Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար անտանելի է, որ ցեղասպանությունը ժխտողներին թույլ են տալիս ցույց անել հիշողության վայրում». «Ազգ»

Նոյեմբեր 03,2023 11:16

«Մենք Մուսթաֆա Քեմալի զինվորներն ենք», «1915-ին Հայոց ցեղասպանություն չի եղել, սուտ է», «Հուշարձանն արտոնված չէ», գոչել են թուրք ազգայնամոլները, Ցեղասպանությունն ուրացողները, որ անցյալ կիրակի՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 14-ին ժամանել են Քյոլնի Հոհենցոլլերնբրյուքե կամրջին մերձակա հրապարակ, Հայոց ցեղասպանության «Նուռ» պայմանական անվամբ հուշարձանի մոտ՝ տոնելու Թուրքիայի հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Հուշարձանին մոտենալ չի ստացվում՝ մինչ նրանց ժամանելը մեկ ժամ առաջ՝ ժամը 13-ին նույն վայրում հուշարձանը պաշտպանելու համար կենդանի պատ են կազմել Հայոց ցեղասպանության ականատեսների, վերապրողների ժառանգները, նաեւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որ «Հիշելով ցեղասպանությունը» նախաձեռնության անդամներ են: Թուրքերը 50 հոգով են ներկայացել հանրահավաքին, հայերն ու նրանց սատարողներն էլ այդքան կլինեն:

Հուշարձանի մոտ հավաքված հայերն ու նրանց սատարողները ժխտողների կոչերն ու ելույթները խլացնում են՝ սուլոցներով, «Ցեղասպանության ժխտողներ» վանկարկումներով, իտալական դիմադրության շարժման, հակաֆաշիստական հանրահայտ «Բելլա չաո» երգն են կատարում, Ազնավուրի «Լա Բոհեմը», գոռում են՝ «Հուշարձանը մնալու է», եւ ամենից հաճախ լսվում է թուրք ժխտողներին ուղղված՝ «դե կորե՛ք, դե փախե՛ք այստեղից» արտահայտությունը:

Կիրակի օրը նույնիսկ գերմանական ոստիկանությունն է հապաղել հայ ցուցարարներին պաշտպանելու գալ՝ թուրքերի հետ հնարավոր առճակատումը կանխելու նպատակով: Ոստիկանությունը ճիշտ է՝ հայերն ու նրանց պաշտպան կառույցի անդամները նախօրոք իրենց չեն ծանուցել, թե հանրահավաք են գումարելու, սակայն նրանց բացատրությունը բնավ արդարացնող հանգամանք չէ: Արդյո՞ք Բունդեսթագի բանաձեւը հատուկ պատասխանատվություն չի՞ ենթադրում իրավապահ համակարգի համար կամ՝ չի՞ անարգվում գերմանական օրենսդիրի պատիվը, երբ Հայոց ցեղասպանությունն իրագործողների ժառանգները Գերմանիայում հրապարակավ պղծում են զոհերի հիշատակը, ժխտում, ուրանում: Դաշնային ոստիկանությունը պիտի պարզապես արտոնություն չտա ֆաշիստների հավաքներին: Ոստիկանությունը այդուհանդերձ ուշացած ժամանում է, երբ ահազանգում է թաղապետ Անդրեաս Հուպքեն, որ Հայոց ցեղասպանության «Նուռ» հուշարձանը պաշտպանող խմբից անբաժան է եղել նաեւ անցյալ կիրակի:

Կատի Շթոլցենբախը (Kathy Stolzenbach) կիրակի օրվա զազրելի երեւույթին անդրադառնում է տեղական «Քյոլներ շտադտանցայգեր» թերթում հոկտեմբերի 29-ի երեկոյան՝ հոդվածը վերնագրելով «Թուրք ազգայնականներն ուրանում են Քյոլնի Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ»:

«Հիշելով ցեղասպանությունը» նախաձեռնող խմբի անդամներից Ալբրեհտ Քիզերի իրազեկմամբ, հայց են ներկայացրել ցույցի մասնակից թուրք ազգայնամոլների դեմ՝ ատելություն հրահրելու, ինչպես նաեւ Ցեղասպանությունը ժխտելու համար: «Մեզ համար անտանելի է, որ ցեղասպանությունը ժխտողներին, դա սուտ համարողներին թույլ են տալիս ցույց անել հիշողության վայրում»:

«Անասելի վրդովեցնող է ուշադրության բացակայությունն այն մարդկանց հանդեպ, որ այստեղ աղոթում եւ լուռ սգալ են ուզում իրենց սպանված նախնիների հիշատակին: Նման անհարգալից պահվածք չեմ տեսել», թաղապետ Հուպկեի կարծիքն է արձանագրում Քյոլնի տեղական թերթը, նաեւ ներկայացնում վերջինիս գոհունակությունը, թե «բազմամարդ ներկայությունը պաշտպանեց հուշարձանը: Մենք պիտի սատարենք մեր ժողովրդավարությունը՝ քաղաքացիական խիզախությամբ»:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930