Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառակորդի զորքերը ոնց եկել են, այդպես էլ պիտի դուրս գան» . Վայոց ձորի մարզպետ

Նոյեմբեր 02,2023 17:16

«Մարզում իրավիճակի որեւէ փոփոխություն չկա, հանգիստ իրավիճակ է։ Ադրբեջանական զորքերը որտեղ կային, այնտեղ տեղակայված են, ոչ առաջ են եկել, ոչ հետ են գնացել»,- Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

Հարցին, թե նախորդ տարվա սեպտեմբերյան հարձակման հետեւանքով ի վերջո որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Ջերմուկի հատվածում, մարզպետը պատասխանեց, որ հաշվարկները կան, դրանք ՊՆ-ն պետք է ներկայացնի։ Արարատ Գրիգորյանն ասաց, որ մոտ մեկ տարի է՝ որեւէ միջադեպ կամ կրակոց չի եղել Ջերմուկի հատվածում։

Վայոց ձորի մարզպետը նաեւ հավելեց, որ մարզից արտագաղթ չկա, բայց զբոսաշրջության ծավալները դժվարությամբ են վերականգնվում։ Նախորդ տարվա սեպտեմբերյան հարձակումից հետո կտրուկ նվազել է Ջերմուկ այցելող զբոսաշրջիկների թիվը։ «Տուրիստական ոլորտը լուրջ տուժել է, վերականգնվում է, բայց մեծածավալ ու շատ դժվար աշխատանք ենք իրականացնում։ Կարեւորը՝ տեսնում ենք, որ այդ աշխատանքն արդյունք տալիս է։ Այսինքն՝ այն հին իրավիճակը, որն ունեինք պատերազմից հետո, դրա համեմատ այսօրվա իրավիճակը լուրջ դրական առաջընթաց ունի։ Բայց այն, ինչ ունինք մինչեւ պատերազմը եւ հիմա՝ անհամեմատելի են։ Շատ տնտեսվարողներ արդեն հնարավորություն ունեն իրենց ծախսերը փակել, եկամուտներ ստանալ, որոշները՝ դեռ ոչ։ Մինչ պատերազմյան իրավիճակը այլ ծանրաբեռնվածություն էր, մենք Ջերմուկում ազատ հյուրանոցային համարներ չունեինք, հիմա արդեն ուրիշ է»,- նշեց նա։

Մարզպետը հավելեց, որ Ջերմուկի ճոպանուղու հետ կապված իրականացնում են վերականգնողական աշխատանքներ։ Ճոպանուղին այսօր չի գործում, բայց նախատեսվում է, որ շուտով գործելու է։

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում, թշնամու զորքերը ինչպե՞ս պետք է դուրս գան ՀՀ տարածքից, նա պատասխանեց. «Դժվար է այդ հարցին պատասխանել, հնարավոր է եւ խաղաղ ճանապարհով, եւ այլ ճանապարհներով։ Ոնց եկել են, այդպես էլ երեւի պիտի դուրս գան։ Կարելի է համաձայնագրով պայմանավորվել։ Պարտադիր չէ, որ պատերազմ լինի, եթե համաձայնագրի գանք, հետ գնան, շատ լավ կլինի»։

Արարատ Գրիգորյանը նաեւ հավելեց, որ Վայոց ձորի մարզում, բացի Ջերմուկի հատվածից, այլ բռնազավթված տարածքներ չկան։ «Ես հաստատում եմ այն, որ ես տեղյակ եմ՝ Վայոց Ձորի մարզում, բացի Ջերմուկից, այլ վայրերում պատերազմական գործողություններ չեն եղել։ Եվ եթե որեւէ վայրում պատերազմական գործողություններ չեն եղել, բնական է, փոփոխություններ չեն լինի»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930