Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է կարողանանք ազգովի, բոլորով ոտքի կանգնել ու փրկենք գոնե Հայաստանը, Արցախը արդեն կորցրել ենք». Գարիկ Գալեյան

Նոյեմբեր 02,2023 20:30

«Անկեղծ ասած, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից նման տրամադրվածությամբ չէի եկել, բայց հասկացա, որ դեռ  մոտակա ժամանակներս երեւի տարածք չունենք հանձնելու, դրա համար երեւի բաց թողեցին»,-այսօր դատարանի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում իր խափանման միջոցի փոփոխությունն այսպես մեկնաբանեց «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամ Գարիկ Գալեյանը:

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցն այսօր փոխվեց: Դատավոր Մասիս Մելքոնյանը Գարիկ Գալեյանի նկատմամբ խափանման միջոց կիրառեց տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով` համակցված գրավով։

Հիշեցնենք, քրեական դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ քննվում էր Գարիկ Գալեյանի խափանման միջոցի հարցը:

Գարիկ Գալեյանը ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 6-ին,  թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ խուլիգանության համար: Նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Վերջինս ընդունում է, որ թմրանյութ է օգտագործել՝ դաժան ցավերը մեղմացնելու համար, սակայն մեղադրանքը չի ընդունում թմրանյութ պահելու և իրացնելու մասով: Այս սին մեղադրանքը հետագայում վերացվեց:

Հետագայում, նույն մեղադրանքով, Գալեյանը կալանավորվեց:  Հիշեցնենք նաեւ, որ խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել է հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։ Մասնավորապես, 2022թ․ հունիսի 30-ին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ցույցի ընթացքում իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր նրա գլխին, արարքը որակվել է որպես խմբի կազմում խուլիգանություն։ Միջադեպի ընթացքում վնասվածքներ են ստացել հենց ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, ինչով պայմանավորված էլ հաղորդում են ներկայացրել։

«Պետք է կարողանանք ազգովի, բոլորով ոտքի կանգնել ու փրկենք գոնե Հայաստանը, Արցախը արդեն կորցրել ենք։ Գրեթե վստահ եմ, որ Արցախը հանձնում էին, դրա համար էլ ես անազատության մեջ էի, քանի որ արժանապատիվ ՀՀ քաղաքացիները ու հերոսածին ծնողներն են միայն խանգարում դրան: Երեւի մեր կոչից հանրությունը կարթնանար, դրա համար անազատության մեջ էի գտնվում եւ, իհարկե, իրենց շառով»,- ասաց Գարիկ Գալեյանը։

Նիստի ընթացքում՝ ներկայացնելով խափանման միջոց կալանքը երկարացնելու հարցը, մեղադրող դատախազն ասաց՝ Գարիկ Գալեյանի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը մեծ է:

Նիստն անցնում էր լարված մթնոլորտում. դահլիճում Գարիկ Գալեյանին աջակցելու եկած այլ զոհվածների ծնողներն անընդհատ ռեպլիկներ էին նետում: Իրավիճակը բավական լարվեց, երբ հանրային մեղադրողն իր խոսքում ասաց, որ  Գարիկ Գալեյանը բռնության կոչ է հնչեցնում:

Գարիկ Գալեյանի շահերի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն իր խոսքը սկսեց հռետորական հարցով՝  շա՞տ են դեպքեր, երբ միջին ծանրության հանցանքի համար մարդը կալանավորվում է: Պաշտպանը ներկայացրեց Գարիկ Գալեյանի առողջական խնդիրները, որոնք կալանքի հետ անհամատեղելի են:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել