Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ իրավապահները Վարդենիս համայնքի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի տնօրենի թույլ տված հնարավոր չարաշահումների մասին տեղեկություններ են ստացել:
Նախնական քննությամբ պարզվել է, որ տնօրենը իր ղեկավարած դպրոցում աշխատանքի է ընդունել իր մտերիմներին, մասնավորապես, որպես պահակ՝ Դ. Խ.-ին, որպես պահակ և էլեկտրիկ՝ Ա. Թ.-ին եւ Ռ. Մ.-ին, իսկ Է. Հ.-ին՝ որպես դասվար: Ըստ քննության՝ վերջիններս աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր մոտ 17 մլն 870 հազար դրամ աշխատավարձ և հափշտակվել:
Այս կապակցությամբ՝ դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ նշված անձինք բոլորն էլ աշխատել են, թե որտեղից ու ինչ հիմքով են իրավապահները նման եզրահանգումների եկել, տնօրենի համար պարզ չէ: Նա խոստացավ հետագայում լրացուցիչ մանրամասն տեղեկություններ տալ. «Ես մի հատ հասկանամ՝ ի՞նչ է կատարվել, որտեղի՞ց են վերցրել չաշխատելու ապացույցները, ունե՞ն, թե՞՝ոչ նման ապացույցներ: Այդ ամենից հետո ձեզ կպատասխանեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ