Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1974-1978 թվականների քարտեզների խմբի հիման վրա»․ Արարատ Միրզոյան

Նոյեմբեր 03,2023 11:25

«Սպառնալիքներից ենք խոսում, բայց ուզում եմ նշել, որ կան նաեւ ահռելի, շոշափելի հնարավորություններ, բայց սրա ճանապարհն անցնում է միմիայն խաղաղության ճանապարհով»,- այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի  քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա հավելեց․ «Մենք մեծ հույս ունեինք, որ այս ուղղությամբ մի մեծ քայլ կկատարվեր Գրանադայում վերջերս։ Ցավոք սրտի, Ադրբեջանի նախագահը անհրաժեշտ կամ հարմար չհամարեց մասնակցել այդ հանդիպմանը։ Ինչեւէ, Գրանադայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում, եւ հանդիպման արդյունքներով ի վերջո դուրս եկավ մի փաստաթուղթ՝ չորս ղեկավարների կողմից ստորագրված, որը մեծ հաշվով արտացոլում է երկարատեւ, կայուն եւ արժանապատիվ խաղաղության հիմքերը, ուղենիշ է այդ խաղաղության համար, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համար։ Եվ այստեղ տեղ գտած սկզբունքներով է, որ մենք առաջնորդվում ենք խաղաղության պամանագրի մասին խոսելիս։ Եվ այդպես եղել է շարունակաբար։ Գիտեք, որ արդեն վեցերորդ ռաուդն է՝ մեկնաբանություններով կամ խմբագրություններով փոխանակվելու կամ հանդիպել բանակցելու»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանը հիշեցրեց հիմնական սկզբունքները։ Առաջինը, նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է։ «Ընդ որում, այստեղ մենք ուզում ենք առանց այլեւայլությունների կոնկրետություն ապահովել։ Այս նպատակով է, որ նշվում են երկու երկրների հանրագիտարանային տարածքների մակերեսները՝ 29 800 եւ 86 600 քկմ։ Սրանք այն տարածքներն են, որոնք նաեւ եղել են Հայաստանինը եւ Ադրբեջանինը խորհրդային ժամանակաշրջանում եւ այնուհետեւ Ալմա-Աթալի հռչակագրով ամրագրվել են՝ ըստ որի ԽՍՀՄ վարչական շրջանները ճանաչվում են որպես միջպետական սահմաններ»,- հավելեց նա։

Երկրորդ սկզբունքը, նրա խոսքով, այն է, որ ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց։ Այս սահմանազատման եւ հետագա սահմանագծման աշխատանքը պետք է տեղի ունենա ԽՍՀՄ շրջանի ամենաթարմ օրինական ու լեգիտիմ քարտեզների եւ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանների հիման վրա։ Ըստ Միրզոյանի՝ այդ քարտեզները 1974-1978 թվականների քարտեզների խումբն է։ Նա նշեց, որ իր տպավորությամբ՝ նաեւ Ադրբեջանի ընկալումն է այն, որ այսպես պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթացը։

Երրորդ սկզբունքը վերաբերում է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ «Ես ուզում եմ կրկին առիթն օգտագործել՝ ասելու, որ ՀՀ-ն ոչ միայն դեմ չէ, այլեւ շահագրգիռ է, ՀՀ-ն իրեն համարում է տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի ամենահիմնական շահառուներից մեկը։ Մենք շատ պարզ, ընկալելի եւ ընդունելի պատկերացումներ ունենք այս գործընթացի մասին՝ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափկվեն եւ օգտագործվեն հարեւան երկրների կողմից, պետք է շարունակեն գործել այն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Եվ այստեղ երկիմաստություններ եւ այլեւայլություններ չեն կարող լինել։ Եվ նաեւ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է գործեն փոխադարձության եւ հավասարության սկզբունքի հիման վրա։Մեծ հաշվով, սա այն է, ինչը մենք համարում ենք «խաղաղության խաչմերուկ»»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930