«Մենք բյուջեում պլանավորում ենք այն պատրաստի ծրագրերը, որոնք այս պահին մեզ համար տեսանելի են։ Մենք խոսում ենք «խաղաղության խաչմերուկի» մասին, եւ երբ արդեն կոնկրետ թղթի վրա կլինեն ծրագրեր, այսինքն՝ հստակ պայմանավորվածություններ, որ երկաթուղին աշխատելու է, այդ ժամանակ դա տեղ կգտնի մեր բյուջեում»,- այսօր 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա ասաց, որ այնքան էլ արդյունավետ չէր լինի հիմա երկաթուղի կառուցելը, երբ վստահ չեն, որ մյուս տարի բոլոր քաղաքական հարցերը կլուծվեն։
«Փոխարենը մենք կենտրոնացած ենք Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածի կառուցման վրա, որը թե՛ մայրուղու ընդհանուր աշխատանքի եւ թե՛ ռազմավարական ու անվտանգային տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի։ Եվ, ցավոք, սրտի տեւական ժամանակ է, մենք այս ուղղությամբ աշխատում ենք եւ հիմա նոր կարող ենք որոշակի վստահ քայլեր անել առաջ»,- ասաց նախարարը։
Վահե Հովհաննիսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ պաշտպանությանն ուղղված բյուջեի ծավալը շատ մեծ է։ «Միաժամանակ, պաշտպանությանն այդքան շատ գումար տալու հետ մեկտեղ մենք կարողացել ենք 110 մլրդ դրամի դպրոցաշինության ծրագիր նախատեսել։ Եթե մենք փորձենք վերնագիր դնել մեր բյուջեին, ես հենց դա վերնագիր կդնեի՝ մենք միաժամանակ փորձում ենք լուծել մեր այսօրվա անվտանգային հարցերը, բայց նաեւ երկարատեւ ներդրում ենք անում նրա մեջ, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանն ապագայում»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ