Լրահոս
Օրվա լրահոսը

Օգտակար հատկություններ, որոնք փաստում են՝ նեխուրն ավելի մեծ ուշադրության է արժանի

Նոյեմբեր 03,2023 11:00

Իմ սառնարանի ինչ-որ մի անկյունում տխրում է նեխուրը՝ արդեն մի քանի օր է՝ սպասելով իր աստեղային ժամին, գուցե նաև մտածելով՝ երանի ես հայտնվեի սոցցանցերի գեղեցկուհի ինֆլյուանսերների տանը, չէ՞ որ նրանք քնում ու արթնանում են՝ նեխուրի հյութը ձեռքին, և որպեսզի նեխուրն իրեն վերջնականապես լքված չզգա՝ որոշեցի պարզել, թե ինչ օգտակար հատկություններ ունի այս յուրահատուկ համով ու բույրով, ես կասեի՝ ընդգծված բնավորությամբ օժտված բույսը։

Նեխուրի տեսքից արդեն իսկ պարզ է, որ այն շատ հարուստ է բջջանյութով և, կարելի է ասել, աղիները մաքրող հրաշալի միջոց է, որի օգնությամբ կարելի է ազատվել աղիներում կուտակված թունավոր նյութերից։ Լուծվող ու չլուծվող սննդային մանրաթելերը կանխում են փորկապության ու փորլուծության առաջացման վտանգը։ Մասնավորապես նեխուրի հյութի ամենօրյա օգտագործումն օգնում է կարգավորել աղիների միկրոֆլորան և աղիների կանոնավոր աշխատանքը։ Բջջանյութի շնորհիվ ավելի երկար է պահպանվում հագեցածության զգացումը, ինչը նպաստում է քաշի նվազեցմանը։ 95 տոկոսով կազմված լինելով ջրից՝ այս բույսը նպաստում է օրգանիզմի խոնավացմանն ու մարսողական համակարգի աշխատանքին։

Նեխուրը վիտամին A է պարունակում, որն  անհրաժեշտ է իմունիտետի ամրապնդման, աչքերի ու մաշկի առողջության համար։

Հետազոտությունների համաձայն՝ նեխուրի բաղադրությունում կա «3-ն-բուտիլֆտալիդ» միացությունը, որը նվազեցնում է լիպիդների (խոլեսթերինի) մակարդակը։ Այդ միացությունը նաև հանգստացնող ազդեցություն է գործում կենտրոնական նյարդային համակարգի վրա, նպաստում է քնի որակի բարելավմանը։

Նեխուրը պարունակում է նաև ֆտալիդ կոչվող միացությունը, որը թուլացնում է անոթների պատերն ու լավացնում արյան հոսքը՝ այդպիով նվազեցնելով զարկերակային ճնշումը։ Նեխուրի բաղադրությունում առկա բջջանյութը, մագնեզիումն ու կալիումը նույնպես նպաստում են զարկերակային ճնշման կարգավորմանը։

Նեխուրն ու դրա սերմերը հակաբորբոքային ազդեցությամբ օժտված մոտ 25 միացություններ են պարունակում, որոնք կանխարգելում են ցավն ու բորբոքումը, քրոնիկ հիվանդությունների զարգացումը։ Այս հատկությունների շնորհիվ նեխուրը խորհուրդ է տրվում արթրիտ ու օստեոպորոզ ունեցող պացիենտներին։

Նեխուրը հարուստ է վիտամին K-ով, որն անհրաժեշտ է ոսկրերի ամրության և արյան մակարդելիության համար։

Ինչպես պարզվել է հետազոտություններով, նեխուրը նաև միզամուղ ազդեցություն ունի, նպաստում է օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը, ահա թե ինչու է այն խորհուրդ տրվում ներառել միզասեռական համակարգի վարակների դեմ պայքարող մարդկանց սննդակարգում։

Նեխուրը պարունակում է ապիգենին ու լյուտեոլին ֆլավոնոիդները, որոնք կապվում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջների ոչնչացման հետ։ Կվերցետին ֆլավոնոիդը ևս հակաքաղցկեղային ակտիվություն է ցուցաբերել, ինչպես նաև նպաստում է այտուցների նվազեցմանը։

Նեխուրը B խմբի վիտամինների՝ ռիբոֆլավինի, B6, B12 վիտամինների, ֆոլաթթվի լավ աղբյուր է․ վերջինը շատ կարևոր է պտղի զարգացման ու առողջության համար։ Մեծահասակների շրջանում ֆոլաթթվի անբավարարությունը կարող է հիշողության խանգարման, հոգնածության ու առողջական այլ խնդիրների հանգեցնել։

Այս բույսը հարուստ է հանքանյութերով՝ կալցիումով, պղնձով, մագնեզիումով, երկաթով, ցինկով, կալիումով և նատրիումով։

Նշվում է, որ նեխուրի կանոնավոր օգտագործումը թեթևացնում է ասթմայի ախտանշանները, կանանց մոտ դաշտանի պատճառով առաջացող անհարմարության զգացողությունները, գործում է որպես բնական աֆրոդիզիակ՝ խթանելով տղամարդկանց վերարտադրողական առողջությունը։ Նեխուրի օգտագործումը խորհուրդ է տրվում թթվային ռեֆլյուքս ունեցող մարդկանց։

Ծանուցում․ Հղի կանանց խորհուրդ չի տրվում օգտագործել նեխուրի սերմեր, քանի որ դրանք պարունակում են եթերային յուղեր, ֆլավոնոիդներ, լինոլաթթու և կումարիններ, որոնք կարող են արգանդի կրճատումներ առաջացնել։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930