Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Ռուսաստանը պատրաստվում է Սյունիքում հյուպատոսություն բացել։ «Բոլոր երկրների կողմից մեսիջը նույնն է՝ ներկայացված լինել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ։ Երկրները բացում են հյուպատոսություններ՝ հաշվի առնելով համայնքը, տնտեսական, քաղաքական շահերը։ Նույն հանգամանքներն են, ինչ Իրանի դեպքում, նաեւ Ֆրանսիան է հայտարարել դրա մասին, կարծում եմ՝ մյուս երկրներից էլ կլինի ուշադրության աճ»,- ասաց նա։
Հարցին, որ Գյումրում է ՌԴ-ն գլխավոր հյուպատոսությունը, ինչո՞ւ է տեղափոխվում Սյունիք, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Չի տեղափոխվում, սա լրացուցիչ քայլ է։ Գլխավոր կարող են լինել մի քանի հյուպատոսություններ»։
Դիտարկմանը, որ մի կողմից Հայաստանը դժգոհում է Ռուսաստանի հետ հարաբերություններից, ՀԱՊԿ-ից, եւ այս ֆոնին այս որոշումն ի՞նչ է նշանակում, նա պատասխանեց․ «Տարաձայնություններ ունենք այլ երկրների հետ էլ, Եվրամիության հետ կապված շատ դժգոհ ենք վիզաների իրավիճակով։ Վերջին անգամ եղել էր համապատասխան ենթակոմիտե, հայտնել ենք խիստ դժգոհություն վիզաների հետ կապված։ Բայց դա չի նշանակում, որ Եվրամիության հետ հարաբերությունները գտնվում են ճգնաժամային վիճակում։ Տարաձայնությունները մնում են իրենց տեղում, բայց հարաբերությունները շարունակվում են իրենց հունով»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ