Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ խախտում թե՛ վարչապետի ելույթի մեջ, թե՛ ներկա քաղաքապետի ելույթի մեջ, որն այն ժամանակ թեկնածու էր, մենք չենք արձանագրել». Տիգրան Հակոբյան

Նոյեմբեր 02,2023 15:48

Այսօր 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը հարց ուղղեց ընտրությունների քարոզարշավի ժամանակ հեռուստաընկերությունների՝ հավասար պայմաններ չապահովելու հետ կապված. «Հանրայինը հյուրընկալել է բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք նաեւ կուսակցություններից մեկի ներկայացուցիչն են եղել, ինչ-որ պահի խոսել են քարոզարշավից, եւ դա անհավասար պայմաններ է ստեղծել: Ի՞նչ կարգավորումներ կան, խախտումներ արձանագրե՞լ եք»:

Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ մի քաղաքական ուժ ավելի «խելացի գլուխներ» ունի, ավելի խոսացողներ, ավելի ակտիվ է, ավելի կրեատիվ է, մյուսը գրեթե չի մասնակցում քարոզարշավին, հետեւաբար հեռուստաընկերությունները, նույնիսկ, եթե շատ ուզենան, չեն կարողանա ապահովել մեխանիկական հավասարությունը: Նա նշեց, որ «Ապրելու երկրից» նման բողոք ստացել են ու պատասխանել են նամակին. «Բավարարված են եղել պատասխանով: Որեւէ խախտում ո՛չ «Ընտրական օրենսգրքի», ո՛չ մեր մեթոդաբանության, ո՛չ «Տեսալսողական մեդիայի» օրենքի, ձեր ասած՝ ե՛ւ վարչապետի ելույթի մեջ, ե՛ւ ներկա քաղաքապետի ելույթի մեջ, որն այն ժամանակ թեկնածու էր, մենք չենք արձանագրել»:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանն էլ վստահեցրեց, որ որեւէ խախտում իրենք թույլ չեն տվել ու դրա հետ կապված բողոք էլ չեն ստացել:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն էլ պատասխանեց, որ ընտրություններին հեռուստաընկերությունների վրա պարտավորություններ են դրվում, որոնց համար նախատեսված չեն ֆինանսական միջոցներ, օրինակ, պահանջ կա, որ պետք է անեն դեբատներ, բայց ոչ մեկը չի հարցնում՝ իսկ այդ դեբատների համար միջոցներ կա՞ն հեռուստաընկերության համար նախատեսված:

Տիգրան Հակոբյանը Հանրային հեռուստաընկերության՝ ՌԴ-ում հեռարձակվելու հետ կապված ասել էր, որ ռուսական կողմը պայմանագրով հայկական կողմին մոլորեցրել է: Հովհաննես Մովսիսյանը պարզաբանեց. «Հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրի կնքումից հետո այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել են, սակայն պարզվել է, որ ունիվերսալ լիցենզիա չկա, ու նման օրենսդրություն նախատեսված չէ ՌԴ–ում, որից հետո քայլերը դադարեցվել են: Բացի դրանից մեկ այլ խնդիր էլ կա՝ այնտեղ հեռարձակումն արժի որոշակի գումար, որը Հանրային հեռուստաընկերության բյուջեում նախատեսված չէ։ Միջկառավարական համաձայնագիրը կնքելուց հետո, երբ Հանրայինը ստացավ այդ հնարավորությունը, եթե, ենթադրենք, այդ ունիվերսալ լիցենզիայի հարցն էլ լուծվեց, Հանրայինը բյուջետային միջոցներ չունի որեւէ տողում, որպեսզի հատկացնի այնտեղ հեռարձակմանը: Մոտավորապես ամսական 25 հազար դոլարի մասին էր խոսքը, երբ մենք ուսումնասիրում էինք, թե որ ցանցում ենք ուզում հեռարձակվել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930