«3+3-ը դա քննարկումների հարթակ է, որտեղ հիմնարար է հավասարությունը։ Սա 3 փոքրի եւ 3 մեծի մասին չէ, այդպես չի կարելի ընկալել։ Սա 6, առնվազն 5 պետության խոսակցություն է, այս խոսակցությունն ընդամենը երկու անգամ է տեղի ունեցել, կապրենք կտեսնենք»,- ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը կարեւորում է տարածաշրջանային համագործակցությունը, դրա համար է համաձայնել մասնակցել այդ հարթակին։
ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց․ «Ցավոք, էն մյուս 3-ը մեզ նայում են որպես փոքր 3-ի։ Մեր մեղքը չէ, բայց իրականությունը դա է»։ «Պարոն Արսենյան, կարծում եմ՝ բոլորս էլ նայել ենք քարտեզները, Հայաստանը ծավալներով իսկապես փոքր երկիր է, ես հակառակը չեմ պնդում։ Ես ասում որ 3+3 հարթակը հավասար երկրների խոսակցություն է»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը։
Անդրանդառնալով «խաղաղության խաչմերուկին»՝ Արարատ Միրզոյանն ասաց․ «Մենք բլեֆ չենք անում, երբ մենք առաջարկել ենք «խաղաղության խաչմերուկ», գիտակցել ենք, թե ինչ ենք առաջարկել։ Եվ մենք իսկապես ուզում ենք, Արեւելքն ու Արեւմուտքը, Հյուսիսն ու Հարավը կապվեն իրար, այդ թվում՝ նաեւ Հայաստանի տարածքով։ Վստահաբար մենք դրանից միայն շահելու ենք, մենք պատրաստ ենք, շահագրգռված ենք։ Եվ ուրախությամբ ասեմ, որ չնայած հաշված օրեր է, ինչ մենք այս ծրագրի մասին խոսում ենք, բայց արդեն հետաքրքրությունը կա։ Կարծում եմ՝ լավ կլինի այս ծրագրի ճակատագիրը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ