Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) նոյեմբերի 6-8-ը փաստահավաք այցով կլինեն Հայաստանում:
Կառույցի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Երևանում ԵԽԽՎ համազեկուցողները կհանդիպեն ՀՀ վարչապետի, արդարադատության և ներքին գործերի նախարարների, ինչպես նաև խորհրդարանական խմբերի ղեկավարների կամ ներկայացուցիչների հետ: Նախատեսված են հանդիպումներ նաև Սահմանադրական դատարանի նախագահի և դատական մարմինների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:
Համազեկուցողները կայցելեն նաև Երասխ, որտեղ կհանդիպեն տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ: