Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը չի կասկածում Ալիեւի հավատարմությանը

Նոյեմբեր 03,2023 12:00

Մոսկվայի հրապարակային դժգոհությունները բացառապես Հայաստանից են նաեւ հիմա, երբ Ռուսաստանն  ու Ադրբեջանը համարում են, որ «լուծել են Ղարաբաղի խնդիրը»

Ռուս զինվորականները հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղում ռոտացիա են անցկացնում եւ զինտեխնիկան պլանային վերանորոգման համար ուղարկում են Ռուսաստան: «Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի փոխադրումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար», հայտնեց օրերս ՌԴ ՊՆ-ն: Վերջերս արդեն, ՌԴ ՊՆ-ի հաղորդագրություններում ռուս խաղաղապահների տեղակայման վայրը նշվում է որպես` «Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջան»:

Պաշտոնական Մոսկվան ու Բաքուն ակտիվ բանակցությունների մեջ են վերջին շաբաթներին: Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւն աշխատանքային այցով Ռուսաստանում էր, որտեղ էլ հանդիպել է ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի հետ, քննարկել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՀ) երկաթուղային երթուղու զարգացման հնարավորությունները, հաղորդեց Բելոուսովի գրասենյակը։ Հոկտեմբերի սկզբին Բելոուսովը եւ Մուստաֆաեւը քննարկել են տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծի իրագործումը։ Հյուսիս-Հարավ ՄՏԿ-ն Սանկտ Պետերբուրգից մինչեւ Մումբայ նավահանգիստ (Հնդկաստան) մուլտիմոդալ երթուղի է 7,2 հազար կիլոմետր երկարությամբ։ Գոյություն ունեն ՄՏԿ երեք երթուղիներ՝ տրանսկասպյան (օգտագործելով երկաթուղիներ եւ նավահանգիստներ), ինչպես նաեւ արեւմտյան եւ արեւելյան (ցամաքային): 2023թ. մայիսին Ռուսաստանը եւ Իրանը փաստաթղթեր են ստորագրել արեւմտյան Հյուսիս-Հարավ երթուղու՝ Իրանի Ռեշտ-Աստարա երկաթուղու վերջին անհրաժեշտ հատվածի ավարտի մասին:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին տեսակապով մասնակցել էին Ռեշտ-Աստարա երկաթուղու հատվածի կառուցման համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Նախագծում ներգրավված են երեք երկրներ՝ Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ-ն ջանքեր է գործադրում երկաթգծի կառուցումն ու «Հյուսիս-Հարավ» միջանցքի այս ուղղությունը կյանքի կոչելու համար։ ՌԴ պաշտոնյաները տարբեր մակարդակներով պարբերաբար Ադրբեջանի իրենց գործընկերների հետ այս ճանապարհի հարցն են քննարկում։ Բելոուսովն իր հերթին հոկտեմբերի սկզբին էր աշխատանքային այցով Բաքվում։

Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների միջեւ եւս ակտիվ շփումներ են: Օրերս հերթական հեռախոսազրույցը կայացավ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ: Նրանք քննարկել էին երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցեր: «Հաստատվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ 2020-2022թթ. բարձր մակարդակի եռակողմ համաձայնությունների համալիրի հիման վրա, որոնք ընդգրկում են խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում եւ հայ – ադրբեջանական սահմանի դելիմիտացիա», նշվել էր պաշտոնական հաղորդագրությունում:

Սա Լավրովի եւ Բայրամովի միջեւ երրորդ հեռախոսազրույցն է վերջին տասն օրերի ընթացքում:  Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բաքվում էր հայ -ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի հատուկ բանագնաց Իգոր Խովաեւը, որը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացը, տարածաշրջանում վերջին զարգացումները, այդ թվում՝ Թեհրանում «3+3» հարթակի շրջանակում կայացած հանդիպման արդյունքները։ Բայրամովն, ի դեպ, Լավրովին վստահեցրել էր. «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարճ ժամկետում խաղաղ պայմանագիր ստորագրելու իրական շանսեր են առկա», ապա պնդել էր, թե ադրբեջանական իշխանությունները բոլոր պայմանները ստեղծել են, որպեսզի Ղարաբաղի հայ բնակիչներն ապրեն «Ադրբեջանի տարածքում, ադրբեջանական օրենսդրության շրջանակներում, որպես երկրի քաղաքացիներ»։ «Այս նպատակով մենք գործի ենք դրել ռեինտեգրացիայի գործընթացին նվիրված հատուկ կայքը», նշել էր Բայրամովը։

Անցյալ շաբաթ Թեհրանում «3+3» ձեւաչափով նախարարների հանդիպմանը նմանատիպ դիրքորոշումներ էր արտահայտել նաեւ Լավրովը. «Հայ – ադրբեջանական հակամարտությունը մեծ հաշվով լուծված է: Երկու երկրներն էլ համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, իսկ դա գլխավոր չլուծված հարցն էր, այժմ մնում է գործնական քայլեր իրականացնել հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ, առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի պատրաստման, սահմանազատման, տրանսպորտային եւ տնտեսական կապեր հաստատելու ուղղությամբ, ինչպես ասվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ընթացքում»:

Ինչ վերաբերում է դելիմիտացիային, ապա, ըստ Լավրովի, «դրան Մոսկվայի, Բաքվի եւ Երեւանի առանձին պայմանավորվածություն էր նվիրված»: «Հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվել էին ստեղծել դելիմիտացիայի հարցով առանձին հանձնաժողով, որի աշխատանքներին նրանց համաձայնությամբ կմասնակցի նաեւ Ռուսաստանը` որպես խորհրդատու: Ցավոք սրտի, երկար ժամանակ հանձնաժողովը չէր հավաքվում…», – նշել էր նա՝ հավելելով. «Վերջին տարում հատկապես Եվրոպական միության ու նաեւ Միացյալ Նահանգների կողմից եղել են փորձեր այդ գործընթաց ներթափանցելու: Մենք դեմ չենք այն բոլոր շփումներին, որ հայերն ու ադրբեջանցիներն իրենց համար օգտակար կհամարեն, բայց բոլոր փորձագետներին շատ լավ հայտնի է, որ դելիմիտացիան քննարկելու եւ համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ, ներառյալ առաջին հերթին Խորհրդային Միությունից մնացած քարտեզները, գտնվում են միայն Ռուսաստանի Դաշնության մոտ… Գործընկերները դա հասկանում են, մենք չենք փորձում դա մեծ խնդիր դարձնել, թող նրանք բախտը փորձեն նաեւ Բրյուսելում, եթե նման ցանկություն ունեն, բայց մենք միշտ պատրաստ ենք օգնել իրականում՝ գործնականում սկսել սահմանազատումը»:

Թեհրանում ռուս-ադրբեջանական բանակցություններից հետո էլ Լավրովն ու Բայրամովը Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր էին քննարկել: Հոկտեմբերի 24-ին Լավրովն եւ Բայրամովը հեռախոսազրույցում հաստատել էին եռակողմ համաձայնագրերի հիման վրա Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը հարկ էր համարել նշել, որ հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած ԱԳ նախարարների մակարդակով «3+3» խորհրդակցական տարածաշրջանային հարթակի հանդիպման արդյունքները բարձր է գնահատում: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա ռիթմիկ աշխատանքը այս ձեւաչափի առաջմղման ուղղությամբ, կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ 2020-2022թթ. համար ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի հիման վրա», – ասված էր ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Մոսկվա-Բաքու փոխհարաբերություններում, ինչպես նկատում ենք, ամեն ինչ հարթ է ընթանում: Մոսկվայի հրապարակային դժգոհությունները բացառապես Հայաստանից են նաեւ հիմա, երբ Ռուսաստանն  ու Ադրբեջանը համարում են, որ «լուծել են Ղարաբաղի խնդիրը»: Մոսկվայի ու Բաքվի ակնկալիքները Երեւանում այժմ էլ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ են: Հատկանշական է, որ Արեւմուտքի հովանու ներքո անցկացված հայ-ադրբեջանական բանակցությունների փաստի առիթով եւս Մոսկվայի դժգոհությունները բացառապես մեկ կողմի ուղղությամբ են` Հայաստանի, ոչ թե հավասարապես երկու կողմերի: Ըստ ամենայնի, Մոսկվան չի կասկածում Բաքվի հավատարմությանը:

Ու քանի դեռ Մոսկվայի հովանու ներքո նոր պայմանավորվածություններ ու համաձայնագրեր չկան` Բաքուն ընդդեմ Հայաստանի տանում է իր գիծը` Մոսկվայի լռության պայմաններում:

Բաքուն կրկին խոսում է «Արեւմտյան Ադրբեջան»` ներկայիս Հայաստանի տարածք վերադառնալու մասին, ու նոր քայլ անում այդ ճանապարհին: Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են հաղորդել օրերս, «Արեւմտյան Ադրբեջանում» ծնվածների անձը հաստատող փաստաթղթում պաշտոնապես նշվելու է նրանց ծննդավայրի «պատմական տեղանունը»։ Փոփոխության մասին հայտարարվել է խորհրդարանում, որտեղ օրերս հատուկ լսումներ անցկացվեցին «Արեւմտյան Ադրբեջանի տեղանունները. պատմության խեղաթյուրումից մինչեւ արդարության վերականգնում» թեմայով։

«Մենք կվերադառնանք, այլընտրանք չկա», «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, հայտարարել է «Արեւմտյան Ադրբեջան համայնքի» վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեկբերլին, որի խոսքով՝ համայնքը նաեւ` «իրենց պատմական հայրենիքի էլեկտրոնային քարտեզն է պատրաստել, որտեղ նշված են թյուրքական ծագում ունեցող, հնամենի տեղանունները»: Քննարկման մեկ այլ մասնակից` Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Իսա Ղաբիբեյլին էլ 400-ից ավելի գյուղերի մասին է խոսել, պնդելով, թե հայերը ոչ միայն փոխել են «Արեւմտյան Ադրբեջանում» գտնվող 449 գյուղերի անուններ, այլեւ իսպառ դրանք ջնջել պատմությունից»: Հայտարարվել է, որ հիմա Աշխարհագրության ինստիտուտը «Արեւմտյան Ադրբեջանի» տեղանունների էլեկտրոնային շտեմարան է ստեղծում:

Ըստ ռադիոկայանի, սա շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ միջոցառումն է «Արեւմտյան Ադրբեջանի» թեմայով: Օրեր առաջ էլ նույն հարցին նվիրված խորհրդաժողով էր հրավիրվել Ստամբուլում` Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության ու «Ալթինբաշ» համալսարանի նախաձեռնությամբ: Պատմական արդարությունը վերականգնելու, ինչպես իրենք են ասում՝ «Արեւմտյան Ադրբեջան»՝ Սյունիք ու Երեւան վերադառնալու մասին նախագահ Ալիեւը հրապարակավ խոսեց անցած տարվա դեկտեմբերի 24-ին` իր ծննդյան օրը։ Ադրբեջանի առաջնորդը պնդել էր` նախորդ տարիներին սովորություն ուներ այդ օրն անցկացնել Ղարաբաղից ու շրջակա տարածքներից տեղահանվածների հետ, խոստանալով, որ նրանք մի օր ծննդավայր կվերադառնան: «Հիմա նույնը ձեզ եմ ասում», – ասել էր նա` դիմելով «Արեւմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչներին: «20-րդ դարի սկզբին թվագրված քարտեզները ցույց են տալիս, որ Արեւմտյան Ադրբեջանը Ադրբեջանի պատմական հողն է, քաղաքների եւ գյուղերի անունները ադրբեջանական ծագում ունեն, եւ մենք լավ գիտենք, որ ադրբեջանական ժողովուրդը պատմության ընթացքում ապրել է այսօրվա Հայաստանի տարածքում։ Կանխատեսում եմ, որ Հայաստանում կրկին հիստերիա է սկսվելու, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել եւ այլն։ Ոչ։ Մենք ցանկանում ենք դա անել խաղաղ ճանապարհով։ Մենք ցանկանում ենք ապահովել մեր իրավունքները խաղաղ միջոցներով եւ միջազգային կոնվենցիաներով», – ասել էր նա:

Ահա Ալիեւի այս ելույթից հետո, արդեն գրեթե մեկ տարի, ամենշաբաթյա ռեժիմով ադրբեջանական լրատվամիջոցներն այս թեմայով հաղորդումներ ու հարցազրույցներ են հրապարակում: Օրերս էլ Ադրբեջանի Ճարտարապետության եւ շինարարության համալսարանում տեղի է ունեցել «Հին Երեւան. յուրաքանչյուր քար հուշարձան է» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Միջոցառմանը, որի նպատակն էր, ըստ կազմակերպիչների, երիտասարդներին տեղեկություններ հաղորդել Երեւանի` «հին ադրբեջանական քաղաք» լինելու մասին, ոչ միայն ուսանողներ են մասնակցել, այլեւ` պատերազմի մասնակիցներ ու զինվորականներ: Պետական աջակցությամբ անցկացվող խորհրդաժողովների մշտական մասնակից, քաղաքագետ Թոֆիկ Աբասովն, օրինակ, պնդել է` իրենց «պատմական հայրենիք» ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է ներառվի Եվրախորհրդի օրակարգում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930