«Փաստինֆո». Կառավարության՝ կասկածելի կոռուպցիոն գործարքից անցել է երկու տարի, սակայն «Գեոպրոմայնինգի» խոստացված ներդրումներն այդպես էլ մնացել են որպես օդում տրված խոստումներ՝ ոչ նոր պղնձաձուլարանի շողքն է երեւում, ոչ էլ՝ առավել եւս ատոմակայանի։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տրված գրությամբ հաստատվում է՝ պղնձաձուլարանի կառուցման աշխատանքները չեն սկսվել, թեեւ Փաշինյանի հայտարարած ժամկետին մնացել է մեկ տարի։
Լրացավ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերը խլելու օպերացիայի երկրորդ տարին
2021թ. սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ԶՄՊԿ-ն ունի նոր բաժնետեր՝ ի դեմս կրեմլամերձ ռուս միլիարդատեր, կասկածելի կենսագրություն ունեցող Ռոման Տրոցենկոյի։ Պարզվեց՝ վերջինիս ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ձեռք է բերել Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ընդհանուր կապիտալի 15%֊-ը նվիրել ՀՀ կառավարությանը։ Պատճառն ու պայմաններն առ այսօր հայտնի չեն, համենայն դեպս պաշտոնապես որեւէ պարզաբանում չի տրվել, թե ՀՀ թիվ մեկ հարկատուն ինչպես հայտնվեց կրեմլամերձ միլիարդատիրոջ մոտ ու ինչու բաժնետոմսերը նվիրեց Փաշինյանի կառավարությանը։
Այս գործարքը քննադատվեց ոչ միայն ընդդիմության կողմից, այլեւ բողոք առաջացրեց Փաշինյանի հենարան հանդիսացող թիմում։ Անգամ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հրապարակավ հայտարարեց, որ բացասական է գնահատում դրա գործընթացը, որը տեղի է ունեցել գիշերը: «Մասնավորապես, ինձ համար անհասկանալի է, թե ինչու է ինչ-որ մեկը նվերներ տալիս պետությանը, և ինչ կստանա այդ մեկը՝ փոխարենը»,- հարցազրույցում ասել էր Արամ Սարգսյանը։
Կարդացեք նաև
Տրոցենկո & Փաշինյանը կոմբինացան գրավեց նաեւ միջազգային կառույցների ուշադրությունը։ Ու թերեւս պատահական չէր, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից 2023 թվականին հրապարակված զեկույցում կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը 3 միավորով հետընթաց արձանագրեց։
Մութ ու կոռուպցիոն այս գործարքի օրինականությունը կասկածի տակ դնելու լուրջ հիմքեր կային ու կան ոչ միայն այն պատճառով, որ նոր սեփականատերը կրեմլամերձ շրջանակն է ներկայացնում, այլ, թե ինչպես է նա իր ձեռքը վերցրել Հայաստանի թիվ մեկ հարկատուին։ Թեեւ ՀՀ կառավարությունը ջանք չխնայեց այս տարիներին գործարքի մանրամասները հանրությունից թաքցնելու համար, սակայն ինչպես «Փաստինֆո»-ն, այնպես էլ մի շարք այլ ԶԼՄ-ների իրենց հետաքննության, ուսումնասիրությունների արդյունքում բացահայտեցին մի տխուր պատկեր առ այն, որ Փաշինյանի իշխանությունն ուղղակի եւ անուղղակի մասնակցություն է ունեցել բիզնես խլելու ու այն կրեմլամերձ շրջանակը ներկայացնող անձին հանձնելու գործում։
Այսպես՝ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։ Այսինքն՝ եթե բաժնետերերից որեւէ մեկը որոշի վաճառքի հանել իր բաժնեմասը, ապա հարգվեն դրանք առաջնային ձեռք բերելու իր իրավունքը։ Թե ինչու էր բաժնետերերից մեկի մոտ, տվյալ պարագայում «Զանգեզուր Մայնինգ» ընկերության մոտ կասկածներ առաջացել, որ ընկերության ղեկավարությունը, ովքեր միաժամանակ ներկայացնում էին մյուս բաժնետիրոջը, հանկարծ կարող են վաճառքի հանել ընկերությանը պատկանող բաժնետոմսերը, դրանով իսկ նվազեցնելով իրենց՝ կայուն եկամուտ ապահովող բաժնեմասը, դա հարցի մի կողմն է, որին կանդրադառնանք հաջորդիվ։ Բայց հիմա թե ինչ եղավ հայցադիմումից հետ։
Դեռեւս 2021թ. օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել, այլ նաեւ կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։ Սակայն սեպտեմբերի 30-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամում նիստ անցկացրեց, ինչից ժամեր անց՝ աշխատանքային ժամից հետո, այդ բաժնետոմսերն արդեն ձեւակերպվեցին Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերության՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի անվամբ, իսկ վերջինս էլ արդեն ուշ գիշերով 15 %-ն էլ նվիրաբերվեց ՀՀ կառավարությանը, որը, թերեւս, կարող ենք գնահատել նաեւ էժան գնով եկամտաբեր ընկերությունը ձեռք բերելու դիմաց տրվող փայաբաժին։
Հատկանշական է, որ դատական նիստից հետո որոշումը պաշտոնապես կայացվել է հաջորդ օրը, ինչը չխանգարեց գնման և նվիրաբերության գործընթացները կատարել մինչ այդ որոշումը ստանալը: Բայց այս պատմության մեջ դրանք ընդամենը «մանրուքներ» են: Հետագայում վերաքննիչ դատարանը, ճիշտ է, առաջին ատյանի դատարանի նշված որոշումը անօրինական համարեց ու բեկանեց, բայց գործարքն արդեն ձեւակերպված էր։
Հետաքրքրականն այն է, որ Փաշինյանը եւս հրապարակավ ընդունում է, որ գործ ունենք պետական ռեկետի յուրօրինակ դրսեւորման հետ։ «Ասում են խոստումները չեք կատարում։ Կապանում խոստացանք, ասացինք, որ հերիք եղավ, բոլ եղավ, ԶՄՊԿ-ում կառավարությունն իր մասնաբաժինն է ունենալու»,- 2023 թվականի ապրիլի 21-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խոստումը կատարվել է։
Իսկ հիմա դառնանք հարցին, թե ինչու էր 12,5 տոկոսի բաժնետիրոջ մոտ կասկածներ առաջացել, որ ընկերության ղեկավարությունը և համատեղությամբ մյուս համարյա հավասար բաժնետերը կարող է հրաժարվել եկամտաբեր բիզնեսից։ Բանն այն է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն քրեական գործ էր հարուցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գլխավոր տնօրենի Մհեր Պոլոսկովի դեմ, որը նաեւ հանդիսանում էր հիմնական սեփականատերերից մեկը։
«Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, օտարերկրյա պետություններում գրանցված և իր հետ փոխկապակցված ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունների միջոցով և վերջիններիս անունից հատուկ մշակված և կիրառված սխեմայով, կատարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ, որի հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել և արդյունքում պետական բյուջե չի վճարվել 15.017.640.469 ՀՀ դրամ հարկեր և վճարներ»,- սա մեջբերում է Պոլոսկովին մեղսագրվող մեղադրանքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունից։ Պոլոսկովի նկատմամբ հայտարարվեց նաեւ հետախուզում, ընդ որում՝ գաղտնի։ Այսինքն՝ հետախուզման նպատակը ոչ թե նրան կալանավորելն էր, այլ՝ նրա որոշ իրավունքներ սահմանափակելն ու ինչ-ինչ որոշումներ պարտադրելը։
Անգամ «Փաստինֆո»-ի գրավոր հարցումներին ի պատասխան իրավապահ մարմինները տվել են ավելի քան զավեշտալի պատասխան՝ պատճառաբանելով, թե հետախուզման մեջ գտնվելու մասին տեղեկատվությունն անհատական տվյալ է, որը առանց թույլտվության չեն կարող հրապարակել։ Այդպիսով՝ անուղղակի հաստատել են, որ նրա հետախուզման մեջ գտնվելու մասին մեր տեղեկությունը ճիշտ է, սակայն ոստիկանությունն այն հրապարակելու թույլտվություն չունի հետախուզվողից։ Սա թերեւս նոր պրակտիկա էր ընդհանրապես հանցավորության դեմ պայքարում, որովհետեւ որպես կանոն հետախուզում հայտարարվելու դեպքում հրապարակվում է նաեւ նրա նկարը, որ հանրության օգնությամբ կարողանան հայտնաբերել, սակայն իրավապահների նպատակը , այս պարագայում, ինչպես նշեցինք, հայտնաբերելը չէր։ Այլ հենց նման գործիքներով պարտադրելը, որ Պոլոսկովը վաճառի սկզբում ընկերությանը պատկանող 75 տոկոսը, հետո էլ նաև իր բաժնեմասը, ինչն էլ տեղի ունեցավ, իսկ 2022 թվականին արդեն հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման, քանզի վերականգնել է պետությանը պատճառված վնասը….։
Տպավորություն է, որ պետությունը քրեական հետապնդումը նախաձեռնել էր հենց նրա ձեռքից բաժնետոմսերը խլելու ու սեփականատերերի փոփոխությունն իրականացնելու համար։ Իսկ այդ դեպքում հարց է առաջանում, ինչու Փաշինյանի իշխանությունը թույլ չտվեց, որ բաժնետոմսերի վաճառքն իրականացվի օրինական ընթացակարգով, խախտեց նաեւ մյուս բաժնետերերի՝դրանք ձեռք բերելու իրավունքը ու Հայաստանի տնտեսության կառուցվածքում կարեւոր դերակատարում ունեցող գործարանը հանձնեց կրեմլամերձ համարում ունեցող Տրոցենկոյին։
Ով է Տրոցենկոն
Ինչպես արդեն նշել ենք՝ Ռոման Տրոցենկոն բնավ պատահական մարդ չէ, նա խիստ կասկածելի վարկանիշ ունի նույն Ռուսաստանում եւ ռուսական մամուլը նրան ներկայացնում է որպես բիզնես խլելու մեջ մասնագիտացած գործչի։
ՌԴ-ում քիմիական գործարան խլելու մեջ մեղադրվող Տրոցենկոն Հայաստանում հանքարդյունաբերությունն իր ձեռքում կենտրոնացնելու լուրջ հայտ է ներկայացրել. նա հանդիսանում է Սոթքի ոսկու հանքավայրի խոշոր բաժնետերը, նրան է պատկանում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, Մեղրաձորի հանքավայրը, ուզում է տիրանալ նաեւ Թեղուտին։ Այլ խոսքով՝ ՌԴ -ի հետ դիվանագիտական սառը պատերազմի մեջ գտնվող Փաշինյանի իշխանությունը երկրի ամենակարեւոր ոլորտներից մեկը հանձնել է ՌԴ-ի վարկաբեկված միլիարդատերերից մեկին ։ Ու սա այն դեպքում, երբ ամերիկյան շրջանակները հորդորել էին Փաշինյանին՝ «Don’t flirt with Trotsenko», այն է՝ «խաղեր չտալ» նրա հետ, իսկ նման հորդորի մասին տեղեկությունն իշխանությունները չեն հերքել։
Եւ այստեղ շատ լուրջ հարց է առաջանում, թե ինչ ցնցումների կարող է ենթարկվել Հայաստանի տնտեսությունը, եթե Փաշինյանի իշխանությունը խզի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Սառույցին գրված ներդրումներ
Կոռուպցիոն ու մութ գործարքը արդարացնելու եւ այն, իբր, ՀՀ շահերից բխելը հիմնավորելու համար Նիկոլ Փաշինյանը դիմել է իր հարազատ մանիպուլյացիաներին՝ ընդհուպ հայտարարելով, թե նոր սեփականատերը խոշոր ներդրումներ է անելու՝ մասնավորապես նոր ատոմակայան եւ պղնձաձուլարան կառուցելու ուղղությամբ։
««Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից ՀՀ-ին արվել է առաջարկ, մենք այդ առաջարկը քննարկել ենք և տեսել ենք, որ այդ առաջարկը համապատասխանում է ՀՀ պետական շահերին, որովհետև ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ. առաջինը՝ պղնձաձուլարանի կառուցում, որը նշանակում է, որ ՀՀ-ն այլևս ոչ թե խտանյութ պետք է արտահանի, այլ ՀՀ-ում պետք է թողարկվի մետաղը, և երկրորդ՝ այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը: Այդ խոշոր ընկերությունը ստանձնել է պղնձաձուլարանի հիմնման մասով ներդրումային պարտավորություններ և արդեն իսկ բանակցություններ են սկսել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ։ Ատոմակայանը լիարժեք մասնավոր կառույց չի կարող լինել, և կառավարությունն ակտիվ մասնակցություն պետք է ունենա։ Եվ այնպես է ստացվել, որ մեր հետաքրքրությունները համընկել են», – 2021 թվականի հոկտեմբերին ԱԺ ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նոր պղնձաձուլարանի շինարարությունը նախատեսվում է սկսել մինչեւ 2025 թվականը։
Ավելին, պաշտոնապես հայտարարվեց, թե Ռոման Տրոցենկոն մտադիր է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացնել երկարաժամկետ լայնամասշտաբ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը կհասնի շուրջ 4 մլրդ դոլարի: Ներդրումների այս թիվը ուռճացված էր համարել անգամ ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը՝ նշելով, որ այդտեղ պղնձաձուլարան կարելի է կառուցել ընդհուպ 800 մլն դոլարով։ «Ռուսաստանի հետ մեր տնտեսությունը ոչ էկոլոգիական առումով է պիտանի լինելու, ոչ արտադրաարդյունաբերական առումով է պիտանի լինելու, ոչ էլ ներդրումների առումով»,- Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր նա։
Ինչեւէ, խոշոր ներդրումներ խոստումներից երկու տարի անց «Փաստինֆո»-ն փորձեց պարզել, թե որ հանգրվանին են հասել խոստացված ներդրումները, եւ ինչպես կանխատեսվում էր՝ ոչ մի։
«Պղնձաձուլարանի հարցը գտնվում է ներդրումային առաջարկի փուլում եւ լիազոր պետական մարմիններն իրականացնում են համապատասխան աշխատանքներ»,- 2023 թվականի սեպտեմբերին պաշտոնապես հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա այստեղ ընդհանրապես հետընթաց է արձանագրվել։
ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարման ձախողում
Տրոցենկոն չի կատարում ներդրումների խոստումները, իսկ կառավարությունն էլ չգիտի ինչպես կառավարի նվեր ստացած բաժնետոմսերը։ Մեկ տարվա մեջ 3 կառավարող մարմին փոխվեց։
Ի սկզբանե կառավարումն իրականացնում էր Փաշինյանի աշխատակազմը, այնուհետեւ՝ 2022 թվականի հունվարին, կառավարության որոշմամբ այն վերապահվեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)։ Վերջինս շտապեց հայտարարել, որ դրական է գնահատում կառավարության՝ ԶՊՄԿ-ում իր բաժնեմասնակցությունը մասնագիտական կառույցի միջոցով իրականացնելու որոշումը։ Նշենք, որ ընդհանուր առմամբ խոսքը գնում էր 21.9% բաժնեմասի մասին, քանի որ Տրոցենկոյից հետո կառավարությունը գաղտնի որոշմամբ «նվեր էր» ստացել նաեւ մյուս փոքր բաժնետերերի բաժնեմասից՝ մոտ 7 տոկոս։
Սակայն կառավարումն ԱՆԻՖ-ում չէր ստացվել, ինչը բացահայտվեց նաեւ «Փաստինֆո»-ի հետեւողական հարցումների միջոցով։
ԱՆԻՖ-ը ՀՀ կառավարության ներքո գտնվող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ Տնօրենների խորհուրդն ունի երեք անդամ, որոնցից միայն մեկն է հայ՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մյուս երկուսը օտարերկրացիներ են՝ իտալացի ձեռնարկատեր Իսիդորո Լուչիոլան եւ ֆրանսիացի պետական, քաղաքական գործիչ Դոմինիկ Դը Վիլպենը։
ԱՆԻՖ-ն ունի նաեւ Ներդրումային կոմիտե, որի 3 անդամներից երկուսը, այդ թվում կոմիտեի նախագահը օտարերկրացի են։
2022 թվականի ամռանը գրավոր հարցումներ ուղարկեցինք ԱՆԻֆ-ի տնօրենների խորհրդի իտալացի ու ֆրանսիացի անդամներին, ներդրումային կոմիտեի օտարերկրացի նախագահին՝ նպատակ ունենալով ստանալ գործարքի վերաբերյալ մի շարք կարեւոր հարցերի պատասխաններ։ Մասնավորապես՝
– ԱՆԻՖ-ի կառավարման հանձնելու գործընթացի օրինականությունը, կամ առնվազն պահանջել են որևէ մեկից այդ մասով պարզաբանումներ
– Ինչու՞ են հավատարմագրային կառավարման ընդունել ԶՊՄԿ բաժնետոմս, եթե դրանց նկատմամբ կա վեճ․ չկա արդյո՞ք այստեղ հակասություն իրենց քաղաքականության, ներքին ակտերի, այդ թվում՝ էթիկական ստանդարտների կամ կորպորատիվ կառավարման ստանդարտների, ներառյալ անձնական, որպես ճանաչում ունեցող մասնագետի՝ համոզմունքների հետ: Արդյո՞ք գտնում են, որ դատարանը չի ընդունի մի որոշում, որով Հայաստանի Հանրապետության անցած բաժնետոմսերը կարող են վերադարձվել ԶՊՄԿ կամ անցնել այլ բաժնետիրոջ: Եթե այո, հարց է առաջանում, արդյո՞ք մոտեցման հիմքում այն համոզմունք է, որ Կառավարությունը թույլ չի տալու դատարանին կայացնել Կառավարության դեմ որոշում:
– Հնարավոր է արդյո՞ք արդյունավետ կառավարել մի ընկերություն, որտեղ բաժնետիրոջ և ընկերության ու այլ բաժնետերերի մեջ կա վեճ: Կարողանում եք արդյո՞ք նման պայմաններում ապահովել բաժնետերերի միջև հավասարությունը, թե մասնակից եք «կորպորատիվ պատերազմի» և կռվում եք որոշակի ճակատում: Արդյո՞ք սա համապատասխանում է այն քաղաքականությանը և նպատակներին, որին հետամուտ է Ձեր կազմակերպությունը:
Բացի այդ՝ խնդրել էինք նաեւ տնօրենների խորհրդի անդամներին, ներդրումային կոմիտեի նախագահին ու օտարերկրացի անդամին պատասխանել՝ անձամբ մասնակցե՞լ են ԶՊՄԿ բաժնետոմսերի հետ կապված որոշումների կայացմանը, օրինակ՝ արդյոք կողմ են քվեարկել վեճի առարկա գույք կառավարման ընդունելուն: Եթե չեն մասնակցել, հաշվի առնելով առկա հրապարակային տեղեկատվությունը, արդյո՞ք ձեռնարկել են միջոցառումներ՝ գործընթացի բարեվարքությունը ստուգելու համար, թե իրենց համար էական չի իրենց կողմից կառավարվող ընկերությունում առկա կոռուպցիոն հնարավոր գործընթացները, եթե այդ հարցերով որոշումներ անձամբ չեք ընդունել։ Բացի այդ հետաքրքրվել էին, որ կառավարումն ստանձնելով պահանջե՞լ են արդյոք անցկացնել աուդիտ՝ պարզելու, թե ինչ վիճակ է ԶՊՄԿ-ում, եթե ոչ, ապա ինչու է մերժվում մյուս բաժնետիրոջը, որը դեռ պահպանում է 12,5 տոկոս բաժնեմասը՝ ստուգում անցկացնելու առաջարկը։ Սակայն մեր հարցումները հասցեատերերին չէին հասել։ ԱՆԻՖ-ից անստորագիր մի նամակ ուղարկեցին, թե «ԶՊՄԿ-ի վերաբերյալ Ձեր հարցադրումներին ի պատասխան, տեղեկացնում ենք, որ ԱՆԻՖ-ը, որպես փոքրամասնային բաժնետիրոջ բաժնեմասի կառավարիչ (ինչպես ցանկացած փոքրամասնային բաժնետիրոջ բաժնեմասի կառավարիչ) չի մասնակցում ընկերության, տվյալ դեպքում՝ ԶՊՄԿ-ի ամենօրյա կառավարման խնդիրների մեծ մասին: Ձեր հարցերի մեծ մասը, կարծում ենք, ուղղված են ընկերությանը։ Բաժնետերերի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով, և այդ մասով Ձեր կողմից ուղղված հարցադրումներին ի պատասխան կարող ենք հայտնել, որ բոլոր հարցերը, այդ թվում՝ տեղեկատվության հրապարակայնությունը կարգավորվում են օրենքի շրջանակներում»։
Փաստացի բոլոր հիմքերը կար եզրակացնելու, որ ԱՆԻՖ-ում մեկուսացնում են օտարերկրացի անդամներին ու փորձում են նրանցից հեռու պահել, եթե չասենք գաղտնի է պահվում այն ամբողջ առերեւույթ անօրինական գործընթացը, որի արդյունքում ՀՀ կառավարությունը թիվ մեկ հարկատու հանդիսացող ընկերությունում դարձել է բաժնետեր։ «Փաստինֆո»-ի հրապարակումների շարքից հետո հայտնի դարձավ, որ ԱՆԻՖ-ը ձերբազատվել է ԶՄՊԿ -ի բաժնետոմսերի կառավարումից ու 2022 թվականի դեկտեմբերին այն փոխանցվեց պետական գույքի կառավարման կոմիտեին, ինչի մասին եւս շտապեց հայտարարել ԱՆԻՖ-ը. « ԱՆԻՖ-ն այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ՀՀ կառավարության բաժնեմասը, որն ԱՆԻՖ-ի կառավարմանն էր հանձնվել 2022 թ. ՀՀ կառավարության որոշմամբ։ Եվ որ ՀՀ կառավարության նոր որոշմամբ ԶՊՄԿ-ի ՀՀ կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին»,- ասվում էր 2022 թվականի դեկտեմբերին տարածված հայտարարության մեջ։
Կարող ենք ենթադրել, որ հենց օտարերկրացի անդամները չեն ցանկացել որեւէ առնչություն ունենալ մի գործարքի հետ, որն ըստ ամենայնի հասնելու է միջազգային ատյաններ, իսկ դրա բոլոր հիմքերն ու հեռանկարները կան։ Հարյուրավոր միլիոնների ներդրումներ խոստացած Տրոցենկոն այլեւս չի երեւում թատերաբեմում՝ իր ձեռքերում պահելով Հայաստանի ընդերքը, իսկ Հայաստանի իշխանություններին թողնելով կոռուպցիոն գործարքի գլխացավանքը. ԶՄՊԿ-ի փոքր բաժնետերերից մեկը մտադիր է միջազգային ատյաններում բացահայտել այս գործարքի բոլոր մութ կողմերը, իր իրավունքների խախտումները՝ հասնելու ոչ միայն գործարքի չեղարկմանը, այլ նաեւ վնասների փոխհատուցմանը։