Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ և IFES-ի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ ազդարարում է «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» ծրագրի մեկնարկի մասին։ Նոյեմբերի 3-ին ԿԸՀ վարչական շենքում Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան, Ն․Գ․ Ջոն Գալագերը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) տնօրեն Ժերոմ Լեյրոն և ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Ծրագիրը կգործի երեք հիմնական ուղղություններով՝ կիբերանվտանգության մարտահրավերների նկատմամբ ԿԸՀ դիմակայության բարելավում, քաղաքական ֆինանսավորման և հանրային ռեսուրսների չարաշահման նկատմամբ վերահսկողության բարելավում և ՀՀ քաղաքացիների քաղաքացիական կրթության հմտությունների զարգացում՝ ժողովրդավարական բոլոր գործընթացներում մասնակցության ապահովման նպատակով։
ՄԹ դեսպան Ջոն Գալագերը ուրախությամբ ազդարարեց ծրագրի մեկնարկի մասին՝ ասելով, որ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները լավ օրինակ էին ՀՀ ժողովրդավարական գործընթացների հասունացման։ Դեսպանն ընդգծեց՝ ծրագիրն ուղղված է ՀՀ ժողովրդավարական հենասյուների ամրապնդմանը։
Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն ևս կարևորեց ծրագրի մեկնարկը՝ ուրախությամբ արձանագրելով ԿԸՀ-ի հետ համագործակցության ընդլայնումը։
Կարդացեք նաև
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ վերահաստատելով, որ ժողովրդավարությունը Հայաստանի զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունի։ Ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրությունները ժողովրդավարության անկյունաքարն են։ ԿԸՀ նախագահը նաև հավելեց, որ 2024 և 2025 թվականներին հերթական ընտրություններ չեն սպասվում, ուստի ԿԸՀ աշխատակազմն իր ողջ ներուժը ներդնելու է ընտրական համակարգերի հզորացմանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով