Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ՝ «Փարոսին» պետք է շնորհվի պետական կարգավիճակ»

Նոյեմբեր 03,2023 13:00

Իր տեսակի մեջ աշխարհում միակ երգչախումբը նշում է հոբելյանը

Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 5-ին կկայանա «Փարոս» կամերային երգչախմբի հիմնադրման հոբելյանական՝ 30-ամյակին նվիրված համերգ՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցների։

Երգչախումբը հիմնվել է 1993թ.՝ Կարմիր խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնին կից եւ մինչեւ 2008թ. գործել է խմբավար Վաչագան Նավասարդյանի ղեկավարությամբ։ 2009-ից «Փարոսի»՝ հաշմանդամներից կազմված աշխարհում միակ երգչախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում է նշանակվում Րաֆֆի Միքայելյանը։

«Առավոտի» հետ զրույցում մաեստրոն մտաբերեց երգչախմբի ելույթները ոչ միայն Երեւանում ու Հայաստանի մարզերում, այլեւ հյուրախաղերը Լիբանանում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Սլովակիայում, Ֆրանսիայում եւ այլուր։ Ի դեպ, կոլեկտիվի վերջին շրջագայությունն այս տարվա ամռանն էր, Փարիզում, որտեղ «Փարոսը» ֆրանսիական երեք երգչախմբերի ու նվագախմբի հետ հանդես է եկել ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանի անվան La Seine Musicale սրահում՝ Րաֆֆի Միքայելյանի եւ Ժան-Պիեր Լորեի ղեկավարությամբ, կատարելով ֆրանսահայ կոմպոզիտոր եւ խմբավար Կարպիս Աֆրիկյանի «Սասունցի Դավթի ծնունդը» օրատորիան։ Մտաբերելով նաեւ երգչախմբի մասնակցությունը միջազգային մրցույթներին ու փառատոներին, մեր զրուցակիցը հատկապես նշեց Բրատիսլավայի «Musica Sacra» հոգեւոր երաժշտության մրցույթը, որտեղ երգչախումբն արժանացել է երեք մրցանակի՝ «Կամերային երգչախմբեր», «Եկեղեցական երաժշտություն» անվանակարգերում եւ հատուկ մրցանակի՝ «Հայ երաժշտությունը բարձրարվեստ ներկայացնելու համար»։ Մենք էլ մտաբերեցինք Երեւանում «Փարոսի» համատեղ ելույթն ամերիկյան հանրահայտ Յեյլ համալսարանի երգչախմբի (ղեկավար՝ Ջեֆֆրի Դումա), մեր շոու-բիզնեսի աստղերի, «Արեւներ» մանկական երգչախմբի (ղեկավար՝ Արփինե Հովհաննիսյան) հետ եւ այլն։ Վստահ ենք, որ բոլորն են հիշում, եթե չենք սխալվում՝ 2010թ., «Փարոսի»  ընկերակցությամբ աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոյի երեւանյան մենահամերգը։ Կոլեկտիվն իր արխիվում ունի նաեւ տեսահոլովակներ՝ անվանի արվեստագետների մասնակցությամբ, օրինակ՝ «Սան Ֆրանցիսկո բալետի» առաջատար արտիստ Դավիթ Կարապետյանի։

Լուսանկարները՝ «Փարոսի» այս տարվա փարիզյան համերգից։

Զրույցի ընթացքում մաեստրոն ներկայացրեց կայանալիք հոբելյանական համերգին մասնակից կոլեկտիվներին ու մենակատարներին. «Հանդիսատեսը կհանդիպի Արցախի երկու պետական՝ «Մռակած» (ղեկավար՝ Կարինե Այդինյան) եւ Արցախի պետական (ղեկավար՝ Նինա Գրիգորյան) երգչախմբերին, հանդես կգան «Գեղարդ» երգեցիկ խումբը (ղեկավար՝ Անահիտ Պապայան), Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը (ղեկավար՝ Ռուբեն Կարասեֆերյան), մեր օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։ Որպես մեներգիչներ հանդես կգան Գոհար Ալեքսանյանը, Կարինե Աղաջանյանը, Անի Սիմոնյանը, Լուիզա Երեմյանը, ինչպես նաեւ շեփորահար Հարություն Հարությունյանը։ Երեկոյի մասնակից է նաեւ Մանուշ Հարությունյանի ղեկավարած հանրահայտ «Արեւային զանգակները»։ Նշեմ նաեւ, որ երգչախմբի գործունեության հետ կապված կազմակերպչական հարցերը հոգում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը (գործադիր տնօրեն՝ Արմեն Ալավերդյան)։ Կուզեի բարձրաձայնել հոբելյանական երեկոյի հովանավորների անունները՝ ԿԳՄՍ նախարարություն եւ Երեւանի քաղաքապետարան»։

Դիտարկմանը՝ նման գործունեություն ծավալող երգչախումբը, վստահ ենք, որ հովանավորի պակաս չպետք է ունենա, մեր զրուցակիցը հետեւյալ պատասխանը տվեց. «Ես էլ վստահ եմ, որ իր տեսակում եզակի «Փարոսին» ի վերջո պետք է շնորհվի պետական կարգավիճակ»։ Ինչ վերաբերում է պետական կարգավիճակ շնորհելուն, մենք էլ արձանագրենք, որ մշտապես բարձրարվեստ կատարումներով հանդես եկող «Փարոսը» շուրջ 15 տարի ղեկավարում է Րաֆֆի Միքայելյանը, ով տասը միջազգային մրցույթների դափնեկիր է եւ արդեն մեկ տարի է՝ դիրիժորին հանդիպում ենք օպերային թատրոնում. նա ղեկավարել է Խաչատրյանի «Գայանե», «Դիմակահանդես», Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» բալետային ներկայացումները, Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան, իսկ նոյեմբերի 10-ին առաջին անգամ կղեկավարի Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերան։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930