Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանին փող քիչ են տվել, բողոքում է. «Մենք այս տրամաբանությամբ ունենալու ենք ճգնաժամային կառավարման խնդիր»

Նոյեմբեր 02,2023 17:47

«Երեւան քաղաքը նախատեսում է սեփական եկամուտները էականորեն բարձրացնել 2024-ին: Այս տարի հավաքագրված 38 մլրդ 799 մլն դրամի փոխարեն կանխատեսում ենք, որ պետք է հավաքագրենք 45 մլրդ 259 մլն դրամ»,- այսօր 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պարզաբանելով, որ գույքահարկի հետ կապված վերանայում է արվել, ու եկամտի ավելացումը դրա արդյունքն է լինելու:

Նա նաեւ նշեց, որ Երեւանի դոտացիան նվազեցվում է մոտ 5 մլրդ դրամով: Էականորեն նվազեցվում են նաեւ սուբվենցիաները, որոնք նախկինում տրվում էին Երեւանին:

«Դոտացիայի տրամաբանության հետ Երեւան քաղաքը որեւէ խնդիր չի տեսնում, միանշանակ, դոտացիաները պետք է տրամադրվեն այն համայնքներին, որոնք Հայաստանի կենտրոնից հեռու են գտնվում: Բայց այս տրամաբանությամբ կստացվի, որ Երեւանը, ունենալով ՀՀ-ի տնտեսական պոտենցիալի 50-60%-ը, ունենալով բնակչության 40%-ից ավելին, ստանում է դոտացիաների ընդամենը 10%-ը: Կրճատվել է Կենդանաբանական այգու համար ֆինանսավորումը, թանգարանային ծառայությունների սուբվենցիաները, թատերական ներկայացումների ֆինանսավորումը, 234 մլն կրճատվել է պատվիրակված ծառայության ֆինանսավորումը, որը ճանապարհային երթեւեկության նշագծումներին է վերաբերվում»,-ասաց Երեւանի քաղաքապետը:

Ավինյանը, թվարկելով սա, հայտարարեց. «Հարգելի գործընկերներ, այս պարագայում, եթե մենք համեմատենք 2023-ի բյուջեի հետ, եթե չենք հաշվի առնում սեփական եկամուտների աճը, եթե մենք ֆունդամենտալ լուծում այս հարցում չգտնենք, անկեղծ եմ ասում, մենք որոշակի ճգնաժամային կառավարման մոդելի ենք անցնելու»:

Ավինյանն ընդունեց, որ տարիներ շարունակ Կենդանաբանական այգու, թատերական ներկայացումների համար ավանդույթի բերումով, առանց իրավական հիմքի գումարներ են տրամադրվել. «Մենք ունենում ենք ենթակառուցվածքների քայքայում ուղղակի եւ տեսաք, որ ունեցանք մի օր Մետրոպոլիտենի կանգ, այնտեղ աշխատանքներ էինք իրականացնում, փոխում էինք ակեր ու ռելսեր՝ կրկին ճգնաժամային  տրամաբանությամբ, որովհետեւ ենթակառուցվածքները Երեւան քաղաքում՝ սկսած Մետրոպոլիտենից մինչեւ կոյուղագծեր… օր չկա, որ կոյուղագիծ չտրաքի ու 1 մլն 200 հազար բնակչություն ունեցող քաղաքը պարզ է, որ այսպիսի խնդիրներ պետք է ունենա: Ինչքան թերֆինանսավորենք ծրագրերը, այնքան մեր խնդիրները ավելի ու ավելի կխորանան»:

Որպես լուծում՝ Ավինյանն առաջարկում էր Երեւան քաղաքում գործունեության հարկերից մասհանումներ տան. «Մենք այս տրամաբանությամբ ունենալու ենք ճգնաժամային կառավարման խնդիր, որովհետեւ, եթե կիրառում ենք միանգամից սուբվենցիայի վերացումը, որի հետ ես միանշանակ համաձայն եմ, իրավական հիմնավորում չկար, եթե մենք կիրառում ենք դոտացիայի վերացումը, որտեղ Երեւանը, լինելով մայրաքաղաք, ունենալով ամեն ինչ կենտրոնացվածությունը՝ ենթակառուցվածքների, մարդկանց, տնտեսության ու ստանում է ընդամենը 10%, խնդրում եմ ասեք, մենք էլ որտեղի՞ց հայթայթենք այդ գումարները, որ այդ խնդիրները լուծենք: Մենք առաջարկում ենք անցումային լուծում, որը շատ տրամաբանական եւ արդար լուծում է: Մենք ասում ենք՝ առնվազն այս փուլում տվեք այնքան, ինչքան տվել եք 2023-ին,մենք շարունակենք աշխատել, հետո միասին արդար բաշխման վերաբերյալ ունենանք քննարկում, տեսնենք՝ ֆունդամենտալ  լուծումը որն է»:

Ավինյանի խոսքով, հիմա տրանսպորտի ամբողջական տոմսային համակարգի ներդրման վրա են աշխատում, մյուս տարվանից այն կգործի ու նպատակ կա, որ տրանսպորտային ցանցը ամբողջությամբ լինի ինքնաբավ, որովհետեւ այն մեծ բեռ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930