«Կառավարության քայլերն ուղղված են նրան, որ հետաձգված համերգն իրականացվի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Սնուփ Դոգին համերգի վերաբերյալ հարցին։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը երեկ հայտարարել էր, որ ամեն ինչ արվում է, որպեսզի այդ համերգը կայանա։ «Առավոտը» ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվեց, թե այն պայմաններում, երբ Հայաստանի դեմ նոր պատերազմի վտանգ կա, իսկ Արցախի բնակչության նկատմամբ ցեղասպանական գործողություններից մեկ ամիս է անցել ընդամենը, Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար տրամադրություն ունի՞։ «Ինչպես գիտեք՝ կառավարությունը շնչավոր անձ չէ եւ չի կարող տրամադրություն ունենալ կամ չունենալ։ Կառավարությունը գործադիր մարմին է, որը տրամադրություններից զուրկ է ի սկզբանե։ Դուք կարծում եք, որ պարտադիր է նախարարը տրամադրությո՞ւն ունենա համերգի գնալու համար։ Եթե այդպես լիներ, դժվարանում եմ պատկերացնել մի մարդու, որը շաբաթական մի քանի անգամ մշակութային միջոցառումների եւ սպորտային միջոցառումների մասնակցության տրամադրություն կունենա։ Դա աշխատանք է, որը պետք է անել»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ կա սկսված գործընթաց, որը հետեւյալն է՝ կառավարությունը նպատակահարմար էր համարել կազմակերպել այդ համերգը։ «Այնուհետեւ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, համերգը հետաձգվել է։ Հետաձգված համերգի հետ կապված հաջորդ քայլը, որը պետք է անել, այդ համերգը կազմակերպելն է նոր ժամկետում։ Քանի որ այդ ծրագիրն արդեն նպատակահարմար է գտնվել, եւ ընդամենն այս պահին խոսում ենք ժամանակային տեղափոխման մասին, ապա հիմա կառավարության քայլերն ուղղված են նրան, որ հետաձգված համերգն իրականացվի»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ