«Մեզ համար շատ կարեւոր է ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացը»,- ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հիշեցրեց, որ օրերս Թեհրանում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ, եւ ասաց, որ Թուրքիայի հետ կա խոսակցություն։
«Կան նաեւ երկու երկրների կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչները, եւ կա գործընթաց, կա խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին։ Ուզում եմ լավատեսություն հայտնել՝ ասելով, որ կիրականացվի առնվազն մեր այն պայմանավորվածությունը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանը բացելուն հատուկ խմբի մարդկանց համար, այն է՝ ՀՀ եւ Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն եւ նաեւ երրորդ երկրների բոլոր քաղաքացիների համար։ Ահա, այս խումբ մարդկանց համար ուզում ենք նախ եւ առաջ բացել սահմանը, հետո արդեն շարունակել քննարկումները։ Ես ուզում եմ լավատեսություն հայտնել, որ մոտ ապագայում այստեղ լավ նորություններ գուցե ունենանք։ Մենք շահագրգիռ ենք մեր չորս հարեւանների հետ առնվազն կարգավորված հարաբերություններ ունենալ»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ