Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող ենք ունենալ երկկողմ համաձայնագիր, որը բացառում է Միջազգային դատարանի որոշումների կիրառումը ՀՀ-ին ու ՌԴ-ին վերաբերող հարցերում». Հակոբ Արշակյան

Նոյեմբեր 02,2023 17:03

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին, թե Հռոմի ստատուտի վավերացումից առաջ Հայաստանը Ռուսաստանին ի՞նչ պայմանագիր է առաջարկել, եւ ինչո՞ւ այդ պայմանագիրը չստորագրվեց։

Հակոբ Արշակյանն ասաց, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, չեն վավերացրել ու չեն ստորագրել Հռոմի ստատուտը։ «Նրանք նախաձեռնել էին գործընթաց, օրինակ, ԱՄՆ-ն, որ երկկողմ ձեւաչափով ստորագրվում է միջպետական համաձայնագիր, որ իրենց վերաբերող հարցերում նրանք չեն օգտագործում այդ հարթակը, այսինքն՝ չեն համարում իրավազոր։ Նման մեխանիզմ գոյություն ունի, եւ հաշվի առնելով այն խնդիրը՝ կալանավորման օրդերը,
որը ՌԴ նախագահի մասով ի հայտ է եկել ՀՀ կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացն սկսելուց հետո, ՀՀ արտգործնախարարության խողովակով Ռուսաստանին առաջարկ է եղել, որ երկկողմ այդ համաձայնագիրը, որը, օրինակ, ԱՄՆ հետ Հայաստանը կնքել է, կնքվի նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ։ Եվ մենք համարում ենք, որ դա նորմալ գործընթաց է»,- ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ դա ենթադրում էր, որ ՌԴ նախագահի վերաբերյալ այդ վճիռները իրավազորության ճանաչման խնդիր կունենան Ռուսաստանի եւ Հայաստանի կողմից, այսինքն՝ երկու երկրների ներքին հարաբերությունների վրա դա չի ազդի։ «Այսինքն՝ իրավական առումով մենք կարող ենք ունենալ երկկողմ համաձայնագիր, որը բացառում է Միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում»,- ասաց Արշակյանը։ Ըստ նրա՝ դա երկու երկրների միջեւ միջպետական համաձայնագիր է կոչվում։

«Մենք դրան արձագանք չենք ստացել, բայց դեռ կա ժամանակ։ Եվ ես հույս ունեմ, որ պրոգրես կլինի այս ուղղությամբ։ Ես չեմ կարող բացատրել Ռուսաստանի դիրքորոշումը, կխնդրեմ իրենց ուղղել այդ հարցերը»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930