Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԳՄՍ այսպիսի նախարար ունենալու դեպքում թշնամիների հակահայկական քարոզչությունն ավելորդ է»․ քաղաքագետ

Նոյեմբեր 02,2023 22:11

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն, այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում անդրադարձ կատարելով նաև «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքին ու պատասխանելով այն հարցին, թե երեխան սխալ պատմություն է սովորում, ասել էր. «Ձեր հարցը կոռեկտ չէ, դուք չեք կարող ասել՝ ինչ-որ մեկը սովորում է սխալ պատմություն։ Պատմությունը ճշգրիտ առարկա չէ, պատմությունն առավել պատմական մտածողության և տրամաբանության մասին է, որտեղ կա ոչ թե ճիշտ և սխալ, այլ կա գործընթաց, վերլուծություն, հմտություն։ Դրա մասին պիտի խոսենք»։

Քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ժաննա Անդրեասյանի պատասխանին, ասաց․ «Այլ մեկնաբանություն «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ տիկին Անդրեասյանից սպասել պետք չէր, որովհետև անձը, ով ի սկզբանե Գարեգին Նժդեհին համարում է ֆաշիստ, չի կարող հայամետ դիրքորոշում հայտնել, հայամետ ու հայանպաստ բովանդակությամբ գիրք հրատարակել։

Նախ ուզում եմ ասել, որ այդ դասագրքի հեղինակը որևէ առնչություն չունի հայոց պատմության հետ, այդ անձն աշխատում է Երևանի պետական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնում և միայն այն հանգամանքը, որ ունենալով ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում ունենալով Հայաստանի պատմությանը վերաբերող մի քանի ամբիոն, ունենալով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որի տնօրենը հենց ուրարտագետ է, ունենալով մանկավարժական համալսարան, որտեղ ևս կա Հայոց պատմության ամբիոն, ԵՊՀ-ում ունենալով Արևելագիտության ֆակուլտետ և ունենալով ՀՀ ԳԱԱ -ում Արևելագիտության ինստիտուտ, որտեղ ևս կան ուրարտագետներ, ունենալով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ և  գիտական այս կրթօջախների մասնագետներին անտեսել և «Հայոց պատմության» դասագրքի հեղինակ դարձնել ոչ այդ ոլորտի պատմաբանի, սա արդեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կոպտագույն բաց թողումն է, կամ ինչու չէ՝ դիտավորություն է։

Ինչ ՞է նշանակում, փորձագետները կարծիք են հայտնում, նախարարն ասում է՝ մենք ռացիոնալ առաջարկները ի նկատի կունենանք։ Այսինքն պետական բյուջեի գումարները բացահայտ մսխելը, կեղծված, ոչ գիտական, մանիպուլյատիվ «փաստերի» վրա գիրք հրատարակելը և դպրոցներին մատուցելը՝ ըստ Անդրեասյանի, շատ նորմալ երևո՞ւյթ է։
Փորձելով այս խայտառակ գրքի վերաբերյալ բացատրություններ տալ՝ տիկին Անդրեասյանը մեջբերեց, որ 2019 թվականին ինչ-որ գիրք է եղել, որտեղ բովանդակային անճշտություններ են եղել և դուրս են բերվել դրանք, բացահայտել են։

Չգիտեմ՝ ինչ գրքի մասին է խոսքը, լավ կլիներ տիկին նախարարը մի հատ բացատրեր՝ ինչ գրքի մասին է խոսքը, հետո նոր այս թեման շարունակեինք»։

Գագիկ Համբարյանին զարմացրել է նաև նախարարի այն միտքը, թե պատմությունը «ճշգրիտ առարկա» չէ։

«Ինչ վերաբերում է նախարարի հնչեցրած այն կարծիքին, թե պատմությունը ճշգրիտ առարկա չէ, տիկին Անդրեասյանին ասեմ, որ պատմության գոնե այն հատվածները, որոնք բացահայտ են և դրանց վերաբերյալ կան փաստացի նյութեր, չեն կարող ճշգրիտ չլինեն։ Օրինակ՝ այդ նույն 7-րդ դասարանի խայտառակ գրքի խայտառակ քարտեզում բացակայում է Աղվանքը և չգիտես ինչու Արցախը ներկայացված է որպես Լեռնային Ղարաբաղ և պատկերված է Ադրբեջանի կազմում։ Հիմա ի՞նչ, Աղվանքն, ըստ նախարարի, չի՞ եղել, իսկ 1918 թվականի մայիսի 27-ին «ծնված» Ադրբեջանն էլ իր մեջ պարունակում է 3-4 հազար տարվա պատմություն ունեցող հայկական Արցա՞խը։

Որքան հասկանում եմ ՝ այս կինը պատմությունից ընդհանրապես տեղեկություններ չունի։ Հիմա ասենք օրինակ համար, եթե Գերմանիան 1939 թվականի սեպտեմբերի 1-ին է հարձակվել Լեհաստանի վրա, որից և սկսվել է 2-րդ համաշխարհային պատերազմը, դա ճշգրիտ չէ՞։ Կարո՞ղ է տիկին Անդրեասյանն ասի՝ փետրվարի 28-ին է հարձակվել։ Սա ի՞նչ նոր մոտեցում է պատմությանը։

Տիկին Անդրեասյանի համար էլի եմ կրկնում Հայաստանում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ ինստիտուտներ, որոնք ունեն բազմաթիվ պրոֆեսիոնալ մասնագետներ համապատասխան ոլորտներում։ Չի կարող Ուրարտուի պատմությունը գրել համաշխարհային պատմության մասնագետը, որը որևէ աղերս չունի հայոց պատմության հետ։
Երկրորդը՝ էդ իր մատնանշած «Հուռա հայրենասիրության» մասին խոսող նախարարին հիշեցնեմ, որ մենք ունենք հարևաններ, որոնք սեփականաշնորհում են և կեղծում են մեր պատմությունը, և այդ ֆոնին հիմա հեգնախառն ժպիտով նայել լրագրողներին և նման պատասխաններ հնչեցնել, աբսուրդ է։

Ասենք պատմությունը որքան էլ, ըստ իրեն, ճշգրիտ գիտություն չլինի, տիկին Անդրեասյանը համաձա՞յն է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, համաձա՞յն է, որ Արցախը մեր պատմական հայրենիքի մի մասը չէ, էդ կինը համաձա՞յն է, որ Գանձասարի վանքը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, Ամարասի վանքը մեր սրբավայրերը չեն կամ ամբողջ Արևմտյան Հայաստանը, որ Թուրքիայի տարածքում է հիմա, մեզ հետ որևէ առնչություն չունի։

Էջմիածինը, որը թուրքերն անվանում են Ուչմուաձին՝ երեք մուեձիների քաղաք կամ Ք․Ծ․Ա․ 8-րդ դարում Արգիշտի արքայի կողմից կառուցված Էրեբունի-Երևանը, որը նույն թուրքերը ներկայացնում են Ռևան խանի կողմից կառուցված և Իռևան են անվանում, հայկական չե՞ն։ Եթե տիկին Անդրեասյանի նման մենք նախարար ունենք, ուրեմն թշնամու հակահայկական քարոզչությունը և նրանց կողմից մեր պատմության կեղծումն ավելորդ են։

Սա ի՞նչ է, մինչ հայոց պատմությունը դասագրքերում աղավաղում ու կեղծում են թուրքերի քիմքին համապատասխան, ադրբեջանական կողմը հայտարարում է, որ Հայաստան ընդհանրապես չկա, հայերը եկվոր են, որևէ առնչություն չունեն այս տարածաշրջանի հետ և Հայաստանի տարածքը ներկայացնում են որպես Արևմտյան Ադրբեջան։

Նորից եմ կրկնում՝այսպիսի նախարար ունենալու դեպքում, թշնամու հակահայկական քարոզչությունը կամ հակագիտական մոտեցումները տարածաշրջանի ժողովուրդների պատմության նկատմամբ արդեն երկրորդական են դառնում, քանի որ այդ անպատվաբեր գործը մեծ հաճույքով կատարում են մեր իշխանությունները և գիտական կոչում ունեցող և իրենց հայ համարող որոշ անձինք։

Զավեշտ է, երբ եկվոր թուրքը և պատմություն չունեցող ադրբեջանցին իրենց համար պատմություն են կերտում մեր հաշվին, իսկ մեր այսօրվա իշխանություններն իրենց քայլերով սատարում են նրանց»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930