Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի (ՖԿՊԻ) գիտաշխատողները պարզել են, որ հակակարկտային ակուստիկ «հրանոթների» արձակած հարվածող ալիքի տարածումը մթնոլորտում ուղեկցվում է ≈1 կՀց հաճախությամբ ակուստիկ և ≈5 կՀց հաճախությամբ էլեկտրամագնիսական ալիքների առաքմամբ, և որ դրանց մակածման պատճառը հարվածող ալիքին ուղեկցող մրրկային հոսքերի առաջացումն է։
Ուղղորդված և ուժեղ հարվածող ալիքի տարածումը մթնոլորտում կարող է ուղեկցվել ոչ միայն չափազանց ցածր, այլ նաև մի քանի ՄՀց հաճախություններով էլեկտրամագնիսական ալիքների առաքմամբ: ՄՀց-ային ճառագայթումը պայմանավորված է ուղղորդված հարվածող ալիքի ազդեցությամբ առաջացած պլազմայի էլեկտրոնների վրա Երկրի մագնիսական դաշտի ազդեցությամբ։
«Կատարված հետազոտությունների ընթացքում ստացված արդյունքները կարող են օգտագործվել մթնոլորտում հարվածող ալիքներ մակածող օբյեկտների՝ գերձայնային արագությամբ շարժվող մարմինների հայտնաբերման և տեղորոշման նպատակներով», – ասաց ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի գիտքարտուղար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հրանտ Խաչատրյանը։
Հետազոտության արդյունքները տպագրվել են «Acoustical Physics», «Chinese Physics Letters» և «Journal of Contemporary Physics» (Armenian Academy of Sciences) գիտական հանդեսներում: Ստացված արդյունքները զեկուցվել և ակտիվորեն քննարկվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներում, ինչպիսիք են Իսպանիայի «31st International Conference on Phenomena in Ionized Gases», Իտալիայի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի «Charged & Neutral Particles Channeling Phenomena» և ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի կողմից «Electron, Positron, Neutron and X–ray Scattering under External Influences» պարբերական կազմակերպվող միջազգային գիտաժողովները։
Կարդացեք նաև
Հետազոտություններն իրականացվել են բազային ֆինանսավորմամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված «Գերձայնային, պտուտակավոր թռչող օբյեկտներից և հզոր հարվածող ալիքներից առաջացող գերցածր հաճախային էլեկտրամագնիսական և ակուստիկ ալիքների բազմասարք՝ ընդունիչ-ուժեղացուցիչ անալիզատոր, գրանցման համակարգեր» թեմայի շրջանակներում (ղեկավար՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, N4 լաբորատորիայի վարիչ՝ Արթուր Արամյան)։
Լուսանկարում՝ Հարվածող ալիքի մակածած ալիքների հաճախաժամանակային բաշխումները (աջից՝ ակուստիկ, ձախից՝ էլեկտրամագնիսական)
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին