«Ամերիկայի ձայն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի հետ է կանչվում՝ չեղարկվում է Ռուսաստանի կողմից «Միջուկային նյութերի համապարփակ արգելման մասին» պայմանագրի վավերացումը։ Համապատասխան փաստաթուղթը հինգշաբթի տեղադրվել է իրավական տեղեկատվության ռուսաստանյան պաշտոնական հարթակում։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հանձնարարությամբ մշակված վավերացումը չեղյալ հայտարարող օրինագիծը խորհրդարան էր ներկայացվել այս հոկտեմբերի 13-ին։ Որոշ ժամանակ անց նախագիծը հավանության էր արժանացել խորհրդարանի երկու՝ ստորին ու վերին պալատների կողմից։
Հոկտեմբերի սկզբին նման քայլի գնալու նախաձեռնությամբ հանդես էր եկել հենց Պուտինը՝ «Վալդայ» հայտնի ակումբի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ նշելով, թե կարիք չկա փոխել Ռուսաստանի միջուկային հայեցակարգը, բայց կարելի է մտածել միջուկային փորձարկումներն արգելող պայմանագրի վավերացումը հետ կանչելու մասին, քանի որ ԱՄՆ-ն տակավին չի վավերացրել այդ փաստաթուղթը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի ներկայացմամբ, նման քայլը չի նշանակում, թե Մոսկվան մտադիր է միջուկային փորձարկումներ իրականացնել։
Կարդացեք նաև
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հոկտեմբերի 10-ին հայտարարել էր, թե ուղիղ կապ չի տեսնում Ռուսաստանի կողմից պայմանագրի վավերացումը չեղարկելու և սպառազինության նոր մրցավազքի միջև։
Պայմանագիրը ընդունվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 50-րդ նստաշրջանի կողմից՝ 1996 թվականի սեպտեմբերի 10-ին, ու նույն թվականի սեպտեմբերի 24-ից բաց էր որևէ երկրի կողմից ստորագրման համար։ Փաստաթուղթը վավերացրել են մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, բայց ոչ՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը։
Նախորդ տարիներին Ռուսաստանում միջուկային փորձարկումներ չեն իրականացվել, սակայն արևմտյան երկրները վերջերս մեղադրեցին Կրեմլին՝ միջուկային անխոհեմ հռետորաբանության մեջ՝ Ուկրաինա ռուսական բանակի լայնածավալ ներխուժման ֆոնին։
Անցած շաբաթ ռուսական իշխանությունները հայտարարեցին միջուկային զանգվածային հարվածներ նախատեսող ուսումնական վարժանքների անցկացման մասին:
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ընդգծել էր, թե ռազմավարական նշանակության միջուկային ուժերի վարժանքներն անցել են Պուտինի ղեկավարությամբ։
Ռուսաստանի նախագահն անցած ամիս ընդգծել էր՝ «պատրաստ չէ ասել», որ Մոսկվան չի իրականացնի միջուկային մարտական փորձարկումներ։