Այսօր 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հորդորեց նորակառույց շենքերի կառուցապատողներին պարտադրել մանկապարտեզ կառուցել այդ տարածքում, որովհետեւ այդ բեռը մնում է քաղաքապետարանի վրա:
Ավինյանը ի պատասխան հորդորեց. «Եկեք հիմա գնանք Ծարավ Աղբյուր եւ տեսնենք ինչ վիճակ է այնտեղ: Ծարավ Աղբյուրում բավականին խիտ շինարարություն է իրականացվել, բազմաբնակարան թաղամաս է, այնտեղ, որտեղ մանկապարտեզ պետք է կառուցվեր, այնտեղ եւս մեկ բազմաբնակարան շենք է կառուցվել: Հիմա Երեւան քաղաքը այդ թաղամասին կից համայնքային հող է գտել՝ 3000 քմ-ից քիչ, որտեղ պլանավորում է հաջորդ տարվանից կառուցել մանկապարտեզ: Այո, երբ դուք այդ ծավալի շինարարություն իրականացնում եք, դուք պետք է նախատեսեք մանկապարտեզի, որոշ դեպքերում նաեւ դպրոցի համար տարածք: Ինչ վերաբերում է Երեւանի այլ մանկապարտեզների հիմնանորոգմանը, այս տարի միայն 24 մանկապարտեզ է հիմնանորոգվելու եւ հանձնվելու շահագործման, որոնց մեծ մասը նվազագույնը 8 խմբանի են: Երեւանում կան մինչեւ 12 խմբանի մանկապարտեզներ: Մեր նպատակն է 3 տարվա ընթացքում այդ բոլոր խնդիրները լուծել: Ժողովուրդ ջան, անընդհատ ասում ենք՝ Երեւանը այսքան տարի ֆինանսավորվել է, բան… եկեք գնանք, ես ձեզ ցույց տամ, օրինակ՝ Հոգեկան առողջության կենտրոնի առաջին հարկում մենք մանկապարտեզ ունենք, որ պայմաններն էլ ձեզ ցույց տամ, կասեք՝ սա Երեւանում չի: Եկեք տանեմ Կիլիկիայի մանկապարտեզը ձեզ ցույց տամ, որը վթարային շենքում է: Անընդհատ ասվում է, որ Երեւանը շատ է ֆինասավորվել տարիներ շարունակ, իրականում Երեւանը եւ մյուս համայնքները թերֆինանսավորվել են տասնամյակներ շարունակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ