Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ուզում եք, որ մենք գնանք խաղաղության օրակարգի՞, թե՞ պատերազմի ուղղությամբ». Հակոբ Արշակյան

Նոյեմբեր 02,2023 18:01

«Հայաստանի նկատմամբ բոլոր ագրեսիվ գործողություններն իրենց արժանապատիվ պատասխանը ստացել են։ Հայաստանի զինված ուժերը ցանկացած ագրեսիայի պատրաստ են դիմակայել ու պատասխան տալ։ Այդպես եղել է եւ այդպես է լինելու»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Առավոտի» հարցին, թե ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական հրոսակախմբերը ինչո՞ւ հետ չեն շպրտվում ՀՀ տարածքից կամ չեն ոչնչացվում ու ձերբակալվում, Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Հիմա դուք ուզում եք, որ մենք գնանք խաղաղության օրակարգի՞ ուղղությամբ, թե՞ ուզում եք, որ գնանք պատերազմի ուղղությամբ»։ Հարցին՝ եթե օկուպացված են ՀՀ տարածքները, հնարավո՞ր է խաղաղություն ունենալ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ըստ իս՝ ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ հնարավոր է լուծել, եթե կողմերն ունեն բավարար պատրաստակամություն։ Եթե դուք ինձ հարցնում եք՝ արդյոք մեր թշնամին ունի՞ բավարար պատրաստակամություն, ես ասում եմ՝ քայլերը բավարար չեն եղել մինչեւ հիմա։ Եթե բավարար լինեին, ստորագրված կլիներ այդ փաստաթուղթը։ Եվ հույս եմ հայտնում, որ այդ քայլերը բավարար կլինեն առաջիկայում։ Մեր ընթացքը չի փոխվելու, մենք գնալու ենք այս ուղղությամբ»։

Մեր մյուս հարցին, թե ՀՀ իշխանությունն ունի՞ պլան Բ, եթե Ադրբեջանը խաղաղության չի գնում, Ադրբեջանի ներկայացուցիչները ՀՀ ամբողջ տարածքն անվանում են այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան», ի՞նչ պետք է անի ՀՀ իշխանությունը, Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Ցանկացած պետություն, երբ ագրեսիայի է ենթարկվում որեւէ այլ պետության կողմից, գործում է պաշտպանական համակարգը։ Կարծում եմ՝ պատասխանը շատ պարզ է՝ եթե Հայաստանի սուվերեն տարածքի վրա տեղի ունենա հարձակում, Հայաստանի զինված ուժերը համապատասխան կերպ սրան արձագանքելու են»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930