Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական ախորժակը Արցախով գրգռվել է, եւ դուք չունեք որեւէ ռեսուրս՝  զսպելու դա․ մենք ինքնիշխանության կորուստ ենք ունենում»․ Քրիստինե Վարդանյան

Նոյեմբեր 03,2023 12:49

«Որքան դուք շատ եք խոսում սուվերենությունից եւ ինքնիշխանությունից, այնքան մենք սուվերենության եւ ինքնիշխանության կորուստ ենք ունենում»,- ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորը հավելեց․ «Ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը, եթե Երեւանում տեղադրվում է արձան, որից հետո Թուրքիայում լինում է արձագանք, եւ Հայաստանի ամենաբարձր պաշտոնյաները հերթով սկսում են քննադատել արձանի տեղադրումն ու ասել, որ իրենք դրա հետ կապ չեն ունեցել։ Փաստ է, որ որպես ժողովուրդ ու պետություն՝ այս փուլում մեր ամենակարեւոր ու գլխավոր խնդիրը սեփական անվտանգության ապահովումն է։ Ու այս ճանապարհին մեզ համար ամենամեծ խնդիրներից մեկը Հայաստանում պետական մակարդակով հնչեցվող թեզերն են։ Ես ուզում եմ, որ դուք այսօր երկու թեզերի անդրադառնաք, որոնք քարոզում եք դուք ինքներդ ու ձեր ուժը։ Առաջինը՝ ջանք չի խնայվում՝ պետական մարդակով քարոզելու, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ ամենամեծ խնդիրը Արցախի հարցն էր։ Եվ հիմա էլ փորձ է արվում համոզել, որ Արցախի օկուպացիայով գլխավոր խնդիրները վերացել են, եւ հնարավորություն է ստեղծվել հարաբերությունները կարգավորելու եւ այսպես կոչված պայմանագիր կնքելու։ Խնդրում եմ պատասխանել՝ 2023 թվականի նոյեմբերի 3-ի դրությամբ ՀՀ տարածքից քանի՞ քառակուսի կմ տարածք է օկուպացված Ադրբեջանի կողմից»։

Ըստ Քրիստինե Վարդանյանի՝ երկրորդ թեզը, որը դարձյալ իշխող ուժի մակարդակով է քարոզվում, այն է, որ հնարավոր է եվրոպացի պաշտոնյաների ծափողջույններով ապահովել անվտանգությունը։ «Դուք բառացիորեն որդեգրել եք անվտանգության ապահովման ծափողջույնային դոկտրինը։ Եվ այս առումով աշխարհում առաջինն եք։ Հինգ տարի  է՝ ամբողջական իշխանություն եք, եւ ո՞ր երկրների հետ է ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություն մեր անվտանգության ապահովման ուղղությամբ։ Խոսքն այստեղ զենքի վաճառքի պայմանագրի մասին չէ, ի՞նչ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ո՞ր երկրների հետ։ Եվ այս համատեքստում մեր հանրությանը կասե՞ք՝ ինչո՞ւ Իրանի կողմից անվտանգության ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկությունները որեւէ առաջընթաց չեն գրանցում ձեր կողմից, ի՞նչ կաշկանդվածություն ունի ՀՀ կառավարությունը, որ այս կոնկրետ առաջարկներն այդպես էլ իրականություն չեն դառնում»,- հարցրեց նա։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց․ «Դժվար է արձագանքել ձեզ, տիկին Վարդանյան ու մնալ այն սահմաններում, որում ես կուզենայի մնալ, բայց կփորձեմ։ Ձեր խոսքից ես երկու տպավորություն կարող եմ ունենալ. մեկը, որ ձեր՝ դեպի իշխանությունը ատելության ծավալն այնքան մեծ է, որ դուք չեք տեսնում որոշ իրողություններ։ Երկրորդ մեկնաբանությունն ավելի վատն է՝  դուք տեսնում եք, հասկանում եք, բայց ուղղորդված կերպով փորձում եք ներկայացնել այն լույսի ներքո, որը ներկայացնում եք։ Ասում եք՝ ձեր իշխանության օրոք անընդհատ տեսնում ենք ինքնիշխանության կորուստ, ես խնդրում եմ բերել մեկ օրինակ։ Դուք մեկը բերեցիք՝ արձանի վերաբերյալ ինչ-որ մեկնաբանություն։ Եկեք մի հատ վերլուծենք ՀՀ ինքնիշխանության, ամրության աստիճանն այս շրջանում եւ այն շրջանում, երբ դուք կամ ձեր ներկայացրած ուժն այս կամ այն կերպ առնչվել է իշխանությանը։ Աղմկահարույց գործարքներ, որոնցով ՀՀ-ն իր ենթակառուցվածքների, չգիտեմ ինչերի մի մասը տվել է այլ երկրների կամ երկրի։ Եկեք մի օր նստենք կամ անկախ փորձագետները նստեն վերլուծեն՝ ո՞ւմ օրոք է Հայաստանն ինքնիշխանության կորուստ ունեցել, եւ ո՞ւմ օրոք է ինքնիշխանության ամրապնդում եղել։ Երբ ինքնիշխանությունը վերջիվերջո հանգում է կռվելուն, որպեսզի պաշտպանես քո տարածքն ու ինքնիշխանությունը, զենքերի ու սպառազինությունների մատակարարումներին ու դրանց դիվերսիֆիկացմանը, եկեք նայենք եւ վերլուծենք, թե ո՞ւմ օրոք է ՀՀ-ն եղել ավելի ինքնիշխան կամ առնվազն տեսանելի կոնկրետ քայլեր ձեռնարկել իր ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ։ Հեգնանքով ասում եք, որ մենք չենք կարողանում զենք ձեռք բերել, մենք կարողանում ենք զենք ձեռք բերել անհամեմատ ավելին եւ անհամեմատ շատ երկրներից, քան ձեր քաղաքական կուսակցությունը կհանդգներ կամ կերազեր իր ամենապայծառ երազում՝ այդպիսի գործարքներ անել, գնալ տարբեր երկրներ եւ խնդրել։ Սովոր էիք եւ այդպես էր կարգը, որ պիպետկով կաթացնեն այնքան զենք, ինչքան պետք է եւ չկաթացնեն այնքան զենք, երբ դրա կարիքը լինի, որպեսզի այդտեղ էլ ՀՀ-ն հաշվարկված կերպով ծնկի բերվի, եւ գործի դրվեն այլ սցենարներ։ Բարեբախտաբար հիմա այլ իրավիճակում ենք։ Իհարկե, կան լոգիստիկ խնդիրներ, եթե չլինեն դրան, մենք շատ ավելին կարող ենք անել ու բերել, ընդ որում, խոսքը պաշտպանական զենքերի մասին է, մենք որեւէ հարձակվողական նպատակ չունենք։ Կրկին հեգնանքով ասում եք՝ ի՞նչ պայմանավորվածություններ եք ձեռք բերել, որ մեր երկիրը անվտանգություն ունենա։ Իբր ձեր ձեռք բերած, ֆիզիկապես բերած կանգնեցրած պայմանավորվածություններն աշխատեցի՞ն, մի գրամ չաշխատեցին։ Խաղաղապահների մեխանիզմը չաշխատեց Լեռնային Ղարաբաղում, ՀՀ ինքնիշխան տարածքի վրա եղան հարձակումներ 2020 թվականից հետո։ Եվ բոլոր այն մեխանիզմները, որոնք ձեր օրոք գծվել են եւ ձեր կողմից փայփայվում են ու քարոզվում, չաշխատեցին։ Մեր ծափողջույնները, Աստված մի արասցե, որ կարիք լինի դրանց կենսունակությունն ստուգելու, բայց մենք ունենք նաեւ քաղաքացիական դիտորդական առաքելություններ սահմանների հատվածում։ Եվ կարծես թե բարեբախտաբար այդ հատվածներում խոշոր միջադեպեր չունենք»,- ասաց Արարատ Միրզոյանը։

ԱԳ նախարարը նշեց, որ աշխարհն այնպես է փոխվում, որ երաշխիքներն ու պայմանավորվածությունները դժվար են աշխատում։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ ՀՀ տարածքից այսօր ադրբեջանական ուժերի վերհսկողության ներքո է գտնվում 200 քկմ տարածք։ Նա նշեց, որ այդ թվում են դեռեւս 1990-ականներից բռնազավթված տարածքները։

Քրիստինե Վարդանյանը հավելեց, որ սուվերենության կորստի օրինակները բազմաթիվ են։ «Օրինակ՝ այն նահատակների աճյունները, որոնք չենք կարողանում ընտանիքներին վերադարձնել, ՀՀ տարածքում կառուցվող գործարանների վրա կրակոցները, այն թռիչքները, որոնք հայտարարում եք, որ Կապանի օդանավակայանից պետք է լինեն եւ այդպես էլ չեն լինում, եւ անհայտ են պատճառները, ՀՀ տարածքում գտնվող օդանավակայանի վրա կրակոցները, Գորիս-Կապան ճանապարհի օկուպացիան եւ ընդհանրապես այն ամենը, ինչ հիմա Հայաստանում կատարվում է։ ՀՀ շուրջ 200 քկմ տարածք օկուպացված է Ադրբեջանի կողմից, ու փաստ է դա, որը վկայում է, որ Ադրբեջանը երբեք չի էլ փորձել սահմանափակվել միայն Արցախով։ Խնդիրն ավելի լայն է, եւ ադրբեջանական ախորժակը Արցախով միայն ավելի գրգռվել է, եւ դուք չունեք որեւէ ռեսուրս՝  զսպելու այդ ախորժակը։ Միակ բանը, որ ասացիք, 200 ԵՄ դիտորդները, որոնք զինված են հեռադիտակներով։ Դա է եղել ձեր ձեռքբերումը այս 5 տարվա ընթացքում։ Դուք ամեն անգամ ցույց եք տալիս, թե մենք ինչո՞ւ ենք այս աղետալի վիճակում։ Դուք ոնց պատասխանում եք պատգամավորներին, այդպես էլ բանակցում եք։ Ես չեմ հասկանում, դուք մանթրայի պես ամեն անգամ կարող եք գալ ու կրկնել՝ նախկինները, նախկինները, այդ վատ նախկինները եւ 30 տարեկանը հազիվ բոլորածին մեղադրեք պետական թալանի մեջ։ Դուք իշխանություն եք, եթե դուք որեւէ փաստ ունեք, եկեք ես ու դուք հենց հիմա գնանք ոստիկանություն, եւ դուք ներկայացրեք հանցագործության մասին հաղորդագրություն։ Մեր ներկայացրած հաղորդումներին ոստիկանությունն ընթացք չի տալիս։ Ձեզ պարզ հարցեր են տալիս ՀՀ անվտանգության մասին, որոնք հետաքրքրում են բազմաթիվ մարդկանց։ Ես չգիտեմ՝ ձեր ֆրակցիայում ոնց է, բայց այս երկրում ժողովրդին ներկայացնելու առաջնային մանդատ  ունի միայն ԱԺ պատգամավորը, հետեւապես ձեր պատասխաններում այսուհետ հաշվի առեք դա»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930