Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանի գաղտնալսման գործով մեղադրանքը չի պաշտպանվել

Նոյեմբեր 03,2023 12:30

Նախաքննական մարմինը «խրախուսել է» գաղտնալսումը

2023թ. հուլիսի 17-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոք էր ներկայացրել Վարդան Խառատյանը: Բողոքաբերը պահանջում էր վերացնել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (Ավան նստավայր, դատավոր՝ Վ. Մելիքյան)՝ ամբաստանյալ Մեսրոպ Սիմոնյանի նկատմամբ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին 2023թ. հունիսի 20-ի որոշումը եւ գործը հանձնել նոր քննության: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի, դատավորներ՝ Մ.Հարությունյանի, Ա. Դանիելյանի) սեպտեմբերի 14-ի ԵԴ/0231/01/22 որոշմամբ անփոփոխ էր թողնում Երեւան քաղաքի դատարանի որոշումը, մերժում տուժող Վարդան Խառատյանի վերաքննիչ բողոքը:

Տուժող Վարդան Խառատյանը ներկայացված վերաքննիչ բողոքում նշել էր, որ «Մեսրոպ Սիմոնյանը նպատակ ունենալով իրեն սպանել եւ գումարները հափշտակել, գաղտնալսման սարք է դրել իր տան մեջ: Ինքը բազմաթիվ անգամ ներկայացել է Երեւան քաղաքի դատարանում նշանակված դատական նիստերին, սակայն դատարանը չի ապահովել մեղադրյալի մասնակցությունը եւ անհիմն հետաձգել է նիստերը»: Նշեմ, որ գործի նյութերում առկա է այս տարվա փետրվարի 23-ին ամբաստանյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում: Մեղադրանքի կողմը միջնորդության ժամանակ հայտնել էր. «28.06.2022 թվականի դատական նիստին ամբաստանյալ Մեսրոպ Սիմոնյանը չի ներկայացել, հեռախոսազանգի միջոցով դատարանի աշխատակազմին տեղեկացրել է, որ վատառողջ է եւ չի կարող ներկայանալ դատական նիստին, գործի քննությունը հետաձգվել եւ վերստին նշանակվել է 20.09.2022 թվականին: 20.09.2022 թվականին նշանակված դատական նիստին ամբաստանյալ Սիմոնյանը չի ներկայացել, վերջինիս հասցեագրված ծրարը վերադարձել է «չպահանջված» նշումով, որոշում է կայացվել ամբաստանյալի նկատմամբ կիրառել հարկադրանքի միջոց՝ բերման ենթարկել դատական նիստերի դահլիճ, իսկ գործի քննությունը հետաձգվել եւ վերստին նշանակվել է 14.11.2022 թվականին:

14.11.2022 թվականին նշանակված դատական նիստին ամբաստանյալ Սիմոնյանը չի ներկայացել, բերման ենթարկելու մասին որոշման պահանջները չեն կատարվել եւ դատարանում դրա վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել: Որոշում է կայացվել հիշեցման կարգով գրություն ուղարկել համապատասխան մարմին՝ բերման ենթարկելու որոշման պահանջները կատարելու համար, գործի քննությունը հետաձգվել եւ վերստին նշանակվել է 16.01.2023 թվականին:

20.12.2022 թվականին դատարանում ստացվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետի գրությունն առ այն, որ հնարավոր չի եղել Մ. Սիմոնյանին բերման ենթարկել, քանի որ վերջինիս հասցե այցելության ժամանակ բնակարանի դուռը գտնվել է փակ վիճակում:

23.02.2023 թվականին նշանակված դատական նիստին ամբաստանյալ Մ. Սիմոնյանը չի ներկայացել, վերջինիս ուղարկված ծանուցագիրը վերդարձել է «չպահանջված» նշումով»:

Մեղադրողը միջնորդել է ամբաստանյալ Մեսրոպ Սիմոնյանի նկատմամբ հայտարարել հետախուզում եւ քրեական գործի վարույթը կասեցնել, նկատի ունենալով, որ վերջինս դատական նիստերին պատշաճ չի ներկայանում, իսկ բերման ենթարկելու որոշման պահանջները չեն կատարվում:

Քննարկելով ամբաստանյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու, քրեական գործի վարույթը կասեցնելու մասին մեղադրողի միջնորդությունը՝ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է, ենթակա է բավարարման:

«Առավոտը» անդրադարձել է այս գործին, մասնավորապես, տեղեկացրել, որ Սիմոնյանը մեղադրվել էր ծանր հանցագործության կատարման մեջ:

Վեց հատորանոց գործում առկա մեղադրական եզրակացության համաձայն. «Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գումարային խնդիրներ ունենալով իր ծանոթ Վարդան Խառատյանի հետ եւ բնակվելով վերջինիս պատկանող՝ Երեւանի Թավրիզյան փողոցի նրա տանը, ցանկանալով տեղեկանալ վերջինիս տանը կատարվող խոսակցություններին եւ ապօրինի հավաքել դրանց վերաբերյալ տեղեկություններ, 2019 թվականի ապրիլ ամսին՝ քննությամբ չպարզված օրը, նշված տանը տեղադրել է գաղտնալսող սարք եւ առանց Վարդան Խառատյանի համաձայնության ու գիտության՝ մինչեւ 2020 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում՝ քննությամբ չպարզված օրը, նրա վերաբերյալ ապօրինի հավաքել է անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ՝ խախտելով վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»:

Ներկայացնեմ որոշ մանրամասներ:

Երեք տարի առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվում է թիվ 14890220 քրեական գործը: ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Վ. Զարգարյանի որոշմամբ Վարդան Խառատյանը ճանաչվում է տուժող:

Համարյա մեկ տարի հետո՝ ավագ քննիչ Վ. Զարգարյանի 2021 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Մեսրոպ Սիմոնյանը ներգրավվում է որպես մեղադրյալ եւ վերջինիս մեղադրանք է առաջադրվում 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվում ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանը արձանագրում է հետեւյալը. «Մեսրոպ Սիմոնյանին 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքով ենթադրյալ հանցանքի կատարումն ավարտված է համարվել 2020 թվականի մայիս ամսին: Նշված 144-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, ուստի այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է երկու տարի եւ այդ ժամկետը չի ընդհատվել»:

Դատարանը իրեղեն ապացույց էր ճանաչել «RECEIVER RADIO-AN» գրառումներով գաղտնալսող սարքավորումը՝ ռադիոընդունիչը, այն կցվում է քրեական գործին՝ դրա պահպանման ամբողջ ընթացքում, դատարանը վերացնում է Սիմոնյանին պատկանող «Range Rover 2.5 TD» մակնիշի «35 FM 292» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա դրված արգելանքը:

Թիվ ԵԴ/0231/01/22 քրեական գործը վերաքննիչ դատարանում ստացվում է 2023 թվականի օգոստոսի 17-ին։ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարումը Մեսրոպ Սիմոնյանն ավարտել է 2020 թվականի մայիս ամսին: Այսինքն՝ ամբաստանյալ Մեսրոպ Սիմոնյանին քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա վաղեմության ժամկետը լրացել է դեռեւս 2022 թվականի մայիս ամսին:

Հոկտեմբերի 16-ին Վ. Խառատյանը դիմում է ՀՀ վճռաբեկ դատարան՝ ՀՀ վերաքննիչ դատարանի սեպտեմբերի 14-ի որոշման դեմ:

Ի՞նչ է ստացվում, որ մեղադրանք են առաջադրել այն հոդվածով, որն առաջադրման պահից արդեն իսկ ժամկետի խնդիր կարող էր ունենալ:

Նախաքննական մարմինը ասես «խրախուսել է» գաղտնալսումը, գործը մինչ դատարան ուղարկելը հաշվի չի առել մի շարք խոսուն հանգամանքներ:

Վերցնենք քննիչի որոշումը: Քննիչը փաստում է, որ «Վարդան Խառատյանը ցանկացել է լրացուցիչ հարցաքննվել, սակայն չի հարցաքննվել»: Ով պիտի հարցաքններ: Իհարկե՝ քննիչը: Վարդանը միջնորդում էր իր ներկայացուցչի միջոցով, որպեսզի հարցաքննվի կարեւորագույն վկաներից մեկը, ով ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում:

Այս վկան նախաքննության մարմնին մեկ տարի առաջ հաղորդագրություն էր ուղարկել, թե՝ «պատրաստ է հարցաքննվել», սակայն ոչ միայն քննչական պահանջ չի ներկայացվել, այլ քննիչն իր որոշման մեջ նշել է. «Կենսորոշիչ տվյալները պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք միջոցներ, որոնք դրական արդյունք չեն տվել, բացի այն, որ նա բնակվում է ԱՄՆ-ում»:

Վարդան Խառատյանը թե հանրապետության դատախազին, թե իրավապահներին ուղարկել է վկայի ու քննիչի միջեւ տեղի ունեցած նամակագրությունը, որն, ի դեպ, նրան է տրամադրել հենց այդ վկան, որտեղ քննիչը մտերմաբար խոսում է հեռվում գտնվող վկայի հետ, անգամ լսվում է նրա՝ հարցաքննության գալու պատրաստակամության մասին: Քննիչը կարող էր կենսորոշիչ տվյալները ձեռք բերել նրանից, ով ասում է՝ «Ես պատրաստ եմ հարցաքննվել: Վարդանն ասում է, որ այս վկան տեղյակ էր ամբաստանյալի կողմից իր բնակարանում դրված սարքի մասին, ինչի մասին ասել է նա քննիչին. «Առկա են ծանրակշիռ եւ անհերքելի աուդիո-ձայնագրություններ, որտեղ Սիմոնյանը պատմում է իր ծանոթին (գլխավոր վկային) գաղտնալսման սարքից ստացված ինֆորմացիան, որով իմ եւ հարազատներիս սպանելու մեթոդների մասին է խոսվում: Նա ասում է վկային. «Էն սարքը միացավ, լսեցի, որ Ասյան եւ Լիաննան են եկել Վարդանի մոտ, ասի գնամ տեսնեմ, թե դրանք ոնց են պահում իրենց, կողմնորոշվելու համար, թե հարազատներիս սպանի, թե ոչ»:

Հաջորդ ձայնագրության մեջ Սիմոնյանն ասում է. «Թող դրանք էլ գան, հավաքվեն, էս տան մեջ, դուռը դրսից փակեմ, որ դուրս չգան, գազի տեղը գիտեմ, պայթեցնեմ տունը դրանց հետ»:

Ըստ Վարդան Խառատյանի. «Միտումնավոր չքննելով վկային գաղտնալսման սարքի վերաբերյալ, գործը այսպես թերի ուղարկեցին դատարան, այդպես թերի, չքննված դատարանում մնաց երկու տարի անշարժ վիճակով, ապա վաղեմության հիմքով կարճեցին: Երկու տարի դատավոր Վ. Մելիքյանը միտումնավոր քայլ առ քայլ շարունակեց քննչական մարմինների կողմից կոծկելու, հանցագործություն կատարած անձին փրկելու գործը, մաս-մաս կարճելով մայր գործը: Ահա թե ինչու անջատվեց մայր գործից գաղտնալսման դրվագը, իսկ խարդախությամբ ինձնից 56 850 դոլար գումարը տիրանալու եւ սպանության փորձի գործով թաքցվեց բուն հանցագործությունը»:

Տուժողին տեղյակ չեն պահել վաղեմության ժամկետի հիմքով գործը կարճելու մասին: Տուժողը պահանջում է վերաբացել «գաղտնալսման գործը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930