Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Պետք է կարողանանք մեր գործողություններն այնպես պլանավորել, որ եթե նույնիսկ դիմացինը մտածի՝ եկեք Հայաստանը արհամարհենք, լավ հասկանա, որ դա չի կարող անել»

Նոյեմբեր 02,2023 16:45

«Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը տագնապի կարմիր աստիճանի ազդանշան տվեց, որ մեծ է առաջիկա օրերին կամ շաբաթներին Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժելու վտանգը: Այս առումով չափազանց  կարեւորվում է  հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարը, մանավանդ, Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն ուղերձների ֆոնի վրա, թե Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը որոշ իմաստով կասկածելի է, եւ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը վերանայման անհրաժեշտություն ունի՝ պայմանավորված Արցախի շրջափակման եւ հայաթափման նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքով»:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանն այս առիթով Մեդիա կենտրոնում ասաց.  «Եթե ցանկանում ես, որ որեւէ անձ կամ երկիր քեզ որեւէ ձեւ վերաբերվի, ինքդ ես ամբողջովին կրում պատասխանատվությունը, թե ինչ արդյունքի կհասնես: Եթե մարդուն արհամարես, ուշ թե շուտ դու էլ կարհամարվես, եթե սիրես, եւ ինքը երկար տարիներ զգա, գուցե ինքն էլ կփոխի վերաբերմունքը: Նույնը միջազգային հարաբերություններում է: Ցանկացած երկրի հարաբերությունները Հայաստանի հետ պայմանավորված են այդ երկրի շահերով: Շահերը համընկել են, որ Հայաստանի հետ լինեն դաշնակի՞ց՝ ստորագրվել են պայմանագրեր, եղել է հատուկ վարքագիծ եւ այլն: Այն րոպեին, երբ շահերն այլեւս չեն համընկնում, դրսեւորվել է համապատասխան վարքագիծ:

ԱՄն պետքարտուղարությունն ասում է, որ եթե Հայաստանի տարածքային ամբողջականությունը որեւէ մեկը խախտի, դա ունենալու է հետեւանքներ: Աշխարհի ամենահզոր երկիրը, որի արբանյակները երեւի Հայաստանի վերեւում կախված են, ոնց-որ շատ լավ գիտի, որ արդեն այսօրվա դրությամբ խախտվել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, օկուպացված է: Հիմա իրենք կարո՞ղ են ասել, թե Ադրբեջանը որքան իքս տարածք պետք է օկուպացնի, որ հետո այդ հետեւանքները լինեն: Թե՞ դրանք միայն խոսքեր են: Ես սա ասում եմ երեւույթները ճիշտ գնահատելու համար:

Ի՞նչն է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում, որ նեղվում ենք, դուրներս չի գալիս: Գործընթացները մեր աչքի առջեւ էին: Հարցազրույցներում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ռուսական  ռազմաբազայի գտնվելը Հայաստանում մեծ վտանգ է, եթե մենք Ռուսաստանի հետ անենք զինավարժություններ, Ադրբեջանը դա ընկալելու է որպես սպառնալիք, մենք հիմա հրավիրելու ենք ԵՄ դիտորդներին: Ձեզ ի՞նչ է թվում, այդքան բաներ ասելուց հետո մյուս կողմը ի՞նչ է լսում:

Պետք է հիշեք մի բան. ինչ ասում եք,  երբեւէ չի նշանակում, թե դիմացինը հենց դա է լսել: Յուրաքանչյուրն իր ձեւով է լսելու եւ հասկանալու է այն, ինչ իրեն պետք է: Եթե ես ցանկանում եմ, որ մարդիկ լսեն այն, ինչ ես եմ ասում, դրա պատասխանատվությունը ինքս եմ կրում: Պետք է գտնեմ ճիշտ բառապաշար, ճիշտ  վարքագիծ, ճիշտ գործողություններ, որ դիմացինները հասկանան այնպես,  ինչպես ինձ է պետք: Նույնը միջազգային հարաբերություններում է: Գործողությունները, բոլոր հայտարարությունները պետք է այնպիսին լինեն, որ դիմացինը հասնի դրան: Եվ եթե դա չես անում, ուրիշին մի մեղադրիր: Նույնը վերաբերում է Ռուսաստանին, որի հայտարարությունները եւ գործողությունները ունենում են հետեւանք այս կողմի վրա: Հիմա՝ ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունները: Ոչ բավարար, շատ բացասական ընկալումների մեջ: Հայաստանում հակառուսականության աստիճանն է բարձրանում, Ռուսաստանում՝ հակահայկականությունը, եւ Հայաստանին որպես ոչ լուրջ երեւույթ ընկալելն է մեծանում:

Միջազգային հարաբերություններում մեկ այլ շատ կարեւոր երեւույթ կա. ուժեղի մոտ թույլն է մեղավոր: Ո՞նց ենք պատկերացնում. մենք՝ թույլ լինելով, կարո՞ղ ենք ստիպել, որ մեզ հետ խոսեն, շփվեն, ընկերություն անեն, մեր երկրի հետ ինչ-որ ծրագրեր պլանավորեն: Այստեղ նույնպես խնդիրն այն է, որ արմատը գտնվում է մեր մեջ, ոչ թե ուրիշ դաշտերում: Մենք պետք է կարողանանք մեր գործողություններն այնպես պլանավորել, որ եթե նույնիսկ դիմացինը մտածի, թե՝ եկեք Հայաստանն արհամարհենք, լավ հասկանա, որ դա չի կարող անել եւ ստիպված լինի Հայաստանի հետ հաշվի նստել»,-ասաց Թեւան Պողոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930