ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր դրոշի ահազանգ է հայտարարել Հայաստանի Հանրապետության համար՝ կապված առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման հնարավորության հետ։
Արշակյանն ասաց, որ խորհուրդ է տալիս հետեւել Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններին։ «Այս պահին, իմ տեղեկություններով, կուտակումներ չկան Հայաստանի շուրջը։ Այնուամենայնիվ, արդյոք սպառնալիքներ կա”ն, թե՞ ոչ, պետք է արձանագրել որոշակի դրական տեղաշարժեր՝ վերջին շրջանում Հայաստանի տարածքային ամբողջականության շուրջ հեռետորաբանության փոփոխության տեսանկյունից։ Իհարկե, ողջունելի է, որ հռետորաբանության որոշակի փոփոխություն կա։ Սա է իրավիճակը, պետք է խնդրեմ, որ հետեւեք պաշտոնական լրատվությանը, մանավանդ զորքերի տեղաշարժի ու կուտակումների վերաբերյալ՝ ՊՆ հաղորդագրություններին»,- ասաց նա։
Հակոբ Արշակյանը հավելեց, որ իրավիճակի ամբողջական գնահատական է տալիս այս պահի դրությամբ։ «Ասել, որ ամեն ինչ հրաշալի է եւ որեւէ վտանգ չկա, ես նման բան չասացի։ Ես ասացի, որ այս պահին ինձ հայտնի չէ նման փաստ, որ Հայաստանի սահմանների շուրջ կա զորքերի կուտակում։ Պետք է նաեւ հաշվի առնել, որ բոլորովին վերջերս ադրբեջանա-թուրքական զորավարժություններ էին տեղի ունենում։ Այսինքն՝ տարածաշրջանի ընդհանուր լարվածությունը մեծ հաշվով կա»,- հավելեց նա։
Անդրադառնալով հարցին, որ Ալիեւը հրաժարվել է մասնակցել վերջին հանդիպումներին, գուցե դա՞ է միջազգային կառույցներին նման հայտարարություններ անելու առիթ տալիս, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ, իհարկե, դրական ազդակ չէ Ալիեւի՝ Գրանադայի հանդիպմանը չմասնակցելը։ Ըստ նրա՝ Եվրոպայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւերն ու հայտարարությունները նաեւ միտված են նրան, որ որոշակի ճնշում գործադրեն Ալիեւի վրա։
Կարդացեք նաև
Արշակյանն ասաց, որ սեղանի շուրջ խոսակցությունների ժամանակ տարածքային ամբողջականության ճանաչման ընկալումը կա։ Խոսքը վերաբերում է այդ ընկալման դե յուրե ամրագրման եւ որոշակի փաստաթղթի ստորագրմանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երեք սկզբունքները համաձայնեցված են։ Հարցին՝ եթե համաձայնեցված են, ինչո՞ւ է Ալիեւը հրաժարվում հանդիպումից, ինչի՞ց է Հայաստանի իշխանությունը եզրակացրել, որ սկզբունքները համաձայնեցված են, Արշակյանը պատասխանեց. «Այդ հայտարարությունները հիմնված են հենց քննարկումների վրա։ Այսինքն՝ Շառլ Միշելի մասնակցությամբ այդ քննարկմանը հետեւեց Շառլ Միշելի հայտարարությունը։ Ըստ էության դա է պատճառը, որ այդ ընկալման ու սկզբունքների համաձայնեցման մասին մենք բարձրաձայնում ենք։ Այլ բան է, որ դե յուրե ֆիքսվելու հետ կապված ես ենթադրում եմ, որ որոշակի ընթացակարգային եւ այլ պատճառներ կան, որոնց մասին չեմ ցանկանում բարձրաձայնել։ Եթե դուք Շառլ Միշելի հայտարարությունը տեսնեք հանդիպումից հետո, որին նաեւ Ալիեւն էր մասնակցում, այդ հայտարարության մեջ այս բոլոր սկզբունքները կան՝ թե թվերով ամրագրված տարածքային ամբողջականության հարցը, թե ուժի կիրառման բացառման հարցը»։
Անդրառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանը թվերով չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ այդ թվերը բերված են Սովետական վերջին հանրագիտարանի համապատասխան հատվածից։ «Հիմա թե մի քանի կիլոմետր քառակուսիով կփոխվեն այդ թվերը, թե չեն փոփոխվի, դրանք դեմարկացիայի-դելիմիտացիայի գործընթացում կերեւան։ ԽՍՀՄ ռազմական քարտեզներով կարող են փոքրիկ փոփոխություններ լինել, բայց էությունը չի փոխվի»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, որ ռուսական կողմը հայտարարում է, թե միայն իրենց մոտ են այդ քարտեզները, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ քարտեզների բնօրինակը մեկն է, բայց Հայաստանն ունի դրանց ծանոթանալու հնարավորություն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ