Այսօր 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ դասագրքերին՝ ասելով, որ մրցութային գործընթացի արդյունքում դասագրքերի վարձավճարները իջել են. «2-րդ դասարանում 1 դասագրքի տպագրության համար վերջին տարիներին միջինում ծախսել ենք 1044 դրամ, այս տարվա արդյունքով մենք մեկ դասագրքի ստեղծման, տպագրության, փորձաքննության վրա բոլորը միասին ծախսել ենք շուրջ 741,7 դրամ»:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հայտարարեց, թե դասագրքերի շուրջ աղմուկի պատճառը փաստորեն այն էր, որ որոշ մարդկանց գրպանին ենք ուղիղ խփել: Անդրեասյանն ասաց. «Պետության վրա միայն 2-րդ դասարանի դասագրքերի մասով նախահաշվի մասով ունեցել ենք շուրձ 41% խնայողություն՝ դեռ հաշվի առնելով, որ գործընթացը առաջին անգամ է իրականացվում եւ բարելավումների կարիք ունի»:
Խոսելով դասագրքերի բովանդակության մասին՝ Անդրեասյանն ասաց, որ ուզում էին նոր չափորոշիչներով նոր դասագրքեր մշակել, բայց տասնյակ տարիներ մեզ մոտ ոչ ոք նոր դասագիրք չի գրել. «Որպեսզի ունենայինք որակյալ նոր դասագիրք, պետք է լիներ լուրջ նախապատրաստական աշխատանք: Միանգամից ստանալ բոլորիս բավարարող որակ՝ ուտոպիստական ակնկալիք կարող էր լիներ: Մենք տեսնում ենք այն բարելավումների տեղերը, որ կան բովանդակության մասում: Մենք ասել ենք, որ այս տարի ունենալու ենք դասագրքերի փորձարկման տարի, ուսուցիչները պետք է դա օգտագործեն, երեխաները պիտի օգտվեն այդ դասագրքերից, որպեսզի տեսնենք ինչը կարիք կա փոխելու, երկրորդ կիսամյակում մենք կանենք այդ փոփոխությունները»:
ՔՊ պատգամավոր Էդգար Հակոբյանն ասաց, թե այսքան աշխատանք է կատարվում՝ նոր դպրոցներ, մանկապարտեզներ, մարզադպրոցներ են կառուցվում, բայց մեկ էլ լրատվականներով կարող է տեսնենք նոր տպագրված դասագրքերում ինչ-որ բառեր կամ ինչ-որ նախադասություներ. «Կառչում են ինչ-որ բաներից: Կարող են լինել մարդիկ, որ այդ բարեփոխումների արդյունքում իրենց բիզնեսը տրորվի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ