ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը «բանակից թռնելու» կամ խուսափելու օրենսդրական նոր նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ։ Ըստ այդ նախագծի, ով պետական բյուջե վճարի 15 մլն դրամ, կազատվի պարտադիր զինծառայությունից: Հայկ Սարգսյանն իր նախագծում զինգրքույկի «վաճառքի ճկուն համակարգ» է սահմանել` պարտադիր զինվորական ծառայության 2 տարին ամիսների բաժանելով ու սակագներ սահմանելով։ Այսպիսով․ ով չունի 15 միլիոն, բայց ունի 10 միլիոն, կարող է վճարել եւ ծառայել 1 ամիս, 5 միլիոն դրամ ունեցողները կարող են ծառայել 6 ամիս, 2 միլիոն դրամ ունեցողները կծառայեն 1 տարի, իսկ դրանից պակաս ունեցողները կամ ընդհանրապես չունեցողները՝ 2 տարի։
Նմանատիպ նախագիծ մոտ մեկ տարի առաջ ՊՆ-ն էր առաջարկել՝ բանակից ազատվելու դիմաց սահմանելով 24 միլիոն դրամ վճար, որի պարագայում ընդամենը պետք էր ծառայել 4.5 ամիս, սակայն այդ նախագիծը հանրային քննարկման փուլում չեղարկվեց, քանի որ հանրային մեծ աղմուկ բարձրացավ։ Փաստորեն Հայկ Սարգսյանը «ժողովրդի դրության մեջ է մտել» ու նշաձողն իջեցրել՝ աննախադեպ զեղչեր կիրառելով։
Որքանո՞վ է իրավական Հայկ Սարգսյանի բերած նախագիծը, եւ որքանո՞վ է ընդունելի սոցիալական արդարության տեսանկյունից։ Մեզ հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանը, պատասխանելով այս հարցերին, նշեց, որ փաստորեն բանակը դառնում է չունեւորների տեղ․ «Նման իրավիճակ կա Վրաստանում, որի հետեւանքով իրենք մեզնից շատ բնակչություն ունեն, բայց բանակը 10 հազար մարդ է։ Այսինքն՝ պատերազմող երկրի համար դա թույլատրելի չէ: Եթե առհասարակ շարժվում ենք «ազգ- բանակ» կամ «հայրենիքը բոլորինն է» սկզբունքներով, իհարկե, չի կարելի նման բան անել։ Մյուս կողմից ունենք այն, ինչ ունենք․ բազմաթիվ մարդիկ, կաշառքներով, տարբեր ճանապարհներով ազատվում են բանակից, դա փաստ է, չենք կարող հերքել։ Հիմա դա բերել օրինական դա՞շտ, արդյոք դա արդարացնո՞ւմ է Ձեր ասած խտրականությունը եւ պաշտպանությանը բոլորի չմասնակցելը․ իմ կարծիքով՝ ոչ։ Դա կաշառքի օրինականացում է, եւ կստացվի, որ բանակը դառնում է աղքատների, խեղճերի ու դժբախտների տեղ։ Դա, բնականաբար, բանակին ոչ մի օգուտ չի բերի։ Միակ դրական բանն այն է, որ կոռուպցիան է նվազում, բայց մյուս բոլոր հարցերը․․․, Գիտեք՝ դա վիրավորական է, որովհետեւ ստացվում է, որ մարդիկ, որոնք փող չունեն, ուրեմն իրենց երեխան պիտի գնա իր կյանքը ռիսկի տակ դնի, իսկ ինչ-որ մի կոռուպցիոների, ինչ-որ մի սրիկայի, օլիգարխի, կամ թեկուզ որեւէ լավ մարդու որդին` փողի դիմաց, ապրի հանգիստ եւ հանդարտ, իսկ «հարիֆը» կգնա նրան պաշտպանելու։ Այդպես չի կարելի։ Եթե մենք լինեինք, օրինակ, Կոստա Ռիկայի նման երկիր, որը չունի ոչ մի արտաքին վտանգ, չունի պատմություն, որը հուշում է, որ նման բան չի կարելի անել, գուցե Ձեզ մոտ հարցեր չէին առաջանա, բայց Հայաստանի նման երկրում դա պարզապես անթույլատրելի է»,- ասաց Աթանեսյանը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: