ներկայացուցչություններ բացել մի շարք երկրներում: Հուսով եմ գիտեք, որ օրինակ վերջերս Կորեայի Հանրապետությունը մեզ տեղեկացրել է  պաշտոնական հայտագրով, որ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երևանում, Հայաստանի Հանրապետությունում։ Անշուշտ, մենք էլ ցանկություն ունենք Կորեայում՝ Սեուլում բացել ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն։ Կարծում ենք, որ մեծ ներուժ կա Հայաստան-Կորեա հարաբերություններում, և դեսպանության բացումը փոխադարձաբար երկու մայրաքաղաքներում կնպաստի, որ այդ ներուժը ավելի լավ իրացվի։ Լյուքսեմբուրգում ենք հիմնում դիվանագիտական ներկայություն։ Կորեայի մասով դեռ բյուջեում արտացոլված չի, ավելի շատ ուղենիշային առումով ասեցի։ Լյուքսեմբուրգն արտացոլված է: Գուցե, նկատել եք, հրաշալի հարաբերություններ ունենք վաղուց ի վեր Լյուքսեմբուրգի հետ։ Այստեղ նաև շատ տեխնիկական հարցեր էլ կան. դեսպանությունները պետք է պահել, պարբերաբար վերանորոգումների կարիք է լինում, ինֆլյացիա կա բազմաթիվ երկրներում, գնաճ կա բազմաթիվ երկրներում, բնակվարձերը, նաև կենցաղը դիվանագետների, ավտոպարկը, որը ևս պարբերաբար թարմացվում է: Մենք էական, շոշափելի, նկատելի քայլեր ենք արել այս բոլոր տեղերում։

Հաջորդ ծրագիրը՝ 1 միլիարդ 743 միլիոն, համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ, այստեղ նաև մեր անդամավճարներն են։ Մենք անդամակցություն ենք ունենալու 110 միջազգային կազմակերպությունների:

Մյուս ծրագիրը վերաբերում է դիվանագիտական դպրոցին։ Սա միջազգային հարաբերություններ և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումն է, 1050 ծրագիրն է։ Այստեղ ֆինանսավորումն ավելացել է 90 միլիոնով. մենք կարևորում ենք այս ուղղությունը։ Սա մի յուրահատուկ դարբնոց է, որտեղից արտաքին գործերի նախարարությունը կադրեր է վերցնում: Այն իրականացնում է նաև մասնագետների վերապատրաստման ծրագրեր: 2023 թվականին դիվանագիտական դպրոցը շարունակել է վերապատրաստման ծրագրեր անել նաև օտարերկրյա դիվանագետների համար, մասնավորապես Իրաքյան Քուրդիստանից մի խումբ դիվանագետներ անցել են վերապատրաստում, և մենք ընդլայնելու ենք և´ աշխարհագրությունը, և´ չափը այս ծրագրերի։

Ծրագրերից մնաց վերջին 5-րդը (1178)։ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում։ Մենք 2024 և 2026 թվականներին անցկացնելու ենք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ և 6-րդ Գլոբալ ֆորումները և այլ միջոցառումներ։

Շնորհակալություն:»

***

Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին։ Տարածաշրջանային «3+3» (փաստացի 3+2) հարթակի մասով նախարար Միրզոյանը նշվել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը և ներգրավված է այս հարթակում։ «Խաղաղության խաչմերուկի» ծրագրին անդրադառնալիս նախարար Միրզոյանն ընդգծել է, որ կարճ ժամանակ է, ինչ ՀՀ կողմից ներկայացվել է ծրագիրը, բայց արդեն կա հետաքրքրություն, իսկ ընդհանուր քաղաքականության առումով Հայաստանը շահագրգռված է, որպեսզի Արևելքն ու Արևմուտքն իրար կապող կապուղիներն անցնեն նաև Հայաստանով։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930