ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր վիճաբանություն տեղի ունեցավ ԱԳ նախարարի Արարատ Միրզոյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի միջեւ։
2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, մեղադրելով նախկիններին, Քրիստինե Վարդանյանին ասել էր․ «Սովոր էիք եւ այդպես էր կարգը, որ պիպետկով կաթացնեն այնքան զենք, ինչքան պետք է, եւ չկաթացնեն այնքան զենք, երբ դրա կարիքը լինի»։
«Ձեզ հարց ենք տալիս, դուք անընդհատ գնում եք կամ պիպետկայի կողմը, կամ շպիոնության։ Ինչ-որ խնդիր կա՞ այդտեղ»,- արձագանքել էր Քրիստինե Վարդանյանը։
Քրիստինե Վարդանյանի հարցերին պատասխանելուց հետո Արարատ Միրզոյանն ասաց, որ բովանդակային պատասխանը տվեց։ «Իսկ լաչառության մեջ մտնելու պատրաստ չեմ»,- հավելեց Արարատ Միրզոյանը։
Կարդացեք նաև
Գեւորգ Պապոյանը միջամտեց եւ ընդդիմության հանրահավաքների մասին ռեպլիկ արեց․ «Հանրահավաքներ են անում, մարդիկ են գերդոզավորումից մեռնում, հիմա ի՞նչ անենք, պարոն Միրզոյան»։ «Ինչի՞ց եք ուրախ, մարդիկ մահանում են, այո, հետո՞»,- արձագանքեց Քրիստինե Վարդանյանը։ «Ես ասում եմ, որ հանրահավաքներ եք անում, ու գերդոզավորումից ձեր հանրահավաքներին մարդիկ են մահանում։ Ուզում եմ ասեմ՝ մի հատ լավ նայեք ձեր կողմնակիցների գրպանները, կարող է պիպետկեքը իրենց կողքերը թափած լինեն»,- շարունակեց Գեւորգ Պապոյանը։ «Եկեք գնանք հանձնենք թեստեր, տեսնենք ում գրպանում ինչ կա ընդհանրապես։ Դուք ֆուտբոլի մեկնաբան չեք»,- արձագանքեց Քրիստինե Վարդանյանը։
«Լռեք, պապանձվեք, ես եմ որոշում՝ դուք խոսեք, թե ոչ»,- շարունակեց Պապոյանը։ Քրիստինե Վարդանյանը կոչ արեց հարգանքով խոսել։
«Իմ ժամանակը թանկ է, եկեք հարցերին անդրադառնանք»,- միջամտեց Արարատ Միրզոյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ