Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞վ կգնի Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի՝ խնձորենու, սալորի ու բալենու այգով նախկին շենքը․ այն հանվել է վաճառքի

Նոյեմբեր 02,2023 18:45

Գյումրու Վազգեն Սարգսյանի անվան փողոցում տեղակայված ուռուցքաբանական դիսպանսերի շենքը կօտարվի մրցույթով։ Այն մոտ 3 տարի է՝ պետական սեփականություն է, ամրացված է ՀՀ Պետգույքի կառավարման կոմիտեին։

3 տարի առաջ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը միավորեցին Գյումրի բժշկական կենտրոնին, որից հետո այդ շենքը մնացել էր դատարկ։

Այսօր կառավարությունը որոշել է այն հանձնել օտարման՝ մրցույթով։ Որպես  մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 80 տոկոսի չափը՝ 242 880 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 20 108 029 դրամ։

Նշվում է նաև, որ գույքը նախկինում շահագործվել է՝ որպես ուռուցքաբանական դիսպանսեր, սակայն տևական ժամանակ է՝ չի շահագործվում և ունի հիմնովին վերանորոգման կարիք։

Նշենք, որ ուռուցքաբանական դիսպանսերը խնձորի, սալորի ու բալենու այգի ունի, այն քաղաքի բավական բանուկ հատվածներից մեկում է, և բնականաբար շատերին կհետաքրքրի։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ շենքը կառուցվել է 70-ական թվականներին՝ որպես հիվանդանոց, այն մի հարկանի է ու կարող է վերածվել հյուրանոցի կամ գործարանի։

Այս շենքով հետաքրքրվողների անուններ Գյումրու քաղաքային իշխանության ներկայացուցիչներն այս պահին դեռ չեն լսել։

Նշենք նաև, որ Արցախից բռնի տեղահանման օրերին Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը այցելել էր այս շենք, ուսումնասիրել պայմանները, որպեսզի այն ևս որպես ժամանակավոր կացարան տրամադրեին մեր հայրենակիցներին։

Սակայն մեզ հետ զրույցում քաղաքապետն ասել էր, որ շենքը վերանորոգման կարիք ունի։

Նկատենք նաև, որ Գյումրու նախկին հիվանդանոցների շենքերը ճակատագրերն անհայտ են․ Գյումրու քաղաքապետարանն աճուրդ-վաճառքի էր հանել «Կումայրի արգելոց- թանգարանի» տարածքում գտնվող, պատմամշակութային հուշարձան համարվող «Ճերմակ հիվանդանոցի» նախկին շենքը, որը խիստ քննադատության էր արժանացել ավագանու ընդդիմադիր անդամների՝ «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանի և «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի կողմից։

Այդ շենքի վրա հազարավորների աչքեր կան։ Նմանապես աչք կա Գյումրու պատմական կենտրոնում գտնվող «Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի» նախկին շենքի վրա, որի մի մասը 2018 թվականին հատկացվել է Շիրակի երկրագիտական թանգարանին, սակայն այն վերանորոգված չէ, թանգարանը հին տեղում է։

Գյումրու պատմամշակութային արժեք ներկայացնող «երկաթգծի հիվանդանոց»-ի (առավել հայտնի է «սև շենք» անվամբ) շենքն ու հարակից տարածքներն էլ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նվիրաբերել էր  «Franck Muller» թանկարժեք ժամացույցների ընկերության համասեփականատեր և գլխավոր տնօրեն Վարդան Սրմաքեշին՝ կարի գործարան կառուցելու ու առնվազն 400 աշխատատեղ ստեղծելու պայմանով։

Շենքը վերանորոգվեց, Վարդան Սրմաքեշի ներկայացուցիչը՝ սփյուռքահայ գործարար Քրիստիան Գելիջին այնտեղ կառուցեց «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկա՝ 12 մլն․դոլար արժեքով ներդրումային ծրագրի շրջանակում։

Սակայն, կարճ ժամանակ անց սկսվեցին բողոքի ցույցեր՝ կապված աշխատավարձի ու աշխատանքային պայմանների հետ, ու գործարանը փակվեց՝ ծրագիրը մնալով անկատար։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930