Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնքանով, ինչքանով կարող ենք տեսնել կամ ենթադրել, դա լավ բանի չի տանում». Մետաքսե Հակոբյանը՝ արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

Նոյեմբեր 02,2023 14:55

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի համար քաղաքական առումով ընկալելի չէ արցախցիներին ՀՀ քաղաքացիություն տալու հարցը:

«Որովհետեւ մենք նաեւ քաղաքական առումով չգիտենք այս իշխանությունների ճանապարհային քարտեզը, ի՞նչ մտադրություն ունեն: Այնքանով, ինչքանով մենք կարող ենք տեսնել կամ ենթադրել, դա լավ բանի չի տանում: Ինչ ձեւ բացատրում են, ընկալելի չէ: Իրենց պարզաբանումներն ընդհանրապես քաղաքական բնույթի չեն, սոցիալական բնույթի են, իբրեւ թե ՀՀ օրենսդրությամբ հնարավորություն չունեն կենսաթոշակառուներին թոշակ վճարել: Այդ պատճառով կա՛մ փախստականի ժամանակավոր վկայական պետք է վերցնենք, կա՛մ անձնագիր փոխենք: Ցանկացած գործողություն կատարելու համար ՀՀ տարածքում արցախցիները պետք է ունենան այդ երկու փաստաթղթից որեւէ մեկը, հակառակ դեպքում մենք այստեղ անդեմ, անանուն ինչ-որ մարդիկ ենք»,- Aravot.am-ին ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասյօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ «արդեն իսկ բավականին մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով»:

Մետաքսե Հակոբյանը  տեղեկություն չունի վարչապետի նկարագրած հոսքի մասին, ասաց՝ իր շրջապատում չկան մարդիկ, որոնք դիմում են, որովհետեւ արցախցիներն արդեն ունեին ՀՀ անձնագիր. «Հարցերը մարդկանց մոտ հետեւյալն են՝ բա մենք 30 տարի ո՞վ էինք՝ հասկանալով, որ մենք Արցախի Հանրապետության քաղաքացի ենք, բայց ունենք ՀՀ քաղաքացիություն պաշտպանված լինելու նպատակով: Այսինքն՝ ՀՀ-ն Արցախի Հանրապետության բնակիչներին տվել էր ՀՀ քաղաքացու անձնագիր, որ պաշտպաներ: Դա ամբողջ աշխարհն ընկալել է, ընդունել է, մենք, ի վերջո, դրանով ճամփորդել ենք, տարբեր գործարքներ ենք արել, որեւէ խնդիր չի եղել: Սրանք եւս Նիկոլ Փաշինյանի զրոյական կետի հետեւանքներն են: Այսինքն՝ իր մոտ այդ գործընթացը չի ավարտվել, շատ լավ գիտի, որ Արցախի տարածքը հանձնելով թշնամուն՝  էլի չփակվեց Արցախի հարցը: Արցախի հարցը չի փակվել, քանի դեռ կա Արցախի կապիտալը՝ ժողովուրդը, մշակույթը, արժեհամակարգը: Հետեւաբար, պետք է դա էլ վերացնեն, որ Արցախի հարցը ընդհանրապես վերացնեն: Այն, որ միջազգային հարթակներում Արցախի իրավական հարց բարձրացնելու նպատակ չունեն, դա արդեն երեւում է, բայց իրենք նաեւ այդ հնարավորությունից մեզ ու մեր սերունդներին են փորձում զրկել՝ փոշիացնելով Արցախի կապիտաը, լղոզելով, վերացնելով այդ կապիտալը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930