Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ 2024թ. բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել է 38%-ով

Նոյեմբեր 02,2023 17:51

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ 417 մլն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ 148 մլն դրամով կամ 38%-ով։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը։

Ծախսերում մոտ 62 տոկոսը կամ 216 մլրդ 398 մլն դրամը կազմում են ընթացիկ ծախսերը, 129 միլիարդ դրամ կամ 37.4 տոկոս նախատեսված է կապիտալ ծախսերի համար:

Կրթության ոլորտի ծախսերը կկազմեն 285 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 47%-ով, իսկ գիտության ոլորտի ծախսերը կկազմեն շուրջ 32 մլրդ 498 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 8%-ով։ Մշակույթի ոլորտի ծախսերը կկազմեն 18 մլրդ 909 մլն դրամ, սպորտի ոլորտինը՝ 6 մլրդ 656 մլն դրամ, իսկ երիտասարդության ոլորտինը՝ 2 մլրդ 331 մլն դրամ։

Ընդհանուր առմամբ՝ իրականացվելու են 22 ծրագրեր և 200 միջոցառումներ։

2024 թվականի համար ԿԳՄՍՆին հատկացված բյուջեի հիմնական ուղղություններն ու կապիտալ ծախսերը ներկայացրել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

38 տոկոսով աճը՝ աննախադեպ ավելացում

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ թեև յուրաքանչյուր տարի նախարարության բյուջեում որոշակի աճ եղել է, բայց այսպիսի մեծ ծավալով ավելացումն աննախադեպ է. «Այստեղ հատկապես մեծ ծավալ է կազմում կապիտալ ծախսերի ուղղությունը, որի համար նախատեսվել է շուրջ 129 միլիարդ դրամ: Սա մեծ թիվ է, և ԿԳՄՍ ոլորտներում նման կապիտալ ծախսերը ցույց են տալիս Կառավարության ծրագրի առաջնահերթություններն ու այն ուղղությունները, որոնցով աշխատանք ենք իրականացնում»:

Նախարարը կապիտալ ծախսերից առանձնացրել է, մասնավորապես, 300 դպրոցի և 500 մանկապարտեզի ծրագիրը՝ նշելով, որ այս դեպքում կարևոր է շեշտը դնել ոչ միայն քանակական, այլև որակական տվյալների վրա:

«Մենք հաճախ ենք խոսում ծրագրային բյուջետավորման գործընթացի բարելավման անհրաժեշտությունից: Ուրախ եմ, որ 2024 թվականի բյուջետային հայտում ունենք այնպիսի փոփոխություններ, որոնք վերաբերում են հենց կառուցվածքային բարելավումներին, և դրանցից մեկը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի ծրագիրն է», – ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ եթե նախորդ տարիներին 300 դպրոցի ծրագրի ուղղությամբ պետության ջանքերը տեսնելու և ամփոփ ցուցանիշներ ստանալու համար կարիք կար նայելու մի քանի գերատեսչությունների և մի քանի ծրագրերի ուղղությամբ, ապա հիմա գործողությունները խմբավորված են տարբեր ծրագրերից: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությանն է փոխանցվել նաև մինչ այս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեում արտացոլված՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը:

«2024 թվականի բյուջետային հայտում կարելի է տեսնել, որ վերակառուցվող, կառուցվող և հիմնանորոգվող դպրոցների մասով ունենք ամբողջական ծրագիր, որի շրջանակում արդեն պարզ են ակնկալվող ցուցանիշներն ու թիրախները: Այս ծրագրին նախարարության բյուջեով հատկացվել է շուրջ 110 միլիարդ դրամ, որը նախատեսված է ոչ միայն շինարարության, այլև գույքով հագեցման համար», – պարզաբանել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը ներկայացրել է, որ այս պահին արդեն ավարտված է 26 դպրոցի կառուցումը, ևս 8 դպրոց պատրաստ կլինի մինչև 2023 թվականի ավարտ: 2024 թվականի սկզբին շինարարության փուլում կլինի 41 դպրոց, որոնցից 21-ի շինարարությունը կավարտվի տարվա ընթացքում, և 2024 թ.-ի դեկտեմբերին ավարտված դպրոցների թիվը կկազմի 55: Ընթացքի մեջ գտնվող մյուս դպրոցները պատրաստ կլինեն 2025, 2026 թվականներին:

«Այս պահին նախագծման ավարտի և շինարարության մրցույթի նախապատրաստական փուլում է ավելի քան 200 դպրոց, այդ թվում՝ 75 կրթահամալիր, որոնցում նաև նախադպրոցական ծառայություն է նախատեսվում: Դրանց շինարարության մրցույթները նոյեմբերից կմեկնարկեն», – տեղեկացրել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նիստի մասնակիցներին հիշեցրել է, որ նախորդ շաբաթ Կառավարության նիստում դպրոցաշինական ծրագրերի համար գնման որոշակի առանձնահատկություններ են սահմանվել, որոնք նպաստելու են շինարարության գործընթացների էական բարելավմանը:

ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է, որ 300 դպրոցների ծրագրից բացի՝ կան դպրոցներ, որոնցում այս պահին ընթանում են միայն մարզադահլիճների վերանորոգման աշխատանքներ: 31 դպրոց այժմ մարզադահլիճների կառուցման կամ վերակառուցման փուլում է:

500 մանկապարտեզներից 122-ում ավարտվել են աշխատանքները, 142-ում դրանք ընթացքի մեջ են: 2024 թվականին շինարարական աշխատանքներ կիրականացվեն 283 նախադպրոցական հաստատություններում, որոնցից շուրջ 100-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ:

Երկրորդ խոշորագույն կապիտալ ծրագիրը, ըստ նախարար Ժաննա Անդրեասյանի, Ակադեմիական քաղաքի ծրագիրն է, որի մասին բազմիցս խոսվել է: ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ Կառավարության վերջին երկու նիստերի ընթացքում կայացվել են երկու կարևոր որոշումներ. նախ հաստատվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, իսկ նախորդ նիստում՝ մեկ անձնից գնման եղանակով ճարտարապետական ընկերության հետ պայմանագրի կնքման գործընթացը:

«Հոկտեմբերի 30-ի դրությամբ մենք արդեն ունենք կնքված պայմանագրեր գերմանական «ՋիԷմՓի ինթերնեյշնլ» ընկերության հետ, որի տեղական գործընկերը լինելու է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Գլխավոր հատակագծի մշակման և նախագծման մասով արժեքը կազմելու է մինչև 854 հազար 100 եվրո: Ակադեմիական քաղաքի համար երկու հիմնական տեղամաս է առանձնացված: Հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը՝ ավելի քան 600 հեկտար: Պահեստային տեղամասը «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքն է՝ ևս 100 հեկտարով: Հնարավոր է՝ գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներում պարզ դառնա, որ միայն հիմնական տեղամասը բավարար է ամբողջ նախագծվելիք ենթակառուցվածքը ստանալու համար: Այս դեպքում գումարն ամբողջությամբ չի օգտագործվի, և «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքի աշխատանքներում ընթացք չի տրվի: Ըստ պայմանագրի՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը տեղում երկրաբանական և գեոդեզիական չափագրման աշխատանքներ է իրականացնելու: Այս աշխատանքների համար էլ նախատեսված է մինչև 212 մլն դրամ»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ նոյեմբերին նախատեսվում է գերմանացի ճարտարապետների այցը Հայաստան:

Կշարունակվեն ուսուցիչների վարձատրության բարձրացման և մասնագիտական զարգացման խրախուսման ծրագրերը

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ բյուջետային ծախսերի էական ուղղություններից են վարձատրության բարձրացման և մասնագիտական զարգացման խրախուսման ծրագրերը: Խոսքը, մասնավորապես, ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին է: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ 2021-23 թվականներին իրականացված գործընթացի արդյունքում շուրջ 4700 ուսուցիչներ կունենան աշխատավարձի բարձրացում:

«Այս տարի ունեինք 6320 դիմորդ: Նրանցից 4324-ը կամ դիմորդների 68%-ը մասնակցել է կամավոր ատեստավորմանը, ընդ որում՝ այս տարի, ինչպես նախորդ տարի, կամավոր ատեստավորման գործընթացի մեկնարկը համընկավ մեր երկրի համար խիստ բարդ և անորոշ ժամանակահատվածի հետ, բայց, ի պատիվ մեր ուսուցիչների, նրանք եկան ատեստավորմանը՝ չնայած դժվարություններին: Նրանցից շատերը՝ 1855 ուսուցիչ (43%), կամավոր ատեստավորման արդյունքում հաղթահարել է 70%-ի շեմը: Եվս 1003 ուսուցիչ ցուցաբերել է 60-69% արդյունք: Նոր փոփոխությամբ՝ 60-69% հավաքած ուսուցիչները կունենան դրույքաչափի բարձրացում, ընդ որում՝ սա վերաբերում է նաև նախորդ տարիներին այս ցուցանիշը գրանցած անձանց: Այս տարվա կամավոր ատեստավորման և վերոնշյալ դրույքաչափի փոփոխության արդյունքում, ընդհանուր առմամբ, ավելի քան 3400 ուսուցիչ կունենա աշխատավարձի բարձրացում»:

Նախատեսվում է քոլեջների և ուսումնարանների դասախոսների ատեստավորման և տարակարգի ներդրում

ԿԳՄՍ նախարարը կարևորել է, որ շարունակվելու են հավելավճարի նոր ծրագրերը, որոնք ուղղված են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչներին (աշխատավարձի 25 տոկոս ավելացում) և գյուղական բնակավայրերի՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների դասավանդողներին: Այս ծրագրերի շահառուներից շուրջ 8200-ը բնագիտական առարկաների, իսկ շուրջ 4000-ը՝ գյուղական մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչներ են:

Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցվածության մեխանիզմն այս տարի առաջին անգամ կիրառվել է նաև նախադպրոցական կրթության ոլորտում, և արդեն կան նախադպրոցական ուսհաստատությունների՝ տարակարգ ունեցող աշխատակիցներ: 2024 թվականին այս գործընթացը ևս լինելու է շարունակական:

«Նոր ծրագրերով նախատեսվում է քոլեջների և ուսումնարանների դասախոսների ատեստավորման և տարակարգի ներդրումը, ինչի համար բյուջեում արդեն նախատեսված են միջոցներ: Այժմ մշակվում են կարգերը: Եկող տարվանից քոլեջների և ուսումնարանների դասախոսները ևս հնարավորություն կունենան իրենց վարձատրությունը բարձրացնել նմանատիպ մեխանիզմներով»,- ասել է նախարարը:

Շարունակվելու է նաև արտադպրոցական հաստատությունների՝ երաժշտական, արվեստի և մարզադպրոցների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը: Նախատեսվում է, որ 2024 թվականից այն կիրականացվի 35 առարկաների և մարզաձևերի համար: Նախարարն ընդգծել է, որ սա ևս շարունակական գործընթաց կլինի, և այստեղ ֆիքսված հավելավճարներ են գործում 60, 80 և 100 հազար դրամի չափով՝ հարկերը և տուրքերը հանած:

Գիտության ոլորտում ևս աշխատավարձերի բարձրացումը շարունակվում է

Նախարարի խոսքով՝ առաջին բարձրացումը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին: 2024 թվականին 2021-ի նկատմամբ աշխատավարձի գրանցված նվազագույն աճը կկազմի 78 տոկոս՝ լաբորանտի աշխատավարձի մասով: 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ կունենանք 267 տոկոս աշխատավարձի աճ, օրինակ, առաջատար գիտաշխատողի համար, որի աշխատավարձը կդառնա 420 հազար դրամ՝ 2021 թվականի 114 300 դրամի նկատմամբ:

Էականորեն աճ կա նաև գլխավոր գիտաշխատողի աշխատավարձում. 2024 թվականի հունվարից այն կդառնա 500 հազար դրամ, իսկ մինչև այս գործընթացը 138 100 դրամ էր: Նախարարը կարևորել է ատեստավորման նոր կարգը, որը շրջանառված է և ոլորտի որակական նոր փոփոխությունների կբերի:

Ամփոփելով ծրագրերի ներկայացումը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ գերատեսչության աշխատանքների զգալի մասը կազմելու են բովանդակային փոփոխությունները, մասնավորապես՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման և դրա հետ փոխկապված աշխատանքները, որոնց համար նույնպես նախատեսված են համապատասխան ուղղություններով ծախսեր:

«Մեր աշխատանքների կարևորագույն ուղղությունն է կազմում ոլորտների կառավարման արդյունավետությունն ու թվայնացումը, որի շրջանակում նույնպես բյուջեն ներառում է բազմաթիվ միջոցառումներ: Մասնավորապես, շարունակվում են հանրակրթության ոլորտում կառավարման նոր համակարգի ներդրման գործընթացը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը, ինչը դպրոցների առաջ նոր հնարավորություններ է բացելու»:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930